Չկայացած լսումներ Ակունք համայնքում

Չկայացած լսումներ Ակունք համայնքում

ԷկոԼուր

Դեկտեմբերի 18-ին, ժամը 12.00-ին ՀՀ Գեղարքունիքի մարզի Ակունքի գյուղապետարանում պետք է տեղի ունենային Ծարասարի արմատական ոսկու հանքերևակման տարածքում երկրաբանական ուսումնասիրության շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային լսումները: Սակայն հանրային լսումների կազմակերպիչ «Արմենիան

Ինտերնեյշնլ Գոլդ» ՍՊԸ-ն ներկա չէր, իսկ Ակունքի գյուղապետարանում ոչ ոք տեղյակ չէր լսումների մասին:

«Ես տեղյակ չեմ լսումների մասին», - ասաց Ակունքի համայնքապետի տեղակալ Գրիշա Ավագյանը: «Բայց մեզ ո՞վ է տեղեկացրել, մենք տեղյակ չենք», - զարմացավ Ակունքի համայնքապետ Արծրուն Ղարիբյանը:

Գրիշա Ավագյանի խոսքով` Ծարասարի տարածքը գտնվում է համայնքից 25-26 կմ հեռավորության վրա է, Ակունք գյուղի վարչական տարածքում է: Այդ տարածքը 25 տարով վարձակալությամբ տրված է Ակունքի բնակիչ Պապին Համբարձումյանին, ով էլ իր հերթին այն վարձակալությամբ տալիս է գյուղացիներին: Սակայն երկու տարի առաջ ինչ-որ ընկերություն ապօրինի կերպով մտել է այդ տարածք և սկսել առանց համապատասխան փաստաթղթերի քանդել տարածքի 20 հեկտար հողերը:

«Նախանցյալ տարի վարձակալը բողոք էր ներկայացրել, որ մտել են իր տարածք: Նա տեղյակ չի եղել, հետո ուրիշների միջոցով իմացել է, որ այդտեղ այդպիսի ավերվածություն է տեղի ունենում: Գնացել, ուսումնասիրել ենք և տեսել, որ իրականությանը համապատասխանում է», - ԷկոԼուրին հայտնեց Ակունքի համայնքապետի տեղակալը:

«Մի կազմակերպություն կար, Արզոյան Ավետիք կոչված, 2 տարի առաջ բերեց, տեխնիկան լցրեց, քանդեց, ավիրեց, բա թե մինիստրությունից ես թուղթ ունեմ», - ասաց տարածքի վարձակալ Պապին Համբարձումյանը: Ներկայացված փաստաթուղթը ընդերքօգտագործման պայմանագիրն է եղել:

«Դրանից ելնելով` մենք դիմել ենք մարզպետարան, այնտեղից համապատասխան վարչությունից մարդիկ են եկել և առաջարկել, որ դադարեցվի այդ գործունեությունը: Մեզ թվաց` ինքը դադարեցրեց, բայց հետո ես լսել եմ, որ շարունակում են», - ասաց Ակունքի համայնքապետի տեղակալ Գրիշա Ավագյանը:

Պապին Համբարձումյանը նշեց, որ տարածքը 140 հեկտար է, որից 80 հեկտարն խոտհարք է, 60 հեկտարը` վարելահող: Հարցին՝ ինչ չափի վնասներ է ընկերությունը հասցրել իրեն՝ Պ. Համբարձումյանը ասաց. «20 հեկտարի վրա ամեն տարի հաշվի, 20 հեկտարն 2 միլիոնով, 5 տարի՝ 10-20 միլիոնով վնաս է տվել»:

«5000 բնակիչ ունեցող գյուղը չունի հող, որ կարողանա իր վար ու ցանն անի ու գոյատևի: էսօր եկել են և եղածը, որ մարդուն մի կտոր հաց է բերում, դա էլ են կտրում», - ասացին Ակունքի բնակիչները` նշելով, որ իրենց օրվա հացը իրենք վաստակում են այդ վարձակալած հողերի շնորհիվ:

Հարցին, եթե գային և հարցնեին իրենց կարծիքը, իրենք ինչ կպատասխանեին, բնակիչները ասացին, որ այդ տարածքը գյուղը կերակրող հողատարածք է, բնականաբար, ազգաբնակչությունը դեմ է հանքին:



Դեկտեմբեր 22, 2014 at 12:54


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր