

Արթուր Հովհաննիսյան, Հայացք
Ի պատասխան մեր հարցման` 2012 թ. հունվարի 15-ի ժամը 14:40-17:00 սահմաններում «Թեղուտ» ՓԲԸ-ն ի՞նչ գործունեությամբ է զբաղված եղել, ընկերության մասնավորապես ո՞ր գործունեությունն է խախտվել, երկրորդ` բնապահպան ակտիվիստների գործողությունների հետևանքով ընկերությանը որոշակի ի՞նչ էական վնաս է պատճառվել, «Վալլեքս» խմբի ընկերությունների (այդ խմբում է նաև «Թեղուտ» ՓԲԸ-ն) տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից ստացանք հետևյալ պատասխանը.
«ՀՀ Լոռու մարզի Շնող և Թեղուտ համայնքների վարչական տարածքներում «Թեղուտի պաշտպանության նախաձեռնություն» անվանումով շարժման կողմից 2012 թվականի հունվարի 15-ին անցկացված հանրային հավաքի ու երթի ընթացքում անձանց ամբոխը փորձել էր տարբեր ուղղություններով մուտք գործել «Թեղուտ» ՓԲ ընկերությանը պատկանող տարածքներ: ...Ապօրինի գործողությունների ընթացքը կանխվել էր ՀՀ ոստիկանության և «Թեղուտ» ՓԲ ընկերության աշխատակիցների համատեղ ուժերով: Դրա համար «Թեղուտ» ՓԲ ընկերությունը ստիպված է եղել դադարեցնել իրականացվող արտադրական աշխատանքներն ու բոլոր աշխատակիցներին տեղաբաշխել ընկերության տարածքների սահմանագծերի առավել խոցելի տեղամասերում: Այս ամենի արդյունքում «Թեղուտ» ՓԲ ընկերությունը կրել է էական վնաս, որը հիմնականում բաղկացած է արտադրական աշխատանքների հարկադրական դադարեցման և այլ անձանց անօրինական ոտնձգություններից սեփական տարածքները պաշտպանելու անհրաժեշտությամբ պայմանավորվածª 15.01.2012 թ. աշխատակիցների հարկադիր պարապուրդի գծով կատարվելիք ծախսերից:
Վնասի չափերը ներկայումս ճշտվում են, և հայցապահանջների ներկայացումից հետո հանրությունն այդ մասին լրացուցիչ կտեղեկացվի»:
«Թեղուտ» ՓԲԸ-ն տվյալ ժամանակահատվածում արտադրական ի՞նչ գործունեությամբ է զբաղված եղել, արտադրական ի՞նչ աշխատանքներ է կատարել:
Ինչո՞ւ էին ընկերության այլ աշխատակիցների մեզ ու հանրությանը դեռ անհայտ գործից կտրել, որպեսզի օժանդակեն անվտանգության ծառայությանը: Արդյոք չի՞ առաջանում այն տպավորությունը, որ դա արվել կամ այդպես է ներկայացվում զուտ հարկադիր պարապուրդ ձևակերպելու և արհեստականորեն վնաս ներկայացնելու համար, քանզի հասկանալի է, որ անվտանգության ծառայության աշխատակիցների գործողությունները վերջիններիս աշխատանքի, կանոնադրային կամ պայմանագրային պարտականությունների շրջանակում են, ու հնարավոր չէ դրանք հարկադիր պարապուրդ կամ վնաս ներկայացնել:
«Թեղուտ» ՓԲԸ ղեկավարությունն ինչո՞ւ է ստիպված եղել դադարեցնել իրականացվող արտադրական աշխատանքները (իհարկե, եթե այդպիսի աշխատանքներ իրականացվելիս են եղել) ու բոլոր աշխատակիցներին տեղաբաշխել ընկերության տարածքների սահմանագծերի առավել խոցելի տեղամասերում, երբ բողոքի միջոցառման մասին ոստիկանությունը նախապես իրազեկվել էր, և մոտ 100 ոստիկան ներկա են եղել այդ միջոցառմանը:
Թեղուտ. ովքեր են խոսում ոտնձգությունից
Արթուր Հովհաննիսյան, Հայացք
Հունվարի 15-ին 200-ից ավելի բնապահպան ակտիվիստներ, ինչպես արդեն հայտնի է, արշավ էին կազմակերպել դեպի Թեղուտ: Դա բողոքի միջոցառում էր մի պետության մեջ, որտեղ դատական իշխանությունը, ինչպես ենթադրելի է, կատարելով գործադիր իշխանության պատվերը, բնապահպաններին խայտառակ կերպով զրկել էր նաև Հայաստանի ստորագրած Օրհուսի կոնվենցիայով ամրագրված դատական պաշտպանության իրավունքից:
Բնապահպան ակտիվիստները, հավաքվելով հանքը շահագործող ընկերության գրասենյակի դիմաց, պահանջել են, որ ընկերությունից որևէ ներկայացուցիչ դուրս գա և ցույց տա գծանշումով տարածքը սահմանազատելու և հանքը շահագործելու համար ձեռք բերված փաստաթղթերը: Հնչել է նաև ՀՀ կառավարությանն ուղղված պահանջ` հարգել Օրհուսի կոնվենցիայի պահանջները ու վերանայել հանքը շահագործելու համար ընկերությանը տված թույլտվությունը:
Հանքը շահագործող ընկերությունն առաջիկա գարնանը սկսելու է պայթեցումները, ավելին` Թեղուտի հանքի կողքին` Դուքանաձորում, ծառեր են հատվել, որպեսզի այստեղ բացվի հանքի պոչամբարը` նախատեսված թունավոր թափոնների ամբարման համար: Այս ամենով էլ պայմանավորված է Թեղուտի համար պայքարի ակտիվացումը: Ընկերությունը մոտ 20-30 մլրդ դոլարի եկամուտ է ստանալու Թեղուտի հանքավայրի շահագործումից, սակայն այդ գումարից մոտ 600 մլն դոլարն է մտնելու պետբյուջե:
Ընդգծենք, որ եթե ընկերությունը ստանալիք ամբողջ եկամուտն էլ պետբյուջե փոխանցի, ՀՀ օրենսդրության խախտման, Թեղուտի անտառը հատելու հետևանքով Հայաստանի և միջազգային Կարմիր գրքերում գրանցված բուսատեսակների ոչնչացման, բնակչության առողջության ու կենդանական աշխարհի նկատմամբ սպառնալիքներ ստեղծելու գնով պղնձամոլիբդենային այդ հանքավայրի շահագործումն անթույլատրելի է:
Մինչ հիշյալ քայլարշավի կազմակերպումը «Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության» անունից հանդես եկող անձը ACP («Արմենիան Քափըր Փրոգրամ») ընկերության կողմից Թեղուտի լեռնահարստացուցիչ կոմբինատի կառուցման, պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագրին նպաստելու նպատակով հիմնադրված «Թեղուտ» ՓԲԸ-ին տրված տարածքում 2012 թ. հունվարի 15-ին քայլարշավ կազմակերպելու թույլտվության համար գրավոր դիմել է վերջինիս ղեկավարությանը: Ընկերությունից ակնկալվում էր շուրջ 100 հոգանոց խմբի համար թույլտվություն` ընդամենը տարածք մուտք գործելու և շուրջ 4 ժամ այնտեղ գտնվելու համար: Սակայն «Թեղուտ» ՓԲԸ ղեկավարությունը, կարծում ենք, չցանկանալով թույլատրել իր գործունեության դեմ բողոքի միջոցառման կազմակերպումը, արհեստական պատճառաբանությամբ (համաձայնելով թույլատրել մինչև ընդամենը 15 հոգուց բաղկացած խմբի մուտքը), ըստ էության, մերժել է վերոնշյալ դիմումը (հետաքրքիր է` ընկերությունից ո՞վ կարող է հիմնավորել, թե ինչու մինչև 15 և ոչ թե, ասենք, 20, 25 կամ 100): Սրանից հետո բնապահպան ակտիվիստներին թերևս այլ բան չի մնացել, քան առանց ընկերության թույլտվության բացակայությունը հաշվի առնելու իրենց բողոքի միջոցառումը կազմակերպելը:
