ԷկոԼուր
Ընդերքօգտագործման թափոնների գոյացման ծավալների և դրանց հնարավոր վտանգի նվազեցման համար ՀՀ բնապահպանության նախարարությունը մշակել և կառավարության հաստատմանն է ներկայացրել լավագույն հնարավոր տեխնոլոգիաների ներդրմանը ներկայացվող չափորոշիչները և միջոցառումները:
Այդ չափորոշիչներն են` 1) թափոնների առաջացման կանխարգելումը, 2) վտանգավոր նյութերի և պրոցեսների կրճատումը կամ բացառումը, 3) թափոնների վերամշակման ընթացքում առաջացող թափոնների վերամշակումը և օգտագործվող նյութերի վերականգնումը, 4) արդյունաբերական ծավալներով հաջողությամբ փորձարկված գործունեության պրոցեսների և մեթոդների ներդրումը, 5) պրոցեսում օգտագործվող հումքի (ներառյալ ջրի) բնույթը, սպառումը և էներգետիկ արդյունավետությունը, 6) էկոլոգիական ցուցանիշների բարելավումը, 7) արտադրության արդյունավետության բարձրացումը, 8) թափոնների կառավարմանն ուղղված ծախսերի նվազեցումը, 9) ռեսուրսների` հումքի, ջրի և էլեկտրաէներգիայի օգտագործման և արտադրանքի ինքնարժեքի նվազեցումը, 10) շրջակա միջավայրի վրա վնասակար ազդեցության նվազեցումը, 11) վթարների կանխարգելումը և շրջակա միջավայրի համար դրանց հետևանքների նվազեցումը, 12) աշխատանքային պայմանների բարելավումը, 13) այլ արտադրություններից և մարդու կենսագործունեության արդյունքում գոյացած թափոնների հիմքի վրա արտադրությունների կազմակերպումը:
Միջոցառումներն են` 1) ընդերքօգտագործման թափոնների ծավալների նվազեցում, 2) ընդերքօգտագործման թափոնների այլընտրանքային օգտագործման ընդլայնում՝ որպես լցանյութի օգտագործում, օգտագործում այլ հանքերի վերականգնման ընթացքում, օգտագործում լցման ընթացքում, ընդերքօգտագործման թափոնների պահանջվող տեխնիկական պարամետրերի ապահովում` շրջակա միջավայրի անվտանգության տեսանկյունից ցանկացած վտանգ նվազագույնի հասցնելու նպատակով, 3) ռեագենտների ծախսի նվազեցում, 4) շահագործման փուլում պոչամբարների ջրային էրոզիայի կանխարգելում, 5) փոշու առաջացման կանխարգելում, 6) ստորգետնյա ջրերի մոնիթորինգ ընդերքօգտագործման թափոնների օբյեկտների շրջանում, 7) պոչամբարում ջրի մեջ արտազատման կանխարգելում կամ նվազեցում, 8) թթվային հոսքերի մշակում, 9) պոչանքների չորացում:
Չափորոշիչները չեն հավանել ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների (էԵԲՊ) և ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների (ՏԶՆ) նախարարությունները: ՀՀ էԵԲՊ նախարարությունն առաջարկել է. «Նախագիծը խմբագրել, սահմանելով չափորոշիչներ՝ ընդերքօգտագործման թափոնների կառավարման, իսկ ՀՀ ընդերքի մասին օրենսգրքով նախատեսված դեպքերում՝ ընդերքօգտագործման թափոնների վերամշակման պլաններով նախատեսված միջոցառումների իրականացման համար կիրառվող լավագույն տեխնոլոգիաներին՝ համաձայն ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի 60.1 հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի»: ՀՀ ՏԶՆ նախարարությունն էլ նշել է, որ չափորոշիչները ընդհանուր բնույթ են կրում, նպատակներ կամ սկզբունքներ են, բայց ոչ չափորոշիչներ և կարող են տարբեր մեկնաբանությունների տեղիք տալ՝ խնդիրներ առաջացնելով տնտեսվարող սուբյեկտների համար: «Անհրաժեշտ է, որպեսզի նշվող չափորոշիչները լինեն հստակ և չափելի, ինչը կապահովի բնապահպանական տեսանկյունից պետության կողմից ակնկալվող արդյունքը»: ՀՀ ՏԶՆ նախարարությունը նաև առաջարկել է հանել լավագույն տեխնոլոգիաների ներդրմանն ուղղված միջոցառումները, քանի որ այն չի համապատասխանում նախագծի բովանդակությանը։ Այս առաջարկությունները մերժվել են հետևյալ բացատրությամբ. «Միջազգային փորձի համաձայն` առկա լավագույն տեխնոլոգիան կամ բնապահպանական իմաստով լավագույն տնտեսական գործունեությունը չի ենթադրում թափոնների վերամշակման կամ վնասազերծման կոնկրետ տեխնոլոգիա, այլ ենթադրում է մոտեցումներ, մեթոդներ, չափորոշիչներ, որոնց միջոցով կարելի է հասնել մարդու առողջության և շրջակա միջավայրի վրա վնասակար ներգործության նվազեցմանը»:
Հունիս 14, 2017 at 16:30