Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Գրանցվեք այստեղ, որպեսզի ստանաք թեժ էկոլոգիական տեղեկատվութուն

Ձեր անունը:
E-mail:

ԹԵԺ ԳԻԾԼեռնահանքային արդյունաբերություն

Սեւանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովը բացասական եզրակացություն տվեց Ամուլսարի նախագծին, իսկ նախարարությունը հավանության արժանացրեց նախագիծը

Scientific-Expert Committee on Sevan - Negative Opinion to Amoulsar Project, Ministry – Approved Project
19:53 Օգոստոս 09, 2012

ԷկոԼուր

ՀՀ ԳԱԱ-ին առընթեր Սեւանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովը բացասական եզրակացություն տվեց Ամուլսարի ոսկու քվարցիտների հանքավայրի բաց եղանակով շահագործման նախագծին: Չնայած դրան ՀՀ բնապահպանության նախարարությունը դրական եզրակացություն տվեց նախագծին:  Նախագիծը ներկայացվեց «Գեոթիմ» ընկերության կողմից 2012թ. հուլիսի 30-ի հասարակական լսումների ժամանակ:

«ԷկոԼուր»-ի հարցմանն ի պատասխան Սեւանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի ուղարկած հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանի ստորագրությամբ նամակում  (թիվ Е/18/2012 , 09.08.2012թ.) նշված է.

«ՀՀ ԳԱԱ Սեւանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովը քննության է առել «Գեոթիմ» ՓԲԸ «ՀՀ Վայոց Ձորի եւ Սյունիքի մարզերի սահմանագլխին գտնվող Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման» աշխատանքային նախագիծը:

Հանձնաժողովն արձանագրել է, որ նախագծում հանքավայրի լցակույտերը նախատեսվում է 2570-2360մ նիշերի սահմաններում, 735թ. աղետալի երկրաշարժի էպիկենտրոնից մի քանի կիլոմետր հեռավորության վրա 40-50մ բարձրությամբ  4 շերտով շուրջ 100մ միջին բարձրությամբ m=1.0 շեպերի թեքությամբ, առանց միջանկյալ բերմանների: Նախագծում չկան շեպերի կայունությունը հիմնավորող հաշվարկներ`հաշվի առնելով տարածշրջանի 10 բալ սեյսմիկ ուժգնությունը:

Բացի այդ` նախագծում լցակույտի համար նախատեսված իջույթի հիդրոերկրաբանական առանձնահատկությունների շնորհիվ դիտարկվում են գրունտային ջրերի բազմաթիվ ելքեր, որոնք լցակույտում պարունակվող վտանգավոր բաղադրիչները կտեղափոխեն Որոտանի գետահունը, այնուհետեւ Որոտան-Արփա-Սեւան թունելով նաեւ Սեւանա լիճ: Իջույթի սահմաններում զարգացած են ակտիվ սողանքային տեղամասեր, որոնց վրա լցակույտերի բեռնավորումը եւ հանքավայրում պայթեցման գործընթացները կարող են առավել ակտիվացնել սողանքային երեւույթները հատկապես գարնանային ամիսներին իրենց անկանխատեսելի հետեւանքներով:

Նախագծի Radman Associates հատորում նշվում է, որ ռադոնի կոնցենտրացիան գերազանցում է 400ԲԿ m-3 ներգործության մակարդակը, բայց «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատական» հատորում ոչ մի միջոցառում չի նախատեսված ռադոնի մակարդակը իջեցնելու համար:

Փորձագիտական հանձնաժողովը ելնելով վերոնշյալից  եւ առավել եւ հաշվի առնելով, որ ըստ ինտերնետային տվյալների նախատեսվում է տվյալ տարածքում կառուցել հանքաքարի հարստացման ֆաբրիկա, «ՀՀ Վայոց Ձորի  եւ Սյունիքի մարզերում սահմանագլխին գտնվող Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման» աշխատանքային նախագծին տվել է բացասական եզրակացություն:

Հանձնաժողովը վերոնշյալ եզրակացության վերանայման հիմքեր չի արձանագրել»: Միեւնույն ժամանակ, «ԷկոԼուր»-ը նամակ ստացավ նաեւ «Գեոթիմ» ընկերությունից, որը պատրաստվում է շահագործել Ամուլսարի հանքը: Նամակում ասված է.