Բողոքի միջոցառմանը, ինչպես արդեն հայտնի է, մասնակցել են նաև երգիչ Ռուբեն Հախվերդյանը, կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը, ԱԺ պատգամավորներ Զարուհի Փոստանջյանը և Ստեփան Սաֆարյանը, այլ անձինք: Շահագրգիռ անձինք սադրանք կազմակերպելու նպատակով բողոքի միջոցառման մասնակիցների դեմ են հրահրել տեղի որոշ բնակիչների: Շնողի, Թեղուտի և Օձունի` մոտ 150 բնակիչների (հիմնականում` ընկերության աշխատակիցներ, անտառահատմամբ զբաղվողներ) հավաքը բողոքի միջոցառման վայրում նախապես կազմակերպված է եղել:
- Կարող եմ ասել, որ այնտեղ էին գտնվում ոչ միայն Թեղուտ, Շնող գյուղերի կամ Լոռու մարզի բնակիչներ, այլև Երևանից եկած, իմ կարծիքով` մայրաքաղաքից «բերման ենթարկված» անձինք, ովքեր աշխատում են ACP ընկերությունում,- մեզ հետ զրույցում ասաց Զ. Փոստանջյանը:
Բնապահպան ակտիվիստների և նրանց դեմ դուրս ելածների միջև վիճաբանություն է առաջացել: Հակադարձելով բնապահպանների բողոքին` նրանք ասել են այն, ինչ, ամենայն հավանականությամբ, իրենց սովորեցրել են բնապահպանների բողոքից անհանգստացածները. «Այ գրանտակեր բնապահպաններ, ձեր գրանտները կերել եք, բայց երեք գյուղ սոված է»: Սա հերյուրանք է, որովհետև Թեղուտի անտառի մնացած մասը փրկելու և հանքավայրի շահագործման, շրջակա միջավայրի ապականման դեմ հանդես գալու համար բողոքի միջոցառման մասնակիցներից որևէ մեկը դրամաշնորհ չի ստացել:
Ավելին` այդ միջոցառման կազմակերպիչների թվում, որքան տեղյակ ենք, չկա դրամաշնորհ ստացող բնապահպանական որևէ կազմակերպություն կամ նրա ղեկավար: Իսկ եթե նույնիսկ կա, ապա, բնականաբար, հարց է առաջանում` բնապահպանական նպատակներով դրամաշնորհ ստանալն անպատվաբե՞ր է, թե՞ անպատվաբեր, անբարոյական ու դատապարտելի է այսօրվա մի փոր հացով սեփական ու զավակների, սերունդների առողջությունը վաճառելը, Շնող և Թեղուտ գյուղերը ջրազրկման սպառնալիքի տակ դնելը: Անտառին ու ջրագոյացման համակարգին քաջատեղյակ որոշ մասնագետների կարծիքով` բարձրում ու թեքությունների վրա գտնվող անտառի հսկայածավալ տարածքների հատման հետևանքով միանգամայն սպասելի է անտառից ներքև գտնվող այդ համայնքների ջրազրկումը: Այսօր բնապահպանների դեմ հանդես եկող տեղի բնակիչներից ոմանք վաղը կամ մյուս օրն իրենց զավակների, թոռների աչքերին ինչպե՞ս են նայելու, սերունդներին ի՞նչ պատասխան են տալու, երբ անտառահատման հետևանքով նշված համայնքների ջրաղբյուրները մի քանի տասնամյակ հետո չորանան:
Ըստ Slaq.am-ի` տեղի բնակիչներից ոմանք բնապահպան ակտիվիստներին նույնիսկ ասել են. «Ես իմ ընտանիքը սրանով եմ պահում... Ինձ Վալերի Մեջլումյանը հաց է տալիս»: Որքան էլ այդ ընտանիքների սոցիալական վիճակը այսօրվա վայ իշխանությունների մեղքով վատ լինի, կարծում ենք` կան սահմաններ, որոնք անցնել չի կարելի:
Ընդգծենք նաև, որ երեք համայնքից մի քանի տասնյակ անձինք, որ հանդես են եկել բնապահպանների դեմ և Թեղուտի հանքավայրի շահագործման օգտին, դեռ այդ համայնքների ողջ բնակչության կարծիքն ու կամքը չեն ներկայացնում: Բացի դրանից` եթե այդ համայնքների նույնիսկ բոլոր բնակիչները, սոցիալական ծանր վիճակից հարկադրված, մեկ մարդու նման հանդես գան հանքավայրի շահագործման օգտին, պետք է նկատի ունենան, որ Թեղուտի անտառը միայն իրենց սեփականությունը չէ, ողջ հայ ժողովրդինն է, իսկ այնտեղի հազվագյուտ, միջազգային Կարմիր գրքում գրանցված բուսատեսակները կարելի է ողջ մարդկության սեփականությունը համարել, այսինքն` մարդկությունը պարտավորություն և իրավունք ունի դրանց պահպանության հարցը բարձրացնելու: Սա` ի գիտություն նաև ACP և «Թեղուտ» ընկերությունների:
Ինչպես հայտնի է, բնապահպաններն ընկերության ներկայացուցիչների հետ զրուցելուց հետո հեռացել են տարածքից: Սակայն «Թեղուտ» ՓԲԸ-ն տարածել է հաղորդագրություն, ըստ որի «Ապօրինի գործողությունների հետևանքով խաթարվել է «Թեղուտ» ՓԲԸ բնականոն գործունեությունը, ընկերությանը հասցվել է էական վնաս, և այժմ ընկերության իրավաբանական ծառայությունն ուսումնասիրում է այդ վնասի վերականգնման առարկայով հայցի (հայցերի) ներկայացման հնարավորությունը»: Հետաքրքիր է` տվյալ պահին` 2012 թ. հունվարի 15-ի ժամը 14:40-17:00-ի սահմաններում, «Թեղուտ» ՓԲԸ-ն ի՞նչ գործունեությամբ է զբաղված եղել, ընկերության մասնավորապես ո՞ր գործունեությունն է խախտվել: Եվ երկրորդ` բնապահպան ակտիվիստների գործողությունների հետևանքով ընկերությանը որոշակի ի՞նչ էական վնաս է պատճառվել` այն դեպքում, երբ բողոքի միջոցառման մասնակիցներն ընկերության տարածքի սահմանանշումները չեն խախտել, չեն անցել: Զ. Փոստանջյանի հավաստմամբ` «Թեղուտ» ՓԲԸ-ն այդ ժամանակ այնտեղ որևէ գործունեություն չէր ծավալում:
Թեղուտի գործով պայքարը շարունակվում է
Արթուր Հովհաննիսյան, Հայացք
ՀՀ օրենսդրության կոպիտ խախտմամբ և Լոռու մարզում գտնվող Թեղուտի հրաշագեղ անտառի, այդ անտառի` Հայաստանի և միջազգային Կարմիր գրքերում գրանցված բուսատեսակների ոչնչացման գնով ACP ընկերության կողմից պղնձամոլիբդենային հանքավայրի բաց շահագործման ծրագրի դեմ պայքարը շարունակվում է: «Ուրբաթ» ակումբում հրավիրված մամուլի ասուլիսում «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ի նախագահ Սոնա Այվազյանն ասաց, որ նշված ծրագրի հետ կապված անօրինական գործընթացները թույլ են տվել ենթադրելու, որ այն բարձրաստիճան պաշտոնյաների հովանավորությունն է ունեցել:
- Այն դատական գործընթացները,- շարունակեց Ս. Այվազյանը,- որոնք մեր կողմից նախաձեռնվել են, հայաստանյան դատական ատյաններում տապալվել են, և մենք ստիպված ենք եղել դիմել Օրհուսի համապատասխանության կոմիտե` առնվազն Օրհուսի կոնվենցիայի խախտման մասերով վիճարկելու այդ որոշումը, այսինքն` բողոքելու և ստանալու իրենց փորձագիտական եզրակացությունն այդ կապակցությամբ:
- Երևի արդեն գիտեք, որ Օրհուսի համապատասխանության կոմիտեն բավարարեց մեր դիմումը և գտավ, որ Հայաստանի Հանրապետությունը Թեղուտի հանքավայրի վերաբերյալ որոշումներ կայացնելիս խախտել է Օրհուսի կոնվենցիայի պահանջները,- ասաց մամուլի ակումբի մյուս հյուրը` փաստաբան Հայկ Ալումյանը:
- Օրհուսի համապատասխանության կոմիտեն,- շարունակեց փաստաբանը,- համաձայնեց մեր փաստարկների հետ, բացի մեկ փաստարկից, որ խախտվել է դատարան դիմելու մեր իրավունքը, որովհետև այդ ընթացքում, երբ հարցը քննվում էր Օրհուսի համապատասխանության կոմիտեում, Հայաստանը ձև արեց, թե իբր մեր հայցադիմումն ընդունել է քննության, այսինքն` վճռաբեկ դատարանը կայացրեց որոշում, որով հնարավորություն տվեց մեզ դիմել վարչական դատարան:
Սակայն առաջին ատյանի վարչական դատարանը, որ մինչ այդ մերժել էր «Էկոդար» ՀԿ-ի դիմումը վարույթ ընդունել` պատճառաբանելով, թե հասարակական կազմակերպությունը Թեղուտի անտառի ոչնչացման և հանքավայրի շահագործման խնդրով իրավունք չունի դիմելու դատարան, պատշաճ հայցվոր չէ, վճռաբեկ դատարանի որոշումից հետո` առ այն, որ ՀԿ-ն, եթե իր կանոնադրությամբ զբաղվում է նաև բնապահպանական խնդիրներով, իրավունք ունի դիմել դատարան, այն քննության համար ընդունել է վարույթ:
- Այդ մասով Օրհուսի համապատասխանության կոմիտեն համարեց, որ դատական պաշտպանության մեր իրավունքն այդ պահին չի խախտված,- ասաց Հ. Ալումյանը:
Սակայն դիմումը վարույթ ընդունելուց հետո, քանի որ Ժնևում հիշյալ կոմիտեն իր եզրակացությունն արդեն կայացրել էր, վարչական դատարանը, համարելով, որ վտանգն արդեն անցել է, դիմումն ըստ էության քննելու փոխարեն, հաշվի չառնելով վճռաբեկ դատարանի որոշումը, այս անգամ էլ մերժել է դիմումի քննութունը: Այն բանից հետո, երբ այս կապակցությամբ բողոքը հասել է վճռաբեկ դատարան, վերջինս, տրամագծորեն հակասելով իր վերոնշյալ որոշմանը, կայացրել է մեկ այլ որոշում, որով վարչական դատարանի հիշյալ դատական ակտը համարել է օրինական:
Այժմ Թեղուտի խնդրով զբաղվողները դարձյալ դիմել են Օրհուսի կոնվենցիայի մեկնաբանման համար բարձրագույն ատյանին` համապատասխանության կոմիտե, և միանգամայն սպասելի է, որ կոմիտեն առաջիկայում խախտված կհամարի նաև Հայաստանում այս կարևոր բնապահպանական հարցում դատական պաշտպանության իրավունքը:
Ինչպես փաստեց Հ. Ալումյանը, կառավարությունը պարտավորություն ունի շտկելու իրավիճակը, հետևաբար կառավարությունից ակնկալում են կատարված խախտումների անհապաղ և արդյունավետ վերացում:
Նշելով, որ հանքը դեռ բացված չէ, ակումբի մյուս հյուրը` ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն, ասաց, որ բոլորիս խնդիրն է կանխել այդտեղ հանքի բացումը` նկատի ունենալով նաև այդ դեպքում Հայաստանում ամենամեծ ու վտանգավոր պոչամբարի բացումը: Ըստ նրա` եթե կառավարությունը չկատարի իր ստանձնած պարտավորությունները, հանրությունն արդեն ստիպված է լինելու դիմել ինքնապաշտպանության և իրացնել իր իրավունքը: Նկատի ունենալով Օրհուսի կոնվենցիայի խախտման փաստը և այդ կապակցությամբ համապատասխանության կոմիտեի եզրակացությունը` պատգամավորը կարևորեց դրանց միջոցով այն բանին հասնելը, որ բանկերը վարկ չհատկացնեն հանքավայրի շահագործման համար:
Թեղուտի խմորը շատ ջուր է վերցնելու
Արթուր Հովհաննիսյան, Noratert.am
«Վալլեքս» խմբի ընկերությունների (այդ խմբում է նաև «Թեղուտ» ՓԲԸ-ն) տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը օրերս, ի պատասխան տողերիս հեղինակի հարցման, մասնակիորեն պարզաբանեց, թե 2012 թ. հունվարի 15-ի ժամը 14:40-17:00 սահմաններում, այսինքն` բնապահպան ակտիվիստների բողոքի միջոցառման ժամանակ, «Թեղուտ» ՓԲԸ-ն ինչ գործունեությամբ է զբաղված եղել, ընկերության որ գործունեությունն է խախտվել և որոշակի ինչ վնաս է կրել նրանց գործողությունների հետևանքով:
«ՀՀ Լոռու մարզի Շնող և Թեղուտ համայնքների վարչական տարածքներում Թեղուտի «պաշտպանության նախաձեռնություն» անվանումով շարժման կողմից 2012 թվականի հունվարի 15-ին անցկացված, սակայն «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով ու պայմաններով չիրազեկված բազմամարդ (շուրջ 200 հոգի) հանրային հավաքի ու երթի ընթացքում անձանց ամբոխը, կառավարվելով հավաքի կազմակերպիչների կողմից, փորձել էր տարբեր ուղղություններով մուտք գործել «Թեղուտ» ՓԲ ընկերությանը պատկանող տարածքներ,- նշված է հիշյալ պատասխանում:- Հավաքի կազմակերպիչներն ու ակտիվիստները հստակ գիտակցել են առանց համապատասխան թույլտվության «Թեղուտ» ՓԲ ընկերությանը պատկանող տարածքներ մուտք գործելուն միտված իրենց գործողությունների ապօրինի բնույթը, սակայն բացահայտ արհամարհական վերաբերմունք են դրսևորել այլ անձանց (տվյալ դեպքում)«Թեղուտ» ՓԲ ընկերության) գույքային իրավունքների ու օրինական շահերի նկատմամբ, իսկ ապօրինի գործողությունների ընթացքը կանխվել էր ՀՀ ոստիկանության և «Թեղուտ» ՓԲ ընկերության աշխատակիցների համատեղ ուժերով: Դրա համար «Թեղուտ» ՓԲ ընկերությունը ստիպված է եղել դադարեցնել իրականացվող արտադրական աշխատանքներն ու բոլոր աշխատակիցներին տեղաբաշխել ընկերության տարածքների սահմանագծերի առավել խոցելի տեղամասերում: Այս ամենի արդյունքում «Թեղուտ» ՓԲ ընկերությունը կրել է էական վնաս, որը հիմնականում բաղկացած է արտադրական աշխատանքների հարկադրական դադարեցման և այլ անձանց անօրինական ոտնձգություններից սեփական տարածքները պաշտպանելու անհրաժեշտությամբ պայմանավորված) 15.01.2012 թ. աշխատակիցների հարկադիր պարապուրդի գծով կատարվելիք ծախսերից:
