Գեղարքունիքի մարզի Սևանա լճի ափամերձ համայնքների ներկայացուցիչների բողոքն` ուղղված EBRD-ին և IFC-ին

Գեղարքունիքի մարզի Սևանա լճի ափամերձ համայնքների ներկայացուցիչների բողոքն` ուղղված EBRD-ին և IFC-ին

ԷկոԼուր

Գեղարքունիքի մարզի 18 հասարակայնության ներկայացուցիչները բողոք են ուղղել Վերակառուցման եւ զարգացման բանկին (EBRD) եւ համաշխարհային բանկի կազմի մեջ մտնող Միջազգային ֆինանսական կորպորացիային (IFC) Ամուլսարի ծրագրի վերաբերյալ: Նամակում ասված է.

«Մենք` ակտիվ հասարակության ներկայացուցիչներս, բնակվում ենք Գեղարքունիքի մարզում, Սևանա լճի ափամերձ համայնքներում և ծանոթացանք 28.11.2014թ-ին հրապարակված Ամուլսարի ոսկու հանքավայրի նախագծի վերաբերյալ ՀՀ բնապահպանության նախարարության «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ի եզրակացության հետ:

Եզրակացության մեջ ասված է, որ նախագծի տարածքը Սևանա լճի անմիջական ազդեցության գոտում է (պահանջ 1. «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի համաձայն` Սևանա լճի ավազանի անմիջական ազդեցության գոտին հանդիսանում է հատուկ կարգավորման օբյեկտ և քաղաքաշինական գործունեության իրականացման ժամանակ անհրաժեշտ է առաջնորդվել ՀՀ կառավարության «Հատուկ կարգավորվող տարածքներում քաղաքաշինական գործունեության կարգի հաստատման մասին» N792-N որոշմամբ և «Սևանա լճի ջրհավաք ավազանի տարածքի գլխավոր հատակագծի հաստատման մասին» 11.12.2003թ. N1787 որոշմամբ):

Այս պայմանից հետևում է, որ մենք` Սևանա լճի ափամերձ համայնքների բնակիչներս, նույնպես գտնվում ենք Ամուլսարի նախագծի անմիջական ազդեցության գոտում: Եթե ՀՀ բնապահպանության նախարարության պահանջը չկատարվի, իսկ Սևանի ջուրը Ամուլսարում Արփա-Սևան ջրանցքի միջոցով աղտոտվի հանքարդյունաբերական թափոններով, ապա մենք` ավելի քան 40 համայնքների բնակիչներս, կհայտնվենք մեր գոյության միակ աղբյուրի` Սևանա լճի  կորստի վտանգի առջև: Գեղարքունիքի մարզում շատ խիստ կլիմայական պայմաններ են: Ծովի մակերևույթից ավելի քան 2000 մ բարձրության վրա նոսր բուսականություն է: Մենք այստեղ եկել և մնացել ենք միայն հանուն Սևանի: Մեր եկամուտներն ուղղակիորեն կախված են լճի էկոլոգիական վիճակից, ջրի մաքրությունից, ձկան պաշարներից, տուրիստական գործունեությունից և այլն: Ամուլսարի նախագծի ազդեցության հարցում մենք անմիջական շահագրգիռ կողմ ենք: Սակայն Ամուլսարի նախագծում որոշումների կայացման գործընթացում Օրհուսի կոնվենցիայով, «Շրջակա միջավայրի վրա ազդեցության  գնահատման եւ փորձաքննության մասին ՀՀ օրենքով  ամրագրված մեր իրավունքներն արհամարվել են: Բնապահպանության նախարարությունը, որը սահմանում է նախագծի ազդեցության տակ գտնվող համայնքների ցուցակը, չի ներառել մեր համայնքները որպես ազդակիր: Իսկ «Գեոթիմ» ՓԲԸ-ն, որը լիազորված է «Շրջակա միջավայրի վրա ազդեցության  գնահատման եւ փորձաքննության մասին»  ՀՀ օրենքով  սահմանված կարգով անցկացնել հասարակական լսումներ նախագծի ազդեցության տակ գտնվող համայնքներում, պատշաճ կերպով չի տղեկացրել մեզ և չի կազմակերպել քննարկումներ մեր համայնքներում:

Մենք կարծում ենք, որ ՀՀ կառավարության և ընկերության կողմից մեր օրինական իրավունքների խախտումը հակասում է միջազգային ֆինանսական կառույցների` IFC-ի և EBRD-ի սոցիալական և էկոլոգիական քաղաքականության մեջ ամրագրված ստանդարտներին,:

