Ում մասին է հոգ տանում կառավարությունը, որ չի նկատում հակասությունները սեփական հայտարարությունների մեջ

Ում մասին է հոգ տանում կառավարությունը, որ չի նկատում հակասությունները սեփական հայտարարությունների մեջ

ԷկոԼուր

ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը հայտարարություն է արել այն մասին, որ հանքարդյունաբերությունն այժմ ծանր վիճակում է, և հունվարի 26-ին իր մոտ է հավաքել հանքարդյունաբերող ընկերություններին, որպեսզի քննարկեն՝ ինչպես կարելի է օգնել նրանց` հաղթահարելու մետաղների միջազգային շուկայում ճգնաժամը: Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության հունվարի 26-ին տարածած մամլո հաղորդագրության մեջ մասնավորապես ասված է. «...Նախարար Ե. Զախարյանն անդրադարձավ արտաքին շուկաներում հանքահումքային ապրանքների, մասնավորապես պղնձի և մոլիբդենի գների անկմանը, նշելով, որ ստեղծված իրավիճակը իսկապես անհանգստացնող է։ Ուստի անհրաժեշտ է համախմբել ջանքերը՝ իրավիճակից ելքեր գտնելու եւ ոլորտի ընկերությունների մոտ առաջացած դժվարությունները համատեղ ուժերով հաղթահարելու համար։ Առավել ևս, որ տնտեսության այս ճյուղն ունի նաև կարևոր սոցիալական նշանակություն։ Այն ապահովում է մի քանի հազար աշխատատեղ...»։ Հանքարդյունաբերող ընկերություններին օգնելու նպատակով նախարարն առաջարկեց իրականացնել օրենսդրական փոփոխություններ և տրամադրել ֆինանսական աջակցություն այդ ընկերություններին:

Հիշեցնենք, որ ի պատասխան հասարակության, գիտնականների, անկախ փորձագետների, տնտեսագետների անհանգստություններին, որ հանքարդյունաբերությունն այն տեսքով, որով զարգանում է, չի կարող լինել առաջնային Հայաստանի տնտեսական և սոցիալական զարգացման համար, կառավարությունը միշտ նշում է, որ դա մեր փաստացի միակ միջոցն է մրցունակ լինելու, որ այստեղ արվում են ներդրումներ, որ մենք ընդլայնում ենք այս ոլորտը նոր աշխատատեղեր ստեղծելու նպատակով, որ այն լցնում է բյուջեն և այլն: Եվ հանկարծ մեր «առաջնահերթությունը» ունի բոլոր հիմքերը դառնալու բալաստ, փակել աշխատատեղերը, փակել հանքերը և հեռանալ երկրից, որովհետև «եկամուտները նվազում են»:

Հարց է առաջանում, եթե խոսքը հանքարդյունաբերող ընկերությունների եկամուտների նվազման մասին է, ապա կոնկրետ ո՞ր եկամուտների: Մետաղների գները կարելի է իմանալ բորսային ցուցանիշներից, բայց ընկերությունների եկամուտները թաքցված են օֆշորային գոտիներում: Մենք նպատակահարմար ենք համարում բացել տեղեկատվությունը՝ որքան եկամուտ են ստանում «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն, «Թեղուտ» ՓԲԸ-ն, «Սագամար» ՓԲԸ-ն, «Լեռ Էքս» ՍՊԸ-ն, «Գոլդեն Օրե» ՍՊԸ-ն, «Ախթալայի ԼՀԿ» ՓԲԸ-ն, «Մոլիբդենի աշխարհ» ՍՊԸ-ն, «Դանդի Փրիշս Մետալս Կապան» ՓԲԸ-ն, «Մեգո Գոլդ» ՍՊԸ-ն, «Գեոպրոմայնինգ Գոլդ» ՓԲԸ-ն, «Մուլտիգրուպ Կոնցերն» ՍՊԸ-ն, «Էլվի Գոլդ Մայնինգ» ՍՊԸ-ն, «Վայք Գոլդ» ՍՊԸ-ն, «Սիփան-1» ՍՊԸ-ն, «Մարջան Մայնինգ Քոմպանի» ՍՊԸ-ն, «Արմենիա Քափըր Փրոգրամ» ՓԲԸ-ն, «Թաթսթոուն» ՍՊԸ-ն, «Ատ Մետալս» ՍՊԸ-ն, «Ֆորչուն Ռեսորսիս» ՍՊԸ-ն, «Պարամաունթ Գոլդեն Մայնինգ» ՓԲԸ-ն, «Մեղրաձոր Գոլդ» ՍՊԸ-ն, և ովքեր են այս ընկերությունների սեփականատերերը, որոնք մեր բյուջեի կարիքն ունեն, և, հետևաբար, մեր անձնական միջոցների:

Հունվար 27, 2016 at 14:05


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր