ՀՀ կառավարութունը կնվազեցնի «Մեծամորէներգոատոմ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը

ՀՀ կառավարութունը կնվազեցնի «Մեծամորէներգոատոմ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը

ԷկոԼուր

ՀՀ կառավարութունը կնվազեցնի «Մեծամորէներգոատոմ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը: Այն պետք է համապատասխանեցվի 2011 թվականի տարեվերջի դրությամբ ընկերության զուտ ակտիվների արժեքին, որը կազմել է` 22 956 հազ. դրամ: Որոշման նախագիծը կքննվի հոկտեմբերի 18-ի նիստում:

Այս որոշումը պայմանավորված է «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 3-րդ կետի դրույթով, ըստ որի` եթե երկրորդ և յուրաքանչյուր հաջորդ ֆինանսական տարվա արդյունքներով ընկերության զուտ ակտիվների արժեքը փոքր է կանոնադրական կապիտալից, ապա ընկերությունը պարտավոր է հայտարարել և սահմանված կարգով գրանցել իր կանոնադրական կապիտալի նվազեցումը:

Որոշման նախագծի համաձայն` 2011թ. ֆինանսական տարվա արդյունքներով՝ 01.01.2012թ. դրությամբ ««Մեծամորէներգոատոմ» ՓԲԸ-ի զուտ ակտիվների արժեքը (որը կազմել է՝ 22 956 հազ. դրամ) փոքր է եղել ընկերության կանոնադրական կապիտալի մեծությունից (60 000  հազ. դրամ):

««Մեծամորէներգոատոմ» ՓԲԸ-ն ստեղծվել է նոր միջուկային էներգաբլոկի կառուցման պատվիրատուի գործառույթների իրականացման նպատակով՝ Հայաստանի Հանրապետության կառավարության (որի անունից հանդես է եկել ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը) և  ՌԴ «Ատոմստրոյէքսպորտ» ՓԲԸ-ի միջև 3.02.2010թ. կնքված հիմնադիր պայմանագրի հիման վրա՝ 50/50 տոկոս մասնակցությամբ՝ 60 000 հազ.դրամ կանոնադրական կապիտալով (որն ամբողջությամբ վճարվել է դրամով, բաժնետերերից յուրաքանչյուրի կողմից 30 000 հազ. դրամի չափով): Անցած ժամանակաշրջանում նշված գումարը օգտագործվել է ընկերության աշխատակիցների աշխատավարձերի վճարման, անհրաժեշտ գույքի ձեռք բերման և այլ կարիքների համար: Ընկերությունը 2010 և 2011 թվականների ընթացքում տնտեսական գործունեություն չի իրականացրել և արտադրանքի իրացումից հասույթներ չի ունեցել»,- տեղեկացնում է ՀՀ կառավարության պաշտոնական կայքը:

Հոկտեմբեր 17, 2012 at 13:20


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր