ԷկոԼուր
Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը հետեւյալ առաջարկություններն արեց «Գեոթիմ» ընկերությանը, որը ներկայացրել է Ամուլսարի ոսկու հանքավայրի բաց եղանակով շահագործման նախագիծը`
- սահմանված կարգով ՀՀ բնապահպանության նախարարություն` շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության ներկայացնել հանքի փակման ծրագիրը
- հանքի շահագործման ընթացքում շրջակա տարածքներում կազմակերպել`
- Սևանա լճի ջրհավաք ավազանի ջրի որակի մոնիտորինգ
- շրջակա միջավայրի ճառագայթային մոնիտորինգ - հանքային իրավունքով ծանրաբեռնված տարածքում ՀՀ Կարմիր գրքում գրանցված բույսերի և կենդանիների առկայության կամ հայտնաբերման դեպքում առաջնորդվել Ընդերքի մասին ՀՀ օրենսգրքի 26 հոդվածով
- ոսկու կորզման գործարանի տեղադրման հարցում առաջնորդվել «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքով ամրագրված պահանջներով
- հաշվի առնելով նախատեսվող գործունեության կարևորությունը՝ կապված Սևանա լճի պահպանության, Ջերմուկ առողջարանային քաղաքի, ՀՀ Կարմիր գրքում գրանցված կենդանիների և բույսերի, ինչպես նաև տնտեսական վնասի հաշվարկների հետ և կարևորելով միջազգային առաջավոր փորձի օգտագործումը, առաջարկել «Գեոթիմ» ՓԲԸ-ին՝ իրականացնել հանքավայրի ընդլայնման նախագծի միջազգային բնապահպանական փորձաքննություն՝ ՀՀ բնապահպանության նախարարության հետ նախօրոք համաձայնեցնելով փորձաքննություն իրականացնող կազմակերպության ընտրությունը:
Այս առաջարկությունները հնչեցվեցին հուլիսի 30-ին` Ամուլսարի նախագծի հասարակական լսումների ժամանակ:
Հիշեցնենք, որ դեռ ապրիլի 18-ին Արամ Հարությունյանը հանձնարարեց Ամուլսարի նախագիծն ուղարկել Սեւանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողով` եզրակացության համար, հասարակական լսումներ անցկացնել Ջերմուկ առողջարանային քաղաքում, որի բնակչությունը հանդես եկավ հայտարարությամբ, որով պահանջում էին իրենց քաղաքը ճանաչել Ամուլսարի նախագծի ազդեցության գոտի:
Չնայած նրան, որ Ջերմուկում անցկացվել է նախագծի քննարկում, սակայն հասարակական լսումներ, որոնց կարգավիճակը սահմանված են «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքով, Ջերմուկում չեն անցկացվել: Իրավաբան Արթուր Գրիգորյանի հարցին` արդյոք Ջերմուկը պաշտոնապես ճանաչվել ազդեցության գոտի, թե ոչ, նախարարը հաստատեց, որ չի ճանաչվել:
Սեւանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովը, մեր տվյալներով, նախագծին բացասական եզրակացություն է տվել: Չնայած հասարակայնության պահանջին` նախարարության պաշտոնական կայքում հանձնաժողովի գնահատականը չհրապարակվեց: Լսումների ընթացքում հանձնաժողովի անդամ Ալեքսեյ Թարվերդյանը հայտարարեց, որ եթե ընկերությունը նախագծում որոշակի փոփոխություներ կատարի, ապա հանձնաժողովը պատրաստ է վերանայել իր որոշումը:
Նշենք, որ «Սեւանա լճի մասին» ՀՀ օրենքը 1-ին գլխում տալիս է Սեւանա լճի ջրահավաք ավազանի նկարագրությունը, որտեղ մտնում են Կեչուտի եւ Սպանդարյանի ջրամբարները, Արփա եւ Որոտան գետերի ջրահավաք ավազանը: Իսկ Օրենքի 10-րդ հոդվածով արգելվում է Սեւանա լճի էկոհամակարգի վրա վնասակար ազդեցություն ունեցող ցանկացած տեսակի գործունեություն: Հարց է մնում, թե ինչի հիման վրա է հանձնաժողովը վերանայելու իր որոշումը, երբ հենց Արփա-Որոտան գետերի ջրահավաք ավազանը ընկնում է Ամուլսարի նախագծի ազդեցության տակ:
Նաեւ անհասկանալի է միջազգային փորձաքննություն անցկացնելու մասին առաջարկությունը: Կա ստույգ նախագիծ, եւ կան արտահայտած կարծիքներ եւ մեկնաբանություններ: Այսինքն` փորձաքննությունը սրա հիման վրա պետք է տա դրական կամ բացասական եզրակացություն: Դրա հետ մեկտեղ դրական եզրակացությունը կարող է պարունակել նաեւ ցանկություններ, ինչպիսիք, օրինակ, վերեւում նշել ենք:
Այս դեպքում միջազգային փորձագետների եզրակացությունը նույնպես մնում է որպես լրացուցիչ ցանկություն, բայց չի կարող փոխարինել ընդունված եզրակացությանը: Ըստ հավանականության` Ամուլսարի նախագիծը գնում է այդ ճանապարհով, եւ մոտ օրերս` մինչեւ օգոստոսի 4-5-ը, այն կստանա «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ի եզրակացությունը:
Հուլիս 31, 2012 at 17:46