Վանաձորի քիմկոմբինատի նոր սեփականատերն է «Գեգամետ պլյուս» ՓԲԸ-ն

Վանաձորի քիմկոմբինատի նոր սեփականատերն է «Գեգամետ պլյուս» ՓԲԸ-ն

News.am

Վանաձորի քիմկոմբինատի նոր սեփականատերն է դարձել «Գեգամետ պլյուս» ՓԲԸ-ն: NEWS.am-ի թղթակցին այդ մասին հայտնեց «Մաքս Կոնցեռնի» սեփականատեր, հանրապետական պատգամավոր Խաչիկ Մանուկյանը:

Նա տեղեկացրեց, որ կոմբինատում վերսկսվելու է կարբիդի, նաեւ արտասահմանում մեծ պահանջարկ ունեցող ֆեռոքրոմի կոնցենտրատի արտադրությունը: Ֆեռոքրոմի արտադրության համար անհրաժեշտ հումքը արդյունահանվում է Սեւանի ափի մոտ գտնվող գեգամետյան հանքավայրում եւ բնապահպանական նկատառումներով հումքը կտեղափոխվի վերամշակման Վանաձոր:

«Դրա շնորհիվ մենք կվերագործարկենք 20 տարի պարապուրդի մատնված քիմիական հսկան, կբացենք նոր աշխատատեղեր, կներգրավենք վանաձորյան մասնագետներին, որոնք արդեն կորցրել են հույսը, թե կոմբինատը կվերաբացվի եւ հայացքներն ուղղել են այլ երկրների: Այժմ գեգամետյան հանքավայրի եւ վանաձորյան քիմպրոմի հետ մենք կունենանք միջինը 250 հազար դրամ աշխատավարձով 450-500 աշխատատեղ»,- հայտնեց գործարարը:

Նախատեսվում է տարեկան արտադրել 15-20 հազար տոննա ֆեռոքրոմի կոնցենտրատ, որը հիմնականում կարտահանվի:

«Հայաստանը հավակնում է լուրջ տեղ ունենալ միջազգային մետալուրգիական շուկայում, որը զգում է ֆեռոքրոմի կարիք: Ինչ վերաբերում է կարբիդին, ապա տարածաշրջանում չկա դրա արտադրություն, քանի որ թուրքական գործարանն այժմ լուրջ հիմնախնդիրներ ունի: Այդ իմաստով մեր մրցակիցներն են Չինաստանն ու Սլովակիան: Հայկական կարբիդը նույնպես մեծ պահանջարկ կունենա միջազգային շուկայում»,- նշեց Մանուկյանը:

Նա նաեւ տեղեկացրեց, որ գործարանում ներդրվելու են բացառապես նորագույն տեխնոլոգիաներ:

«Վստահ եմ, որ կարելի է վերագործարկել քիմիական հսկան եւ այն դարձնել շահութաբեր: Թեեւ լսել եմ, որ նախկինում գործարանը ձեռքից ձեռք է անցել, բայց այդպես էլ չի գործարկվել: Կարծում եմ` դրա համար անհրաժեշտ է ցանկություն»,- ամփոփեց գործարարը:

Պատգամավորը նաեւ հայտնեց, որ Վանաձորի քիմպրոմի բաժնետոմսերի փաթեթը ձեռք է բերվել 15 միլիոն դոլարով: Արդեն ներդրվել է 45 միլիոն դոլար, եւս 15 միլիոն դոլար կներդրվի առաջիկայում: Կոմբինատի սեփականատերերն են հայկական եւ օտարերկրյա կապիտալի ներկայացուցիչները:

Անդրադառնալով գեգամետյան հանքավայրի շահագործմանը Մանուկյանը նշեց, որ այն բնապահպանական սպառնալիք չէ Սեւանին եւ շրջակա միջավայրին:

«Բոլոր բնապահպանական փորձաքննությունների տվյալները վկայում են այդ մասին»,- վստահեցրեց պատգամավորը:

Հուլիս 05, 2011 at 11:55


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր