Yerkir.am
Հունվարի 25-ին Սյունիքի մարզի 9 հասարակական կազմակերպություններ բաց նամակով դիմել էին ՀՀ նախագահին` պահանջելով դադարեցնել ուրանի հանքավայրի որոնողա-հետախուզական աշխատանքները եւ չեղյալ համարել ոլորտին առնչվող բոլոր իրավական ակտերը:
«Կայուն զարգացում» ՀԿ-ի նախագահ Արմեն Փարսադանյանը նշել էր, որ նախագահին ուղղված նամակը նպատակ ունի եւս մեկ անգամ եւ վերջնականապես անդրադառնալ այս խնդրին եւ տալ հանրությանը բավարարող պատասխան, հակառակ դեպքում` ժողովրդի կարծիքն անտեսելու դեպքում ստիպված կլինեն վերսկսել բողոքի ակցիաները:
Այսօր ուրանի ծրագրի իրականացմամբ մտահոգ հասարակական կազմեկրպությունները ստացել են ՀՀ նախագահին ուղղված բաց նամակի պատասխանը, որը, սակայն, ստորագրել է ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության աշխատակազմի ղեկավար Կ.Ղահրամանյանը:
Նամակում, մասնավորապես, ասվում է. «2010-2011թթ. ընթացքում կատարված երկրաբանա-որոնողական եւ լաբորատոր աշխատանքների տվյալներով ուրանի հանքավայրի առկայությունը ՀՀ Սյունիքի մարզի բնակավայրերի մոտ տարածքում չի հավաստվել եւ չեն հաստատվել ուրանի հանքաքարի պաշարներ: Այսինքն` «հանքավայր», որպես այդպիսին, գոյություն չունի, հետեւաբար դրա շահագործման մասին խոսելն անհիմն է: Հարկ եմ համարում նշել, որ այլ անոմալիաների եւ ուրանի երեւակումների տարածքներում 2012թ.-ի ընթացում ՀՌԼԿ ՓԲԸ կողմից իրականացվելու են երկրաբանական որոնողա-հետախուզական աշխատանքներ, որոնք չեն կարող բացասական ազդեցություն ունենալ շրջակա միջավայրի եւ մարդկանց առողջության վրա»:
Նախարարությունից նաեւ հիշեցման կարգով նշել են, որ, հաշվի առնելով երկրի աշխարհագրական դիրքը, ազգային անվտանգության ապահովման հիմնախնդիրները, գերադասելի է ՀՀ տարածքում հայտնաբերել ուրանի հանքավայրեր եւ հաստատել դրանց պաշարները` որպես ռազմավարական նշանակության հիմք:
Yerkir. am-ի հետ զրույցում «Կայուն զարգացում» ՀԿ-ի նախագահ Արմեն Փարսադանյանը նշեց, որ իրենք պարզաբանումներ չեն տա էներգետիկայի և բնական պաշարների նախարարության «նույնաբովանդակ պատասխանին», քանի որ ակնկալում էին պատասխան ստանալ ՀՀ նախագահից: «ՀՀ նախագահի` հանրության հետ առերեսվելու խուսափողական կեցվածքի արդյունքում խախտվում է Սահմանադրության առաջին հոդվածը, և ոչ միայն… Մենք շարունակելու ենք մեր պայքարը: Առաջիկայում ԶԼՄ-երով մենք կհայտարարենք մեր անելիքների մասին: Բացի այդ` մենք ակտիվորեն աշխատում ենք «Ֆեյսբուքում» բացված Stop uranium mining խմբում, տեղադրում մեր կարծիքները եւ անելիքները»,- նշեց ՀԿ-ի նախագահը:
Փետրվար 23, 2012 at 16:02