Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Գրանցվեք այստեղ, որպեսզի ստանաք թեժ էկոլոգիական տեղեկատվութուն

Ձեր անունը:
E-mail:

ԹԵԺ ԳԻԾԼեռնահանքային արդյունաբերություն

Ձորագետով ջրի փոխարեն թափոններ են հոսում

Wastes Flowing in Dzoraget River Instead of Water
16:01 Օգոստոս 06, 2012

ԷկոԼուր

Լոռու մարզի Ձոագետ գետի աղտոտման առնչությամբ Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնությունը հանդես է եկել հայտարարությամբ:

Հայտարարության մեջ նշված է. «Արմանիսին հարակից տարածքում «Սագամար» ՓԲ ընկերությանը պատկանող ոսկու հանքավայրի շահագործումն սկսելուց ի վեր պարբերաբար աղտոտվում է հանքավայրին հարակից Ձորագետը: Այս խնդրի առնչությամբ դեռեւս 2012 թվականի փետրվար ամսին Ստեփանավանի քաղաքապետարանին կից ստեղծվել էր մոնիթորինգային խումբ, որը պետք է ուսումնասիրություն իրականացներ եւ պարզեր գետի աղտոտման պատճառները: Այդ խմբի աշխատանքների եւ դրանց արդյունքների վերաբերյալ մինչ օրս որեւէ տեղեկատվություն չի հրապարակվել:

Վերոհիշատակյալ «Սագամար» ընկերությունը, իր ստացած հանքավայրի շահագործման լիցենզային պայմանագրի համաձայն, իբր պետք է աշխատի գերժամանակակից` փակ ջրաշրջանառության եղանակով, առանց շրջակա միջավայր թափոններ արտանետելու: Հիշեցնենք, որ այդ նույն` գերժամանակակից լուծումներով է խոստանում աշխատել նաեւ Ամուլսարի շահագործման համար տվայտվող ընկերությունը:

Օրեր առաջ հերթական անգամ գետն աղտոտվել է անհասկանալի բաղադրություն ունեցող մեծածավալ կեղտաջրերով, որի համար ոչ ոք պատասխանատվություն չի ստանձնել, իսկ բնապահպանական տեսչությունը մինչ օրս որեւէ գործողություն չի կատարել: Հաշվի առնելով հայաստանյան այն իրականությունը, որ բնապահպանական տեսչությունը բացարձակ անգործության է մատնված, Հայաստանում չեն պահպանվում հանքարդյունահանող ընկերությունների լիցենզային պայմանագրերով սահմանված բնապահպանական նորմերն ու անվտանգության պայմանները:

Մենք հետամուտ ենք լինելու Ձորագետի աղտոտման պատճառները պարզելու եւ բոլոր մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար: Կոչ ենք անում Ստեփանավան քաղաքի եւ հարակից համայնքների երիտասարդներին համախմբվել Ստեփանավանի եւ Լոռվա մարզի բնության պահպանության նպատակով: Մենք պատրաստ ենք ամեն կերպ աջակցել տեղի բնակիչներին հանքարդյունաբերական չարիքի դեմ պայքարելու գործում եւ ակնկալում ենք ձեր գործուն մասնակցությունը Ստեփանավանը, Թեղուտը, Ջերմուկը եւ մեր երկրի մյուս հատվածները կեղեքիչ շահագործումից պաշտպանելու համար»:

Հիշեցնենք, որ Ձորագետի աղտոտման առնչությամբ ՀՀ բնապահպանության նախարարությանն ուղղված «ԷկոԼուր»-ի ահազանգերին ի պատասխան, նախարարությունից տեղեկացրել են, որ «Սագամար» ընկերությունը ընդգրկված է ՀՀ բնապահպանության նախարարության կողմից 2012թ. ստուգման ենթակա կազմակերպությունների ցանկի մեջ:

Լուսանկարը` Ստեփանավանի Օրհուս կենտրոնի համակարգող Մանյա Մելիքջանյանի



Առնչվող նյութեր