

ԷկոԼուր
Արմավիր քաղաքի բնակիչներն անհանգստացած են հայկական ատոմային էլեկտրակայանի ռիսկերի վերաբերյալ տեղեկատվության փակ լինելու կապակցությամբ: Բնակիչների անհանգստությունը պայմանավորված է մի շարք հանգամանքներով: Առաջին հերթին, նրանք ապրում են ՀԱԷԿ-ի ազդեցության գոտում, ինչն ինքնին բավարար հիմք է անհանգստանալու համար: «Մենք ունեցանք մի քանի հանրային լսումներ: Մենք հյուրեր ունեինք ատոմակայանից, անձամբ հենց ռեժիմի պետն էր մեզ մոտ հյուր: Ինքը բացատրեց, որ ատոմակայանում`տարածքի ճառագայթման հետ կապված մենք ավելի քիչ ենք վտանգված, քան, օրինակ, Սյունիքի տարածքում: Մենք սոցիոլոգիական հարցում ենք անցկացրել, ու պարզվել է, որ բնակչության մեծամասնության մոտ այդ մտավախությունը կա, որ ինքն անընդհատ ճառագայթման է ենթարկվում, ու երբ մենք արդեն այդ տվյալները վեր հանեցինք, ու ասեցինք, որ բնակչության գրեթե 70%-ը կարծում է, որ անընդհատ ճառագայթվում է, մեզ ասացին, որ դուք շատ սխալ եք, որովհետեւ նման բան չկա, որ դուք արդեն լուրջ հայտարարություն եք անում, ու մենք բոլոր փաստերն ունենք ձեզ ապացուցելու, որ դուք ավելի քիչ եք ճառագայթվում այս տարածաշրջանում, քան ասենք Հայաստանի հյուսիսային կամ հարավային մասերը»:
Անհանգստության երկրորդ պատճառն այն է, որ ՀԱԷԿ-ի գործելու ժամկետն ավարտվում է, եւ սարքավորումների մաշվածության վերաբերյալ հարց կա: «Մենք բազմաթիվ նամակներ ենք ուղարկել ՀԱԷԿ-ի տնօրեն Գագիկ Մարկոսյանին, բայց այդպես էլ չենք հանդիպել»,- ասում են ակտիվիստները:
Փետրվար 08, 2012 at 12:48
