«Ալյումինա Քորփորեյշն» ՍՊԸ-ն իր կազմակերպած լսումներից հետո հեռացավ` չստորագրելով արձանագրությունը

«Ալյումինա Քորփորեյշն» ՍՊԸ-ն իր կազմակերպած լսումներից հետո հեռացավ` չստորագրելով արձանագրությունը

ԷկոԼուր

Թեժսարի նեֆելինային սիենիտների հանքավայրի շահագործման նախագիծն ապահովված չէ անհրաժեշտ փաստաթղթերով: Սա պարզվեց հուլիսի 26-ին` Արտավազի գյուղում «Ալյումինա Քորփորեյշն» ՍՊԸ-ի կողմից կազմակերպված հասարակական լսումների ընթացքում:  Նշենք, որ սա այս նախագծի վերաբերյալ անցկացվող երրորդ հասարակական լսումն էր: Առաջին անգամ լսումները հետաձգվեցին  անհայտ պատճառներով: Երկրորդ անգամ համարվեցին չկայացած «Ալյումինա Քորփորեյշն» ընկերության իրավասու ներկայացուցիչների բացակայության պատճառով: Հուլիսի 26-ին պարզվեց, որ նախագծային փաստաթղթերում բացակայում են համայնքների հետ կնքված պայմանագրերը` հողհատկացման վերաբերյալ: Չկա  ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության տրամադրած արտոնագիրը: Իսկ երկու համայնքներ չունեն զարգացման պլաններ, այսինքն` համայնքները հստակեցված սահմաններ դեռ չունեն: «ԷկոԼուր»-ի այն հարցին, թե Բնապահպանության նախարարությունն այդ դեպքում ինչպես է որոշել, թե որ համայնքները եւ ինչի հիման վրա պետք է մտնեն ազդեցության գոտու մեջ, Ազգանուշ Դռնոյանը (ՀՀ Բնապահպանության նախարարության «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ) պատասխանեց, որ խնդիրներ կան: Դրանք պայմանավորված են «Ընդերքի մասին» ՀՀ նոր օրենսգրքի

եւ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքի միջեւ առկա հակասություններով: Օրենսգիրքը թույլ է տալիս նախագծեր ներկայացնել առանց համապատասխան արտոնագրերի, իսկ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքով ենթադրվում է արտոնագրի առկայությունը: Անհասկանալի մնաց այն, թե ինչու «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ը չղեկավարվեց «սեփական» օրենքով եւ նախագիծն ընդունեց դիտարկման: Այդ գերատեսչությունն ունի այս նախագիծը մերժելու իրավունք:

«Առողջ Հրազդան» քաղաքացիական նախաձեռնության անդամ Մովսես Մանուկյանն ասաց. «Ես առաջարկում եմ, որ նախարարությունը համարի այդ հայտը` հանքը շահագործողների, թույլ հայտ եւ մերժի ուղղակի: Լսումները չեն կայացել, եւ վերջանա գնա»:

Հայաստանի կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանը ներկայացրեց նախագծի ռիսկերը, որոնցից գլխավորները յուրահատուկ առողջարանային գոտու եւ ջրային ռեսուրսների վրա ազդեցությունն է: Խոսքն այն մասին է, որ թափոններն ու լցակույտերը ուղղակիորեն ազդում են լեռնային աղբյուրների վրա, որոնցից ջուրը հոսում է ոչ միայն տեղական գետեր, այլեւ ողջ ջրային համակարգով հասնում է Արարատյան դաշտավայր:

Ազգանուշ Դռնոյանն առաջարկեց բոլոր կարծիքները ներկայացնել գրավոր տեսքով: Քննարկման ողջ ընթացքում «Ալյումինա Քորփորեյշն» ընկերության տնօրեն Էմին Կնյազյանը ոչ մի հարցի չպատասխանեց` դա թողնելով նախարարության ներկայացուցչին: Լսումների ավարտից հետո ընկերության ներկայացուցիչները հեռացան` չստորագրելով արձանագրությունը: Եւ հարցը, թե այդ դեպքում ինչպես է այն ձեւակերպվելու, բաց մնաց:

15:27 Հուլիս 27, 2012


Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news