«Ամուլսարի վերաբերյալ ս.թ. ապրիլի 18-ին Բնապահպանության նախարարությունում կայացած հանրային քննարկումներից հետո, շահագրգիռ կողմերը նախարարությանը գրավոր ներկայացրել են իրենց մտահոգությունները: Դրանք այնուհետ հանձնվել են Գեոթիմ ընկերությանը, որը մանրամասն պատասխանել է բոլոր հարցադրումներին: Մասնագիտական բարձր մակարդակով անդրադարձ է եղել Ջերմուկի վրա հնարավոր ազդեցության վերաբերյալ շահարկումներին, Սևանի ավազանի պետական հատուկ հանձնաժողովի հարցադրմանը` Սևանի վրա հնարավոր ազդեցության և նախագծի հետ կապված բոլոր այլ մտահոգությունների վերաբերյալ:
 
Այս ծավալուն աշխատանքին մասնակցել են ինչպես Գեոթիմի, այնպես էլ միջազգային հեղինակավոր Wardell Armstrong International և Golder Associates անկախ խորհրդատվական ընկերությունների բարձրակարգ մասնագետները:
 
Մանրակրկիտ հետազոտությունների հիման վրա տրված այս պարզաբանումները հանձնվել են շահագրգիռ կողմերին, ինչպես նաև հնչել են Բնապահպանության նախարարությունում ս.թ. հուլիսի 30-ին կայացած հանրային քննարկման ընթացքում, որից հետո Բնապահպանության նախարարությունը դրական գնահատական է տվել և հաստատել շահագործման այս փուլի համար ներկայացված «Բնապահպանության և շրջակա միջազվայրի վրա ազդեցության գնահատականին» (ՇՄԱԳ):
 
Բնապահպանության նախարարության կողմից ներկայացված պահանջների համաձայն, ընկերությունը պարտավորվել է կատարել օրենքով նախատեսված փորձաքննություններ և շրջակա միջավայրի  մոնիտորինգի մի շարք միջոցառումներ:

Նախարարության կողմից կառաջարկվի միջազգային անկախ փորձագիտական ընկերություն` Գեոթիմի միջազգային Բնապահպանական և սոցիալական ազդեցության  գնահատականի (ԲՍԱԳ) անկախ փորձաքննության համար: Հատուկ ուշադրություն պետք է դարձվի Սևանի, Ջերմուկի և կարմիր գրքում գրանցված կենդանական և բուսական տեսակների հետ կապված հարցերին:
 
Ընկերությունը միաժամանակ կշարունակի ներդրումները հանքի զարգացման և երկրաբանահետախուզական աշխատանքների ավարտի նպատակով: Նախատեսվում է իրականացնել մոտավորապես 250 մլն ԱՄՆ դոլարի ներդրում:  Հանքի շահագործման փուլում նախատեսվում է իրականացել ևս մոտավորապես 200 մլն դոլարի ներդրում:
Արդյունահանման առավելագույն հզորության ընթացքում նախատեսվում է ՀՀ պետական բյուջե տարեկան վճարել մոտավորապես 86 մլն դոլար:
 
Միևնույն ժամանակ Ընկերությունը կշարունակի ներդրումներ հարակից համայնքներում` ենթակառույցների, տնտեսական զարգացման, գյուղատնտեսության, առողջապահության, երեխաների զարգացման և համայնքների կարողությունների հզորացման բնագավառներում` ի նպաստ համայնքների համակողմանի զարգացման:
 
«ՇՄԱԳ-ի դրական գնահատականը երեք հանրային լսումների և մեկ քննարկման, ինչպես նաև Հայաստանի կառավարության, տեղի համայնքների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ ինտենսիվ և հիմնավոր շփումների արդյունք է»,- ասում է Լիդիան ինթերնեյշնլ ընկերության նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Թիմ Քոֆլինը:  

«Այս գործընթացը հնարավորություն է ընձեռել շահագրգիռ կողմերին ծանոթանալ նախագծին, բարձրաձայնել իրենց մտահոգությունները, հարցադրումներ ներկայացնել և բոլոր մտահոգությունների վերաբերյալ պատասխանները լսել: Մենք պատրաստակամ ենք շարունակելու բոլոր շահագրգիռ կողմերի հետ շփումները և կառուցելու օրինակելի հանք, որով կարող է հպարտանալ Հայաստանը, տեղական համայնքները և Լիդիան ընկերությունը»»:



Առնչվող նյութեր