

ԷկոԼուր
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրասյանը նամակ է հղել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին, որով խնդրում է անվավեր ճանաչել «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարանի, Արծվանիկի, Սեւաքարի, Աճանանի, Չափնիի եւ Սյունիքի համայնքների վարչական սահմաններում որոշ տարածքներում բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու եւ հողերի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին» ՀՀ կառավարության 2011թ. ապրիլի 28-ի N 627-Ն որոշումը:
Նամակի մեջ մասնավորապես նշված է. ««Հասարակության եւ պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» օրենքի 4-րդ հոդվածով սահմանվում են հասարակության եւ պետության կարիքների համար սեփականության օտարման բացառիկ` գերակա հանրային շահի որոշման սկզբունքները, մասնավորապես` հանրային շահը պետք է գերակա լինի օտարվող սեփականության սեփականատիրոջ շահերից, գերակա հանրային շահից ելնելով` սեփականության օտարումը չպետք է չհիմնավորված վնաս պատճառի սեփականատիրոջը: Հանրային գերակա շահ ճանաչելու փուլում այս սկզբունքների պահպանումը թերեւս դրվում է կասկածի տակ այն իմաստով, որ քանի որ չի կատարվում ուսումնասիրություն մինչեւ հանրային գերակա շահի ճանաչումը, հնարավոր չէ փաստել, որ հանրային շահը գերակա է օտարվող սեփականության սեփականատիրոջ շահերից կամ սեփականության օտարումը չհիմնավորված վնաս չի պատճառի սեփականատիրոջը»:
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը կառավարությանն առաջարկում է ապահովել շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության իրականացումը մինչեւ հողատարածքի նկատմամբ հանրային գերակա շահի ճանաչումը, համապատասխան մարմիններից պարզել, թե կան արդյոք Քաջարան համայնքի գերակա հանրային շահ ճանաչված տարածքներում քաղաքացիներին վարձակալության կամ սեփականության իրավունքով պատկանող հողամասեր:
Փետրվար 29, 2012 at 16:28