Վնասի չափերը ներկայումս ճշտվում են, և հայցապահանջների ներկայացումից հետո հանրությունն այդ մասին լրացուցիչ կտեղեկացվի»:
Սակայն, ինչպես տեղեկացանք բողոքի միջոցառման մասնակից, ՀՀ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանից, «Թեղուտ» ՓԲԸ-ն այդ ժամանակ այնտեղ որևէ գործունեություն չէր ծավալում, իրենք էլ ընկերության տարածքի սահմանանշումները չեն խախտել:
- Բողոքի միջոցառման մասնակիցների մի մասը հավաքված է եղել անտառին կից բացատում, և եթե այնտեղ մեր երգերը և վանկարկումներն իրենց աշխատանքը խաթարել են, իրենք պետք է հիմնավորեն և ասեն, որ տվյալ վայրում չէր կարելի վանկարկել և միջոցառում անցկացնել,- մեզ հետ զրույցում ասաց Զ. Փոստանջյանը:- Շատ լավ կլինի մեզ համար, եթե ինչ-որ հայց ներկայացվի, որովհետև մենք ինքներս էինք դատի տվել ACP ընկերությանը: Եթե դատի տան, մեզ հնարավորություն կընձեռվի իրենց ներկայացնել հակընդդեմ հայց` այդ հայցի շրջանակներում, եթե, իհարկե, դատարանն այդ հայցն ընդունի վարույթ: Մենք էլ հակընդդեմ հայցով կհիմնավորենք, թե ինչպիսի վնասներ ենք մենք կրում իրենց կողմից կողմից ապօրինի գործողությունների հետևանքով:
Ինչպես արդեն հայտնի է, Հայաստանի դատական համակարգը բնապահպաններին զրկել է Օրհուսի կոնվենցիայով ամրագրված դատական պաշտպանության իրավունքից:
- Մեր բավականին մեծ ծավալով հայցադիմումը, եթե ունենար թույլ կողմեր, ապա դատարաններն այս աստիճան սանձարձակության չէին դիմի, որպեսզի մեզ ընդհանրապես դատական պաշտպանությունից կտրեին, իրենք գործը կքննեին և մեր դեմ վճիռ կկայացնեին` հերքելով մեր փաստերը,- ասաց փաստաբան Հայկ Ալումյանը:- Այս սանձարձակ վերաբերմունքը հենց նրանով է պայմանավորված, որ մեր փաստերը չքննվեն հրապարակային դատավարության ընթացքում, որովհետև դրանք անվիճելի փաստեր են: Այդ փաստերից մեկը մենք նշել ենք, մեկ անգամ ևս հիշեցնեմ. «Բուսական աշխարհի մասին» և« Կենդանական աշխարհի մասին» օրենքներով ուղղակի, առանց վերապահումների, արգելված է նման գործունեություն ծավալել այն վայրերում, որտեղ կան Կարմիր գրքում գրանցված բուսատեսակներ և կենդանիներ: Որպեսզի շրջանցեն այս արգելքը, նկարագրել են եզրակացության մեջ ոչ թե Ալավերդու տարածաշրջանի Թեղուտը, այլ Դիլիջանի Թեղուտը, որտեղ դրանք չկան: Հիմա եթե այս հարցերը հրապարակային դատավարության ընթացքում քննարկվեին, պարզ է, չէ՞, ինչով դա կվերջանար: Դրա համար իրենք գտել են միակ ճանապարհը` մեզ թույլ չտալ հասնել դատարան:
Հիշեցնենք, որ Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնող խմբի անդամ, իրավաբան Արթուր Գրիգորյանն էլ PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում (16.01.2012 թ.), իր հերթին, անհեթեթ սուտ էր որակել:
