ԹԵԺ ԳԻԾ › Լեռնահանքային արդյունաբերություն ›
Ջերմուկցի երիտասարդները չեն պատրաստվում հանձնվել

Ծովինար Կարապետյան, Eritasard.am
«Ջերմուկը հանք չի դառնա» երիտասարդական նախաձեռնությունը շարունակում է պայքարել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման դեմ:
Eritasard.am-ը զրուցել է ջերմուկցի ակտիվիստների հետ: Նախաձեռնությունը սկիզբ է առել դեռեւս անցած տարվա նոյեմբեր ամսին, երբ հանքի շահագործման վերաբերյալ հանրային լսումներ էին անցկացվում:
«Ջերմուկցի երիտասարդները միանշանակ դեմ են հանքի շահագործմանը: Վստահ կարող եմ ասել, որ եթե սկսենք լուրջ քայլեր ձեռնարկել, ապա նրանց 80%-ը մեր կողքին կլինի: Հիմա ավելի շատ ինֆորմացիոն դաշտում ենք աշխատում, այսինքն` այդ ամենի անթույլատրելիության մասին ինֆորմացիան ենք տարածում: Մինչեւ վերջ էլ գնալու ենք»,- ասում է «Ջերմուկը հանք չի դառնա» նախաձեռնության ակտիվիստ Անուշավան Խաչատրյանը:
Ամուլսարի ոսկու հանքավայրի հանքային իրավունքը պատկանում է «Lydian International» ընկերությանը, որի ներկայացուցիչը Հայաստանում «Գեոթիմ» ընկերությունն է: Ամուլսարի նախագծի ներդրողների թվում են երկու ազդեցիկ ֆինանսական ինստիտուտներ` Համաշխարհային բանկի ընկերությունների խմբի մեջ մտնող Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC) եւ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (EBRD):
Երիտասարդներին, սակայն, չի վախեցնում նաեւ այն հանգամանքը, որ հանքերի չշահագործման դեպքում այնտեղ աշխատող մի շարք երիտասարդներ կմնան առանց աշխատանքի: Անուշավանը վստահեցնում է, որ այդպիսի խնդիր էլ է ծագել, բայց դա համայնքի շրջանակներում լուծվել է. «Նրանք պատրաստ են այդ աշխատանքը թողնել, որովհետեւ կա այլընտրանքային աշխատանք: Հիմա նոր առողջարան է կառուցվում, հանքային ջրերի գործարանն էլ պատրաստվում է ընդլայնվել: Եվ այդտեղ աշխատելու են միայն տեղացի մասնագետները»:
Ամուլսարի նախագծի ազդեցության գոտու մեջ ներառվել են Գորայք, Կեչուտ, Սարավան, Սարալանջ, Գնդեվազ փոքր գյուղերը, իսկ Ամուլսարի գագաթից ընդամենը12 կմ հեռավորության վրա գտնվող մոտ 6000 բնակչությամբ Ջերմուկ առողջարանային քաղաքը չի ընդգրկվել:
Հանքը շահագործող ընկերությունը նախատեսում է արդյունահանել 70 տոննա ոսկի: Տոննայի մեջ 1 գրամ ոսկու պարունակության դեպքում (թվերը` Lydian International-ի) տարածքում կմնա 70 միլիոն տոննա թափոն: Այսինքն` հանքավայրի շահագործումից հետո լցակույտերի տակ թաղված 420 հա տարածք կլինի:
Մասնագետները հավաստում են նաեւ, որ շահագործման արդյունքում կտուժի նաեւ հանքային ջրերի որակը, ինչով ամբողջ աշխարհի առաջ հպարտանում է Ջերմուկը: Ամուլսարի տարածքում աճում են 248 տեսակ բույսեր, որոնցից 6-ը գրանցված են Հայաստանի «Կարմիր գրքում»: Ապրում են 60 տեսակ կաթնասուն կենդանիներ, 12 տեսակ սողուններ, 2 տեսակի երկկենցաղներ եւ 5 տեսակ ձկներ:
Երիտասարդ ակտիվիստները, վերջերս կազմակերպված ստորագրահավաքից, քննարկումներից ու կոնֆերանսներից բացի, նկարահանել են ֆիլմ` «Սա է մեր հպարտությունը» խորագրով: Ընդ որում` այդ ամենն արել են միայն սեփական միջոցներով:
Մեկնաբանություններ: (1)
I don’t think anyone now is convinced that an open dialogue took place prior to approval of the loans, but it does seem they simply accepted Lydian PR statements to protect the environment etc. and assurances that they had obtained the necessary licenses.
Now there is a strong and growing community concern over this extraction both “development banks” are conspicuously quiet.
Eventually we can hope that the bank auditors will look carefully into how these loans were issued and the due diligence process followed and the relevant people will be brought to account.
But in the meantime the best of luck to all in trying to protect their environment and to ensure the long term economic sustainability of their communities. Taking a stand in the Amoulsar case will not only help Armenia but also future mining policy and environmental issues throughout the region.
Ավելացրեք ձեր մեկնաբանությունը