Ատոմային էներգետիկայի զարգացումը Հայաստանում. խնդիրներ և լուծումների որոնում

Ատոմային էներգետիկայի զարգացումը Հայաստանում. խնդիրներ և լուծումների որոնում

ԷկոԼուր

Հայկական ատոմային էլեկտրակայանի շահագործման ժամկետի երկորդ երկարացումը 2026 թ. հետո, և նոր ատոմակայանի կառուցում: Այս հարցերը քննարկվեցին փետրվարի 28-ին Երևանում տեղի ունեցած «Ատոմային էներգետիկայի զարգացման հեռանկարները Հայաստանում» պանելային քննարկման ընթացքում: Միջոցառումը կազմակերպվել էր «Ռոսատոմ» պետական կորպորացիայի և «ԱՐՄԱՏՈՄ» ՓԲԸ-ի գիտահետազոտական ինստիտուտի կողմից:

Մինչև 2026 թ.ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգումն արդեն կասկած չի հարուցում: Այդ մասին հայտարարել են պետական պատասխանատու գերատեսչությունների և ոլորտային ձեռնարկությունների ներկայացուցիչները: ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ատոմային էներգետիկայի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Նունե Ալեքյանի խոսքով՝ մինչև 2040թ-ը Հայաստանի էներգետիկայի զարգացման վերաբերյալ մշակվող ռազմավարության մեջ հիմնական ուղղություններից մեկը համարվում է ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարացումը մինչև 2026 թ.: «Եթե մինչ այդ պահը կապացուցվի շահագործման հետագա անվտանգությունը, ապա շահագործումը կարելի է երկարացնել ևս 10 տարով (մինչև 2036 թ.)»,- նշեց նա և ընդգծեց, որ մինչև 2036 թ. ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկրորդ երկարաձգումը համարվում է կառավարության էներգետիկ քաղաքականության առաջնահերթ ուղղություն նաև այն պատճառով, որ նշանակալից ներդրումներ չի պահանջում: Ինչ վերաբերում է նոր ՀԱԷԿ-ի կառուցմանը, ապա Նունե Ալեքսյանի խոսքով, կառավարությունը կարծում է, որ նոր ՀԱԷԿ-ն անհրաժեշտություն է: «Այդ նպատակով ուսումնասիրվում է նոր տեխնոլոգիաների և նոր ռեակտորների ոլորտը, հասկանալու համար, թե հնարավոր է արդյոք կառուցել ատոմային էլեկտրակայանի փոքր մոդուլներ», - նշեց:

ՀԱԷԿ-ի փոխտնօրեն Գերա Սևիկյանը հայտնեց ներկայումս ՀԱԷԿ-ում ընթացող աշխատանքների մասին՝ ընդգծելով, որ արդիականացման շնորհիվ էլեկտրաէներգիայի արտադրողականությունը բարձրացել է 10-15%-ով, իրականացվել են անվտանգության բարձրացմանն ուղղված աշխատանքներ: Նա նաև նշեց, որ մշակվել է ՀԱԷԿ-ի 2026 թ. հետո շահագորժման ժամկետը երկրորդ անգամ երկարացնելու հայեցակարգը: «Նոր հզորությունների կառուցումը երկար գործընթաց է: Եթե նոր ԱԷԿ-ի կառուցումը սկսվի 2022 թ., ապա գործընթացը դեռ 10-15 տարի կտևի: Մենք 2026 թ. չենք ունենա փոխարինող հզորություն, այնպես որ 2026 թ. հետո ՀԱԷԿ-ի ժամկետի երկրորդ/կրկնակի երկարացումն անհրաժեշտություն է»,- ասաց նա:

Չնայած այդ ամենին, Հայաստանի ատոմային էներգետիկայի զարգացման ընդհանուր հեռանկարները ոչ միանշանակ են գնահատվում: Ծագում են հարցեր Հայաստանի Հանրապետության` մի կողմից և Եվրոպական Միության և Ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների միջև, մյուս կողմից՝ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (СЕРА) առնչությամբ, ինչպես նաև՝ մինչև 2040 թ. էներգետիկայի զարգացման ռազմավարության մշակման վերաբերյալ: Էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտի Էներգետիկայի ռազմավարական կենտրոնի տնօրեն Վահան Սարգսյանը ներկայացրեց Հայաստանում էներգետիկայի՝ նվազագույն ծախսերով զարգացման ծրագիրը, որը մշակվել է Միացյալ Նահանգների զարգացման գործակալության (USAID) աջակցությամբ իրականացված «Շուկայի ազատականացում և էլեկտրաէներգիայի առևտուր/առքուավաճառք» հետազոտական նախագծում: Ըստ իրենց կողմից ներկայացված սցենարների՝ ատոմային էներգետիկայի զարգացման վերաբերյալ ռազմավարությունն առաջարկում է ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետը երկարացնել մինչև 2032 կամ 3037 թթ.: Միևնույն ժամանակ, առաջարկվում է փոքր ատոմային մոդուլների կառուցում՝ կա՛մ 300 ՄՎտ SMR, կա՛մ 600 ՄՎտ LWR հզորությամբ:

Ինչպես երևում է՝ նոր 1200 ՄՎտ հզորությամբ էներգաբլոկի կառուցում չի դիտարկվում, չնայած հենց այդ հզորությունն է ամրագրված նոր ատոմային կայանի կառուցման մասին օրենքում: Դեռևս օրենքը ուժը կորցրած չի ճանաչվել:

ՄԱԿ-ի էներգետիկայի ազգային փորձագետ, Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ Արա Մարջանյանն ընդգծեց, որ համաձայնագրի ամբողջական անվանումը առանձնակի կարևորություն է տալիս միջուկային էներգիայի զարգացմանը վերաբերող հարցերին: Արա Մարջանյանի զեկույցը հենց այդպես էլ կոչվում է՝ «Ատոմային ոլորտի զարգացման հեռանկարները Հայաստանում. Նվազագույն ծախսերով ռազմավարությունն ընդդեմ Պլանի»:

СЕРА-ի համաձայնագրի երկրորդ գլուխ, էջ 42, կետ 2-ում մասնավորապես նշված է.

«Մեծամորի ատոմային էլեկտրակայանի փակումն ու անվտանգ ապագործարկումը եւ այդ առումով ճանապարհային քարտեզի կամ գործողությունների պլանի հնարավորինս շուտ ընդունումը՝ հաշվի առնելով նոր հզորությամբ դրա փոխարինման անհրաժեշտությունը՝ Հայաստանի Հանրապետության էներգետիկ անվտանգությունը եւ կայուն զարգացման պայմաններն ապահովելու նպատակով....»

Միևնույն ժամանակ, Մարջանյանն ասաց, որ նվազագույն ծախսերի տեսանկյունից էներգետիկայի զարգացման հիմնական սցենարը դիտարկում է ՀԱԷԿ-ի փակումը 2027թ-ին, ինչից հետո միջուկային էներգետիկան Հայաստանում բացակայում է: Դրա փոխարեն նախատեսվում արևային և հողմային էներգետիկայի զարգացում, որոնք ճանաչվել են նվազագույն ծախսերով գեներացիոն աղբյուրներ: 16 սցենարից 4-ը ատոմային բաղադրիչ ունեն, որտեղ հաշվի է առնված ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկրորդ երկարացումը 5 և 10 տարով: Միևնույն ժամանակ, նախատեսվում է նոր ատոմային կայանի կառուցում փոքր հզորությամբ մոդուլներով(60х60 ՄՎտ) կամ թեթև ջրի ռեակտորով(600 Մվտ): Բայց Մարջանյանի խոսքով, այդ 4 սցենարներից ոչ մեկը չի ճանաչվել որպես նվազագույն ծախսերով սցենար: «Դիտարկված 16 սցենարներից ոչ մեկը չի նախատեսում Իրանից բնական գազի մատակարարման ավելացում, կամ Թուրքմենստանից գազի վերաարտահանում, կամ գազի տարանցում Հայաստանի տարածքով դեպի Վրաստան: Հակառակը, 15 սցենար նախատեսում են 2036 թ-ին Իրանից գազի մատակարարման ծավալների նվազեցում 38%-ով, դրանցից միայն մեկը՝ ներկա մատակարարման մակարդակի պահպանում:

Դիտարկված սցենարներից և ոչ մեկը չի նախատեսում Հայաստանի փոխակերպումը էլեկտրաէներգետիկ «հաբի» (արտահանում, արտահոսքեր, պիկային էլեկտրաէներգիա): 1994, 1996, 2004, 2006, 2012, 2016 և 2019 թթ. 7 պլաններից և ոչ մեկը չի դիտարկում Հայաստանի տնտեսության էներգետիկ սեկտորը որպես մեկ ամբողջություն, մասնավորապես՝ որպես էլեկտրաէներգետիկայի, տրանսպորտի և ջեռուցման ամբողջություն, և դրանցից ոչ մեկը չի դիտարկում Հայաստանի էներգետիկ անվտանգությունը, չի մոդելավորում այն: Նմանատիպ համակարգային մոտեցում նախատեսված չէ նաև 2020-2040թթ. ռազմավարության համար»,- ասաց նա: Արա Մարջանյանը նշեց, որ СЕPA-ի պայմանների խստորեն կատարման և ՀԱԷԿ-ի երկրորդ էներգոբլոկի՝ մինչև 2026 թ. շահագործման երկարացման դեպքում Հայաստանը երաշխավորված և, ըստ ամենայնի, հավերժ կկորցնի էներգետիկայի ատոմային բաղադրիչը: Իսկ 2-րդ բլոկի շահագործման ժամկետի երկարացումը մինչև 2040 թ. պարզապես հետաձգում է այդ կորստի ժամկետը:

«էկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի այն հարցին, թե կառավարության ինչպիսի որոշումներ են մշակվում ՀԱԷԿ-ի փակման վերաբերյալ ճանապարհային քարտեզի իրականացման համար, Նունե Ալեքյանն ասաց, որ առաջին հերթին դրանք ռադիոակտիվ թափոնների թաղման և կառավարման հետ կապված ծրագրերն են: Միևնույն ժամանակ բարձրացվեց Սևջուր գետի և Ակնալճի ջրային ծավալների կտրուկ նվազման խնդիրը, որոնցից ՀԱԷԿ-ի համար ջրառ է իրականացվում: Մակերեսային ջրերը խորքային հորերով փոխարինելու վերաբերյալ պատասխանը մեզ համար գոհացուցիչ չէ, քանի որ փորձագիտական և կառավարական մակարդակով Արարատյան դաշտի ստորերկրյա ջրերի հաշվեկշիռը, որի տարածքում գտնվում է ՀԱԷԿ-ը, համարվում է խախտված, խորքային հորերը չորանում են և չեն կարող համարվել կայուն ջրային ռեսուրս: Այլ օպտիմալ լուծումներ չեն առաջարկվել:

 

16:05 Մարտ 10, 2020


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news