«Թեղուտ» ՓԲԸ տարածած տեղեկատվությունը, համաձայն որի, մոտ 200 հոգուց բաղկացած բնապահպանների մի խումբ հավաքվել է ընկերության տարածքի հարակից տարածքում և փորձել է ներս մտնել՝ պատճառելով էական վնաս: Նա նաև հավելել է, որ ոչ ոք չի փորձել ներս մտնել ։
«Այդ մենք պետք է իրենց դատի տանք այդ սահմանների համար։ Սակայն, չգնալով սրացումների, այդ սահմաններից դուրս էինք հավաքվել։ Մենք կադրեր ունենք, և շուտով կտեղադրենք համացանցում»,- ասել է Ա. Գրիգորյանը։
«Ինչ վերաբերում է «էական վնասին», ապա, ըստ նրա, շատ մեծ երևակայություն է պետք ունենալ` դա ապացուցելու համար, քանի որ օրը կիրակի էր, և իրենք էլ ներս չեն մտել. «Մենք պահանջում էինք թույլ տալ բարձրանալ անտառը, որպեսզի Դուքանաձորից մարդկանց ցույց տայինք այն հրաշք բնությունը, որը պոչամբար է դառնալու, բայց այդպես էլ ներս չմտանք»:
Ընդգծենք, որ, չնայած վերոնշյալ հարցմանը, այդպես էլ անորոշ է մնում, թե «Թեղուտ» ՓԲԸ-ն տվյալ ժամանակահատվածում արտադրական ինչ գործունեությամբ է զբաղված եղել, այսինքն` արտադրական ինչ աշխատանքներ է կատարել:
Երկրորդ. անհասկանալի է և, կարծում ենք, նաև անհիմն «Թեղուտ» ՓԲԸ-ի ղեկավարության այն համոզվածությունը, թե բնապահպան ակտիվիստները ընկերության անվտանգության ծառայության աշխատակիցների պահանջից, նրանց հետ զրուցելուց հետո, միևնույն է, խախտելու էին ընկերության տարածքի սահմանանշումները ու մուտք գործելու տարածք, որի դեպքում այդ աշխատակիցների ուժերն ապօրինությունը կանխելու համար բավարար չէին լինելու: Կարծում ենք, ենթադրելի ապօրինությունը կանխելը անվտանգության ծառայության աշխատակիցների պարտականությունն էր և, անհրաժեշտության դեպքում, կարող էին կանխել` եթե նկատի ունենանք նաև այն, որ այդ իրադարձությունների ժամանակ մոտ 100 ոստիկան է ներկա եղել: Այսպիսով ընկերության ղեկավարությունը կամ արհեստականորեն է վնաս ներկայացնում, կամ էլ, եթե իսկապես վնաս է կրել, ապա դա, կարծում ենք, իր չարդարացված ռիսկի, ավելորդ ջանքերի հետևանքն է:
«Թեղուտ» ՓԲԸ-ն նախապես հայտարարել էր, թե ընկերության տարածք մուտք գործելու ցանկացած փորձ կհամարվի ոտնձգություն «Թեղուտ» ՓԲԸ իրավունքների և օրինական շահերի նկատմամբ…«Թեղուտ»: Իսկ Թեղուտի անտառի հատումը` անտեսելով նաև այնտեղ գտնվող, Հայաստանի և միջազգային Կարմիր գրքերում գրանցված բուսատեսակների, կենդանիների առկայությունը, անտառի հատման հետևանքով Թեղուտ և Շնող գյուղերին սպառնացող ջրազրկումը, արդյոք ոտնձգություն չէ՞ ոչ թե սոսկ ինչ-որ կազմակերպության, այլ հայ ժողովրդի, միջազգային Կարմիր գրքում գրանցված բուսատեսակների ոչնչացման կամ ոչնչացման սպառնալիքի առումով` նաև ողջ մարդկության իրավունքների և օրինական շահերի նկատմամբ:
Լուսանկարը` Թեհմինե Ենոքյանի, ԷկոԼուր
Հունվար 18, 2012 at 13:21