Խախտված է գործունեության թիվ 1 ստանդարտը` Էկոլոգիական և սոցիալական ռիսկերի ու ազդեցությունների կառավարում և գնահատում, կետ 12 (IFC-ի ստանդարտներ). «Եթե նախագծի շրջանակներում սահմանված են կոնկրետ ֆիզիկական էլեմենտներ, ասպեկտներ և օբյեկտներ, որոնք կարող են ազդեցություն ունենալ, ապա էկոլոգիական և սոցիալական գնահատման գործընթացում հաճախորդը պետք է հայտնաբերի առանձին անհատների և խմբերի, որոնք կարող են անմիջականորեն, հատուկ կամ անհամաչափ ազդեցություն կրել նախագծից` անբարենպաստ և խոցելի վիճակում լինելով»: Բայց մեր խումբը չի հայտնաբերվել Ամուլսարի ծրագրի ՇՄԱԳ-ի ներկայացման ժամանակ, չնայած նրան, որ Սևանա լճի վրա ազդեցության հարցը բազմիցս շեշտվել է հասարակական քննարկումների ժամանակ: Արհամարված են «Տեղեկատվական խորհրդատվություն և մասնակցություն» 31 կետի դրույթները. «Այն նախագծերի դեպքում, որոնք կարող են ունենալ զգալի անբարենպաստ ազդեցություն ազդակիր համակեցությունների վրա, հաճախորդը պետք է անցկացնի ազդակիր համակեցությունների Տեղեկատվական խորհրդատվության և մասնակցության գործընթաց, որը կկառուցվի վերը նշված խորհրդատվության սկզբունքների վրա և կունենա ազդակիր համակեցությունների գիտակցված մասնակցության արդյունք:: Հայտնում ենք, որ մեզ հետ ոչ մի տեղեկատվական խորհրդատվություն չի անցկացվել` ոչ համայնքների մակարդակով, ոչ էլ Գեղարքունիքի մարզպետարանի:

Խախտված է գործունեության թիվ 4 ստանդարտը` «Բնակչության անվտանգության ապահովումը և առողջության պահպանումը, կետ «Քաղցրահամ ջրի քանակի, որակի և հասանելիության բացասական ազդեցության մասին, ինչը կարող է ստեղծել ռիսկեր առողջության համար և վատ հետևանքների պատճառ հանդիսանալ»:

Խախտված է գործունեության թիվ 5 ստանդարտը` «Հողային տարածքների ձեռքբերում և ոչ կամավոր վերաբնակեցում»: Հայտնում ենք, որ անմիջական ազդեցության տակ գտնվող ափամերձ համայնքների հետ ոչ ոք չի քննարկել ոչ կամավոր վերաբնակեցման հարցը այն դեպքում, եթե Սևանա լիճը ենթարկվի աղտոտման վտանգի:

Այդ նույն ստանդարտները ամրագրված են EBRD-ի սոցիալ-էկոլոգիական քաղաքականության մեջ: Ի հավելում նշենք, որ խախտված է գործունեության արգելքը, որը ծրագիրն իրականացնող երկրի օրենսդրությամբ կամ կենսաբազմազանության պահպանման կամ մշակութային ժառանգության մասին միջազգային կոնվենցիաներով է արգելված:

Խախտումն այն է, որ Սևանա լճում բնակվում են իշխանի գեղարքունի և ամառային բախտակ էնդեմիկ տեսակները, որոնք պաշտպանված են «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքով, եւ որոնք կարող են տուժել արդյունաբերական թափոններով պայմանավորված ջրի քիմիական կազմի փոփոխության դեպքում:

Ամուլսարի ծրագրի վերաբերյալ պատճաշ տեղեկատվության բացակայությունը և որոշումների կայացման գործընթացում մասնակցություն ունենալու մեր իրավունքների արհամարհումը մեզ` Սևանա լճի աձամերձ համայնքների բնակիչներիս, հնարավորություն չի տվել լիարժեք մասնակցություն ունենալ Ամուլսարի ծրագրի քննարկումներին:  

Կարծում ենք, որ նման պայմաններում անհրաժեշտ է վերանայել բնապահպանական փորձաքննության եզրակացությունը, ներառել Սևանա լճի ափին տեղակայված 40 համայնքները Ամուլսարի ծրագրի ազդեցության գոտում և կազմակերպել հանրային լսումներ մեր համայնքներում եւ միայն դրանից հետո որոշում կայացնել այն մասին, թե ինչ եզրակացություն պետք է տրամադրի «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ը Ամուլսարի ծրագրին:

Կարծում ենք, որ մեր իրավունքների խախտված են և դա չի համապատասխանում IFC-ի և EBRD-ի ստանդարտներին: Խնդրում ենք պարտադրել «Lydian International» ընկերությանը և Հայաստանում նրա ներկայացուցիչ «Գեոթիմ» ՓԲԸ-ին հետ կանչել իրենց նախագիծը և ներառել դրա մեջ Սևանա լճի և նախագծի անմիջական ազդեցության տակ գտնվող համայնքների վրա ազդեցության գնահատականը:

Գեղարքունիքի մարզի ակտիվ հասարակության անունից (կից ենրկայացված է ցուցակը)

Բողոքը ուղղում է «Մարտունու կանանց համայնքային խորհրդի» նախագահ Անահիտ Գևորգյանը

Կոնտակտ. Հայաստանի Հանրապետություն, Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, փ. Պռոշյան, տ. 8, հեռ. (094) 21-13-96, Email: [email protected]»:

Դեկտեմբեր 11, 2014 at 13:16


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր