Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Գրանցվեք այստեղ, որպեսզի ստանաք թեժ էկոլոգիական տեղեկատվութուն

Ձեր անունը:
E-mail:

ԹԵԺ ԳԻԾԼեռնահանքային արդյունաբերություն

ՀԱՆՔԱԳՈՐԾ. «ԱՐՃԻՃՆ ՈՒ ՈՒՐԱՆԸ ԻՐԱՐ ԿՈՂՔ ԵՆ»

MINER: TIN AND URANIUM NEXT TO EACH OTHER
Ապրիլ 22, 2011

ԷկոԼուր

Ապրիլի 9-ին «ԷկոԼուր»-ի աշխատանքային խումբը Վայոց Ձորում էր: Մարզի Գնդեվազ գյուղի բնակիչները «ԷկոԼուր»-ին պատմեցին, որ մարզում ուրան կա: «Ուրան շատ կա: Որոտան-Արփա թունելի մոտ յոթ ամիս աշխատեցի, հանքափոր էի, էնտեղ կար ճառագայթում, ուղղակի իրենք չէին ուզում ասեին»,- «ԷկոԼուր»-ին պատմեց Վայոց Ձորի մարզի Գնդեվազ գյուղի բնակիչը: Խոսքը մի հանքի մասին է, որ գտնվում է Ալուլսարի կողքին եւ որտեղ, բնակիչների խոսքերով մեծ քանակությամբ արճիճ (կապար) կա: Բնակիչը պատմեց, որ  հանքը շահագործվել է անցյալ ամառ, այս ձմռանն աշխատանքները դադարել են եւ հնարավոր է, որ կրկին վերսկսեն:  «Հանքում մի 7-8 տեսակի հումք կար, բայց հիմնականում արճիճ էր: Ոչինչ չիմանալով գնացինք աշխատելու, բայց հին աշխատողներն ասում էին, որ այդտեղ ուրան կա, որ արճիճն ու ուրանը իրար կողք են: Իրենք ասում էին, որ մի երկու տարի աշխատես, քո վրա կզգաս»,- ասաց հանքափորը: Թե ինչ ընկերություն էր հանքը շահագործում, ոչ ոք չգիտեր, գիտեին միայն, որ «երեւանցիներ են»: «Մենք շեֆին չենք էլ տեսել: Աշխատանքային պայմանագիր ենք կնքել, բայց իրենց ասած գումարը չեն տվել: Մեզ օրեկան 15 հազար էին ասում, բայց  5-6 հազար էին տալիս»,- պատմում էին գնդեվազցիները:

Հանքագործից ստացած տեղեկատվության հաստատումը մենք ստացանք գիտական աղբյուրներից: Ռուսական «Горный журнал» գիտական հանդեսի  2007թ. 6 համարում տպագրված է Հ. Պ. Ալոյանի «Հայաստանի ռադիոակտիվ հումքի ռեսուրսային պոտենցիալը եւ նրա յուրացման հեռանկարները» հոդվածը, որտեղ մասնավորապես ասված է. «Համաձայն հայ եւ ռուս մասնագետների տվյալների` հանրապետությունում հայտնաբերվել են ուրանի 34 հանքավայրեր եւ երեւակումներ (եւ մասնակիորեն թորիում): Կանխատեսվող ռեսուրսները Փխրուտի հանքավայրում կազմում են մոտ 20 հազար տոննա` ուրանի 0,2% միջին պարունակությամբ: Ուրանի միջին պարունակությունը Անդիի հանքավայրում կազմում է 0,34%, կանխատեսումային ռեսուրսները կազմում են 5-10 հազար տոննա: Ամուլսարի երեւակումների  5 տարածքներում  մոտավորապես հաշվվել է 76 տոննա ուրան, իսկ հաշվի առնելով ուրանի առկայությունը թորիումի տարածքում` նրա պաշարները կարող են գնահատվել մինչեւ 100 տոննա: Վայքում ուրանի երեւակումների կանխատեսվող ռեսուրսները գնահատվում են 20-30 հազար տոննա: Վեդու երեւակումների խումբը, ըստ կանխատեսումների, պարունակում են 10-15 հազար տոննա ուրան: Ուրանի Անտառային երեւակման կանխատեսվող ռեսուրսները գնահատվում են 30-40 հազար տոննա»:

Հանքագործի` հարցազրույցում նշած հանքավայրը գտնվում է Ամուլսարի մոտակայքում, այսինքն` այնտեղ, որտեղ կան ուրանի եւ թորիումի երեւակումներ:

Այդպիսով, ընկերությունը կարող է մտնել ուրանի երեւակումների տարածքներ եւ այդ մասին ոչինչ չիմանալ, քանի որ Հայաստանում ռադիոակտիվ հումքի ուսումնասիրության, հետախուզման եւ արդյունահանման մենաշնորհային իրավունքը տրված է «Հայ-ռուսական լեռնահանքային կազմակերպություն» ՓԲԸ-ին: Տեղեկատվության բացակայությունը ռիսկեր է ստեղծում հանքերում աշխատող մարդկանց համար, ովքեր, հնարավոր է, բախվում են ուրանի երեւակումների հետ:

«ԷկոԼուր»-ը հարցումով դիմել է ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանին, որում մասնավորապես ասված է. «Հաշվի առնելով, որ ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը լիազոր մարմին է ընդերքօգտագործման  բնագավառում, խնդրում ենք ՄԱԿ-ի ԵՏՀ  «Շրջակա միջավայրի հարցերի առնչությամբ տեղեկատվության հասանելության, որոշումներ ընդունելու գործընթացին հասարակայնության մասնակցության եվ արդարադատության մատչելիության մասին» կոնվենցիայի համաձայն տեղեկացնել`

•    ի՞նչ հանքավայր է դա
•    երբվանի՞ց է շահագործվում
•   արդյոք այդ հանքավայրում եւ Ամուլսարում անցկացվե՞լ են  ռադիոակտիվ ֆոնի ուսումնասիություններ եւ ինչպիսի՞ արդյունքեր են ստացվել
•     արդյոք կոնցենսիոն պայմանագրի տրամադրման ժամանակ եղել է բնապահպանական պետական փորձաքննության դրական եզրակացությունը»:



Առնչվող նյութեր