

ԷկոԼուր
Թեժսար մենք բարձրանում ենք Մեղրաձոր գյուղի միջով: Բոլոր կիրճերը լիքն են վրաններով, որտեղ ապրում են հովիվներն իրենց ընտանիքների հետ միասին: Նրանք հիմնականում ընտրում են տեղի կիրճերը, քանի որ տվյալ տարածքի այլ վայրերում արոտները կրճատվում են, կամ էլ նրանց այնտեղ չեն թողնում: Բարձրանում ենք ավելի վեր, եւ գյուղական ճանապարհը հանկարծ անհետանում է: Նրա փոխարեն բետոնե սալաքարեր են: Սալաքարերն ավելի քան 40 տարեկան են: Դրանց վրայով մենք բարձրացանք Թեժսար: Ճանապարհը վերջացավ քարակույտի մոտ: Դա հենց նեֆիլինային սիենիտն է: Ոչ հեռվում ջրի աղբյուրներ են: Ջուրը համեղ է: Պատմում է մեղրաձորի տարեց բնակիչը. «Մենք ենք պայթեցրել այս ժայռերը, ճանապարհ ենք կառուցել: Նման ճանապարհներ հիմա չեն կառուցում` 70սմ բարձրությամբ: Այստեղ երկաթե ցանցերը լցված են բետոնով: Ճանապարհով պետք է անցնեին տրակտորներ, բեռնատարներ, ծանր տեխնիկա: Իսկ հետո շինարարությունը դադարեցրին: Բայց ճանապարհը մնաց»:
Ճանապարհը կառուցել են հատուկ Թեժսարի նեֆելինային սիենիտի հանքավայրի շահագործման համար: Ներքեւում շինության մնացորդներն են, որտեղ պետք է վերամշակեին հանքանյութը` առաջնային ալյումինի ստացման համար: ԽՍՀՄ-ում օգտակար հանածոների արդյունահանման համար չէին ափսոսում ծախսեր անել: Ալյումինն առաջնահերթային հումք էր: Եւ պետությունը գումարներ տրամադրեց դրա արդյունահանման եւ արտադրության համար: Թեժսարի վրա արդեն ծախսվել էր 120 միլիոն ռուբլի (խորհրդային չափանիշներով` 72 միլիոն նավթադոլլար), բայց հետո աշխատանքները կանգնեցվեցին:
Պատասխանը տվեց մինչեւ Միության փլուզումը ՀԽՍՀ նախարարների խորհրդի նախագահ Ֆադեյ Սարգսյանը լրագրող Յուլիա Կուլեշովային հետ հարցազրույցում (Деловой экспресс, 2005, թիվ 21): «Ալյումինի ստացման տեխնոլոգիան միչեւ վերջ փորձարկված չէր: Մասնագետներն ապացուցեցին, որ եթե կոմբինատը կառուցվի, ապա ողջ բուսականաությունը մինչեւ 15-20 կմ շառավղով կոչնչանա: Իսկ կոմբինատը կառուցվում էր հանրապետության ամենահրաշալի շրջանում, որտեղ ամեն տարի հանգստանում էր 50 000 երեխա»:
Թեժսարից 15-20 կմ շառավղով գտնվում են Մեղրաձորը, Արտավազը, Մարմարիկը, Ծաղկաձորը եւ նույնիսկ Վանաձորը: Կողքին լեռնային աղբյուրներն են, որտեղ բազմանում է կարմրախայտը, անտառները, որտեղ կարելի է հանդիպել արջերի, վարազների, նապաստակների:
Բայց մեր չինովնիկներին այդ հարստությունները, ըստ երեւույթին, հետաքրքիր չեն: Այժմ նրանք ակտիվ լոբբինգ են անում Թեժսարի նախագիծը, որը ներկայացրել է «Ալյումինա Քորփորեյշն» ՍՊԸ-ն:
Հուլիս 30, 2012 at 02:26
















