

Tert.am
Իրանի իշխանությունները մոտ ապագայում կշահագործեն ուրանի հարստացման ստորգետնյա գործարանը: Այս մասին հունվարի 8-ին հայտնել են իրանական լրատվամիջոցները` վկայակոչելով կառավարական շրջանակների աղբյուրին:
«Ուրանի հարստացման Fordow գործարանը շահագործման կհանձնվի մոտ ժամանակներում: Գործարանը թույլ կտա ստանալ մինչև 20, 3.5 և 4 տոկոս հարստացված ուրան»,- Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ֆերեյդուն Աբասի Դավանիի խոսքերն է մեջբերել իրանական Kayhan օրաթերթը:
Գործարանի շահագործման լուրը կարող է ավելի սրել Իրանի և Արևմուտքի միջև առկա լարվածությունը: Եվրոպական երկրներն Իրանից պահանջում են դադարեցնել սեփական միջուկային ծրագիր ունենալու աշխատանքները: Արևմուտքը գտնում է, որ Իրանը միջուկային զենք է ստեղծում:
Թեհրանը բազմիցս հայտարարել է, որ միջուկային ծրագիրը կրում է բացառապես խաղաղ բնույթ և ուղղված է երկրի էլեկտրաէներգիայի պահանջների բավարարմանը:
Իրանի և Արևմուտքի միջև լարվածությունը սրվեց հատկապես այն բանից հետո, երբ իրանական իշխանությունները սպառնացին փակել Հորմուզի նեղուցը (այն նավթի մատակարարման կարևոր զարկերակ է համարվում), եթե ԱՄՆ-ն և Եվրոպան արգելք մտցնեն իրանական նավթի հանդեպ:
Հունվար 09, 2012 at 15:23
