«Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՍՊԸ-ն «քցել» է իրանցիներին եւ 76 մլն դրամով վաճառել գոյություն չունեցող մոլիբդենի խտանյութը

«Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՍՊԸ-ն «քցել» է իրանցիներին եւ 76 մլն դրամով վաճառել գոյություն չունեցող մոլիբդենի խտանյութը

pastinfo.am

Իրանի Իսլամական Հանրապետության «Խաք Թալայ Թոուս» ՓԲ ընկերությունից  խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի գումարի հափշտակության գործով  երկու ամբաստանյալներն այսօր դատապարտվեցին ազատազրկման: «Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՍՊԸ տնօրեն Արմեն Գևորգյանը մեղավոր ճանաչվեց ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝  առանձնապես խոշոր չափերի խարդախություն և 325-րդ հոդվածի 2-րդ մասով՝  անձնագիր կեղծելն ու օգտագործելը և դատապարտվեց  6  տարվա  ազատազրկման՝   առանց գույքի բռնագրավման: Ընկերությունում որպես  իրավաբան ձևակերպված   Անդրանիկ Ներսեսյանը մեղավոր ճանաչվեց  ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի  3-րդ մասի 1-ին կետով  և դատապարտվեց  5 տարվա ազատազրկման՝ առանց գույքի բռնագրավման:

Նրանցից համապարտության կարգով հօգուտ տուժող ընկերության   պետք է բռնագանձվի 76 մլն 644 944,5 դրամ:

Այսպես, ըստ մեղադրական եզրակացության,  Արմեն Գևորգյանը, Անդրանիկ Ներսեսյանը, գործով չպարզված անձը՝  գործելով նախնական համաձայնությամբ, Ա. Ներսեսյանի երեք ծանոթների միջոցով իրականում գոյություն չունեցող մոլիբդենի խտանյութի վաճառքի վերաբերյալ 2008թ.-ից մինչև 2010 թ. գարունն ընկած ժամանակահատվածում բանակցությունների մեջ են մտել ՀՀ օրենսդրությանն ու առևտրային  գործունեությանն անտեղյակ իրանական հիշյալ ընկերության ներկայացուցիչների հետ, վերջիններիս ներկայացրել «Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի բլանկով ու կնիքի դրոշմով հաստատված ապրանքի որակի և առկայության վերաբերյալ կեղծ հավաստագրեր և կնքել  300 տ մոլիբդենի խտանյութի արտահանման վերաբերյալ առուվաճառքի պայմանագիր: Պայմանավորվածության համաձայն,  առաջին խմբաքանակի՝  30 տ մոլիբդենի խտանյութի արտահանման համար իրանական ընկերության կողմից  «Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի  արտարժույթային  հաշվեհամարին փոխանցվել է 76 մլն 644 944,5 դրամին համարժեք  143.350  եվրո, սակայն խտանյութը չեն արտահանել և  Ա.Գևորգյանի հետ միասին 2010թ. մարտի  11-ին կանխիկացրել ու խարդախությամբ հափշտակել են  փոխանցված գումարը: ԻԻՀ ընկերության ներկայացուցիչը ժամանել է Հայաստան՝ պարզելու խտանյութի չարտահանման պատճառները, իսկ Անդրանիկ Ներսեսյանն էլ կատարվածում իր առնչությունը հերքելու նպատակով  հաղորդում  է ներկայացրել, որ  Արմեն Գևորգյանը  խաբեությամբ հափշտակել է իր տարիների աշխատավարձը՝  3 000 000 դրամի  չափով:  Միաժամանակ Ա.Ներսեսյանն, ըստ մեղադրական եզրակացության, քաջատեղյակ լինելով, որ   իրենց ընկերությունը ստեղծման պահից որևէ գործունեություն չի ծավալել,  չունի գրասենյակ,  գույք ու պահեստ,  մոլիբդենի  խտանյութի ձեռքբերման  վերաբերյալ  որևէ պայմանավարվածություն, որ մոլիբդենի խտանյութի արտադրությամբ զբաղվում են միայն պետական հսկողության ներքո գտնվող Զանգեզուրի և Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատները, վստահեցրել է իրանական կողմին, որ խտանյութն առկա է,  և պահեստավորված, կազմել է առուվաճառքի պայմանագիր՝  որպես իրավաբան մասնակցելով բանակցություններին ու պայմանագրի կնքմանը:   

Մեղադրանքի կողմը ճառերում հաստատված համարեց  ամբաստանյալներին առաջադրված մեղադրանքը և մասնավորապես, այն, որ «Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ն ի սկզբանե ստեղծված է եղել միակ՝  խարդախությամբ գումարներ հափշտակելու նպատակով: Մեղադրողը  միջնորդեց   Արմեն Գևորգյանին ու  Անդրանիկ Ներսեսյանին դատապարտել համապատասխանաբար՝  7 և  6 տարվա ազատազրկման:

Ամբաստանյալ Արմեն Գևորգյանը ընդունեց մեղադրանքը՝ կատարվածի համար ստանձնելով ողջ պատասխանատվությունը և միջնորդեց  հնարավորինս մեղմ պատիժ նշանակել, իսկ Անդրանիկ  Ներսեսյանը իրեն մեղավոր չճանաչեց մեղադրանքում և միջնորդեց իր նկատմամբ կայացնել արդարացման դատավճիռ:

Փետրվար 12, 2014 at 10:29


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր