ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության պատասխանը ռադիոակտիվ թափոնների և աշխատած միջուկային վառելիքի կառավարման վերաբերյալ ԷկոԼուրի առաջարկություններին

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության պատասխանը ռադիոակտիվ  թափոնների  և  աշխատած միջուկային վառելիքի կառավարման վերաբերյալ ԷկոԼուրի առաջարկություններին

ԷկոԼուր

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների (ԷԵԲՊ) նախարարությունը իր պատասխան նամակով վստահեցնում է ԷկոԼուրին, որ ռադիոակտիվ թափոնների և աշխատած միջուկային վառելիքի պահեստարանների արդիականացման, կառուցման և շահագործման անվտանգության ապահովման կարգի, ռադիոակտիվ թափոնների վերամշակման անվտանգության կարգի, միջոցառումների իրականացման վերաբերյալ հանրային իրազեկման և մասնակցության կարգի վերաբերյալ իրավական ակտեր առկա են օրենսդրական դաշտում: Ըստ նախարարության` դրանք մշակել է ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեն:

Հիշեցնենք, որ ԷկոԼուրը կարծիք էր ուղարկել ԷԵԲՊ նախարարություն «ՀՀ-ում առաջացած ռադիոակտիվ թափոնների և աշխատած միջուկային վառելիքի անվտանգ կառավարման ռազմավարության դրույթների իրականացումն ապահովող 2018-2026թթ. միջոցառումների ծրագիրն ու ծրագրի իրականացման համար մշակված գործողությունների պլան-ժամանակացույցը հաստատելու մասին» որոշման նախագծի վերաբերյալ` ներկայացնելով առաջարկություններ: Մասնավորապես առաջարկվել է որոշման նախագծում ներառել` ռադիոակտիվ թափոնների և աշխատած միջուկային վառելիքի պահեստարանների արդիականացման, կառուցման և շահագործման անվտանգության ապահովման կարգի, ռադիոակտիվ թափոնների վերամշակման անվտանգության կարգի, միջոցառումների իրականացման վերաբերյալ հանրային իրազեկման և մասնակցության կարգի վերաբերյալ իրավական ակտերի մշակման միջոցառումներ: Ի պատասխան ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը նամակով հավաստիացրել է. «… մեզ համար առաջնահերթ հարցերից է շրջակա միջավայրի ու բնակչության վրա ազդեցություն ունեցող ցանկացած գործունեության իրականացման դեպքում` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հանրությանը ներգրավելը: Միևնույն ժամանակ տեղեկացնում ենք, որ առաջարկված իրավական ակտերն արդեն առկա են ՀՀ օրենսդրական դաշտում: Վերոնշյալ իրավական ակտերը մշակվել են ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի կողմից, որը հանդիսանում է ոլորտում կարգավորող վերահսկողություն իրականացնող մարմին»:

Նշենք, որ ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի կայքում` «Օրենսդրություն» բաժնում, ռադիոակտիվ թափոնների վերաբերյալ կառավարության 12 որոշում կա, որոնք վերաբերում են ռադիոակտիվ թափոնների պահեստարանների և գերեզմանոցների հրապարակի ընտրման, նախագծման, կառուցման, շահագործման, դրանք շահագործումից հանելու, ռադիոակտիվ թափոնների պահման, վերամշակման, ներմուծման և արտահանման համար լիցենզա տրամադրելուն: ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեն 2018թ-ին է նախատեսում ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնել «Ռադիոակտիվ թափոնների կառավարման կանոնները հաստատելու եւ ՀՀ կառավարության 2009 թվականի հունիսի 4-ի N 631-Ն որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որի ընդունմամբ (2018թ․ նոյեմբերի 3-րդ տասնօրյակ) Հայաստանում կներդրվեն ռադիոակտիվ թափոնների անվտանգ կառավարման հարաբերությունները կարգավորող՝ միջազգայնորեն ընդունված անվտանգության ապահովման նորագույն մոտեցումներին համապատասխանող պահանջներ, այդ թվում՝ Եվրոպական միության դիրեկտիվների դրույթները։

 

15:50 Հունիս 01, 2018


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news