«Բակտեկ-Էկո» -ն մտադիր է ցիանական նատրիումի միջոցով կորզել Արջուտի ոսկին

«Բակտեկ-Էկո» -ն մտադիր է ցիանական նատրիումի միջոցով կորզել Արջուտի ոսկին

ԷկոԼուր

«Բակտեկ-Էկո» ՍՊԸ-ն մտադիր է ցիանական նատրիումի միջոցով կորզել Արջուտի ոսկու հանքավայրի ոսկին: Սույն թվականի օգոստոսի 6-ին` ժամը 12.00-ին ՀՀ Լոռու մարզի Արջուտի գյուղապետարանում տեղի կունենան Արջուտի հանքավայրի հանքաքարի վերամշակման գործարանի կառուցման վերաբերյալ հանրային քննարկումներ:

Հիշեցնենք, որ 2014թ-ի օգոստոսի 6-ին ՀՀ բնապահպանության նախարարության «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ը դրական եզրակացություն տվեց «Բակտեկ-Էկո» ՍՊԸ-ի ներկայացրած Արջուտի ոսկու հանքավայրի բաց եղանակով շահագործման նախագծին: Արջուտի հանքավայրի 2231.3 հազար տոննա  սուլֆիդային հանքաքարում կա 3080.9կգ ոսկի, 17.64տ արծաթ և 6821տ պղինձ, իսկ օքսիդացված 192.4հազար տ հանքաքարում կա 386.50 կգ ոսկի, 2.75տ  արծաթ: Հանքավայրը շահագործվելու է բաց եղանակով, 2 փուլով: 1-ին փուլում շահագործվելու են օքսիդացված հանքաքարերը, 2-րդ փուլում սուլֆիդային հանքաքարերը: Առաջին փուլը տևելու է 2 տարի, իսկ երկրորդ փուլը` 24 տարի: Եզրակացության համաձայն` հանքաքարից ոսկին պետք է կորզվեր 30 կմ հեռավորության վրա գտնվող Արմանիսի հանքահարստացուցիչ ֆաբրիկայում:

Այժմ «Բակտեկ-Էկո» ՍՊԸ-ն բնապահպանական փորձաքննության է ներկայացրել նախագիծ, որին դրական եզրակացություն տալու դեպքում  Արջուտի հանքավայրի հանքաքարի վերամշակման գործարանը կկառուցվի Արջուտ համայնքի վարչական սահմաններում` Արջուտի հանքավայրից ոչ հեռո: Այն  Վանաձոր քաղաքից կգտնվի 17 կմ հեռավորության վրա: Իսկ թե քանի մետր հեռավորության վրա է լինելու գործարանը Արջուտի բնակելի տներից, նախագծում նշված չէ: Գործարանի կառուցման տարածքը գտնվում է է 8-9 բալ ուժգնությամբ սեյսմիկ գոտում: Նախագծում գնահատված չէ սեյսմիկ ռիսկը եւ հնարավոր երկրաշարժի դեպքում ձեռնարկվելիք քայլերը:

Գործարանում ցիանական նատրիումի միջոցով տարեկան վերամշակվելու է 100 հազար տոննա հանքաքար, վերջնական արտադրանքը լինելու է դորե մետաղ: Ըստ գործարանի ՇՄԱԳ փաստաթղթի` հանքաքարում ոսկու պարունակությունը 3.05գ/տ է, արծաթինը` 36.28գ/տ:

Նախագծում նշված չէ, թե որքան տարածք է զբաղեցնելու գործարանը, սակայն հայտնի է, որ ցիանական նատրիումի պահեստի մակերեսը լինելու է 270 քմ, այն պահեստավորելու է մինչեւ 50 տոննա ցիանական նատրիում, մինչդեռ գործարանին տարեկան անհրաժեշտ է լինելու 150 տոննա ցիանական նատրում: Բացի ցիանական նատրիումից տարեկան օգտագործվելու է 100 տոննա կիր, 25.0 տոննա նատրիումի հիպոքլորիտ, 3.0 տոննա  նատրիումի հիդրօքսիդ, 10.0 տոննա աղաթթու, 3.0տոննա ակտիվացրած ածուխ:

Հանքաքարի բեռնաթափումից տարեկան մթնոլորտ կարտանետվի 16.7 տ փոշի, ջարդիչների տեղամասից` 0.7 տոննա փոշի: Նշվում է, որ տարեկան 150 տոննա  ցիանական նատրիումի եւ  10 տոննա աղաթթվի օգտագործման դեպքում համապատասխանաբար տարեկան արտանետումները կկազմեն` HCN – 1.5 տ, HCl – 0.1 տ: Իսկ արտանետումները մաքրումից հետո տարեկան կարտանետվի` HCN – 0.3 տ, HCl – 0.02 տ:

Առաջացող թափոնների մասին նշվում է հետեւյալը. « Հանքաքարի վերամշակման արդյունքում ստացվում են «չոր» պոչանքներ, որոնք տեղակայվում են անմիջապես ֆաբրիկայի տարածքում : Չոր պոչանքները չեն դասվում թափոնների շարքին, քանի որ տեխնոլոգիաների հետագա զարգացման արդյունքում դրանք կարող են օգտագործվել ավելի խորը կորզման նպատակով»: Թե որքան չոր պոչանք է ստացվելու եւ դրանք քանի հեկտար տարածքում են տեղակայվելու եւ ինչպես են պահվելու, որպեսզի շրջակա միջավայրը չաղտոտեն` քամու հետ փոշու տեսքով տարածվելու կամ տեղումների հետ արտահոսելու միջոցով, նշված չէ:

Գործարանի համար նախատեսվող տարածքում ՀՀ բույսերի կարմիր գրքում ներառված տեսակներ չեն հայտնաբերվել: Նախագծի ուսումնասիրությունների շրջանակներում չեն հայտնաբերվել կենդանատեսակներ: Նկատվել են միայն մկնանման կրծողների բներ: Սակայն Բազումի լեռնաշղթայի այս հատվածի նմանատիպ անտառազուրկ տարածքներում հանդիպում են թվով 20 տեսակի կենդանիներ եւ թռչուններ, այդ թվում ՀՀ կենդանիների կարմիր գրքում գրանցված գորշ արջը:

Տարածքի ամենախոշոր ջրագրական միավորը Փամբակ գետն է: Սակայն նախագծում չի նշվում, թե ինչ ազդեցության կենթարկվի Փամբակ գետը գործարանի շահագործման արդյունքում:Նախագծում չի նշվում, թե որտեղից է ջուր վերցվելու: Նշված է, որ հանքաքարի խոնավացման, Լուծույթների պատրաստման, խմելու և կենցաղային կարիքների համար տարեկան կօգտագործվի 6792.6 խմ խմելու որակի ջուր, տարեկան ջրի արտահոսքը կկազմի 583.4խմ: Անվերադարձ կօգտագործվի կամ կկորի տարեկան 6197.3 խմ ջուր, ջրի շրջանառու ծավալները տարեկան կկազմեն 14700.0խմ:

Նախածում շրջակա միջավայրին հասցված տնտեսական վնասի գնահատում կատարելիս` հաշվարկվել է մթնոլորտային օդին պատճառվող վնասը:   Միայն բացհանքի շահագործման դեպքում անօրգանական փոշով եւ ցիանական միացություններով մթնոլորտային օդի աղտոտման պարագայում վնասը կկազմի 1034400 դրամ/տարի: Գործարանի նախագծողները հողի եւ ջրի աղտոտման համար տնտեսական վնասի հաշվարկ չեն արել, համարելով, որո ոչ հողը, ոչ ջուրը ազդեցության չի ենթարկվի:

Գործարանում կաշխատի 53 մարդ:

Օգոստոս 04, 2015 at 16:27


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր