ԷկոԼուր
Հայկական ատոմային էլեկտրակայանի գործածած ռադիոակտիվ վառելիքը պահվում է անվտանգ պայմաններում, վստահեցնում է Միջուկային եւ ռադիացիոն անվտանգության գիտատեխնիկական կենտրոնի առաջատար մասնագետ Սուրեն Բզնունին: Նա հոկտեմբերի 23-25-ը Երեւանում տեղի ունեցած «Գլոբալ անվտանգության կոնտեքստում գիտության պատասխանատու կառավարումը. ինչպե՞ս բարձրացնել պատասխանատվության գիտակցումը» միջազգային գիտաժողովի ընթացքում ներկայացրեց զեկույց` նվիրված Հայաստանում ռադիոակտիվ նյութերի նկատմամբ վերահսկողությանը:
Գիտաժողովի մասնակիցներ Սուրեն Բզնունու եւ «Հայատոմ» ինստիտուտի գլխավոր տնօրեն Վահրամ Պետրոսյանի հետ հարցազրույցում «ԷկոԼուր»-ն անդրադարձավ ՀԱԷԿ-ի գործածած ռադիոակտիվ վառելիքի պահման խնդրին: Ինչպես հայտնի է, գործածված վառելիքը պետք է տարվի Ռուսաստան: Սակայն դրա համար հարկավոր է ապահովել դրա դուրս բերումը երկաթուղու միջոցով: Շրջափակման պատճառով ճանապարհը փակ է, եւ գործածված ռադիոակտիվ վառելիքը մնում է Հայաստանում:
Սուրեն Բզնունի.
-Ատոմային էներգետիկան բոլորիս ժառանգությունն է: Մեր խնդիրն է ապահովել անվտանգություն, եւ մենք այն կատարում ենք: Պահեստը համապատասխանում է անվտանգության միջազգային բոլոր չափանիշներին:
ԷկոԼուր.
-Իսկ հետո՞, երբ պահեստը կլցվի:
Սուրեն Բզնունի.
- Այդ հարցին վերջնական լուծում դեռ չկա: Գլխավորն այն է, որ լուծվել է գործածված միջուկային վառելիքի անվտանգ պահելու հարցը:
ԷկոԼուր.
- Մենք գործածված վառելիքը Ռուսաստան չենք տանում, քանի որ երկաթուղային հաղորդակցությունը փակ է: Ապա ի՞նչ անենք, տեղո՞ւմ վերամշակենք:
Սուրեն Բզնունի.
- Հայաստանը միջուկային վառելիքի վերամշակման տեխնոլոգիաներ չունի: Ընդհանրապես աշխարհում սահմանափակ թվով երկրներ ունեն նման տեխնոլոգիաներ:
ԷկոԼուր
- Մեզ մոտ կուտակվում են ռադիոակտիվ նյութեր: Կառուցենք մեկ այլ ժամանակավոր պահեստ` երրորդը… Այդ խնդրի վերաբերյալ գիտական լուծումներ չկա՞ն:
Սուրեն Բզնունի.
Գիտությունը լուծում ունի: Այլ հարց է, թե ինչպես այդ լուծումները օգտագործել: Օրինակ, Շվեդիայում թափոնները պահում են ժայռերում: Վերջին հաշվով որոշումն ընդունում ենք մենք` բոլորս, այսինքն` սոցիումը: Մենք էներգետիկ անվտանգության խնդիր ունենք: ՀԱԷԿ-ն ապահովում է արտադրվող էլեկտրաէներգիայի 40%-ը: Եթե չլինի ՀԱԷԿ-ը, ապա մենք ի՞նչ ենք անելու, ածո՞ւխ ենք վառելու:
Վահրամ Պետրոսյան.
- Մեզ մոտ` ՀԱԷԿ-ում, ժամանակակից տեխնոլոգիաներ են կիրառվում: Սկզբում որպեսզի գործածված վառելիքի ռադիացիայի մակարդակը իջեցվի, երեք տարի վառելիքով կասսետները պահվում են ջրավազանում, հետո ֆրանսիական տեխնոլոգիայով տեղադրվում են չոր պահեստում 50 տարով: Թափոնները թաղում են հատուկ գերեզմանոցներում: Մենք դեռ գերեզմանոց չունենք, բայց տեղ ենք փնտրում կառուցելու համար: Նման պոտենցիալ վայրեր կան, օրինակ, աղի հանքերում կամ Արագածի մոտ: Նման թափոնների ծավալները մեծ չեն: Բայց պետք է ուսումնասիրել բոլոր գործոնները` սեյսմիկան, ենթակառուցվածքը, հաղորդակցությունները եւ այլն: Ես կարծում եմ, որ 50 տարվա ընթացքում գերեզմանոցների անվտանգությունն ապահովող տեխնոլոգիաները կլավանան:
Հոկտեմբեր 25, 2012 at 19:02