ԷկոԼուր
Հայկական կողմը հետաքրքրված է ամերիկյան արտադրության փոքր մոդուլային ռեակտոր կառուցելու հեռանկարով: Այս մասին ասել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը հոկտեմբերի 2-ին ԱՄՆ պետքարտուղարության և էներգետիկայի դեպարտամենտի ներկայացուցիչների պատվիրակության հետ հանդիպմանը, որի ընթացքում քննարկվել են Մեծամորի ատոմակայանի անվտանգ շահագործմանը, ատոմակայանի տարածքում փոքր ֆոտովոլտային կայանի կառուցման և ռադիոակտիվ թափոնների կառավարման միջոցառումների ծրագրին և ամերիկյան կողմի աջակցության հնարավորությանը վերաբերող հարցեր:
Փոխնախարար Հ.Վարդանյանը կարևորել է Հայաստանի և ԱՄՆ-ի միջև միջուկային էներգետիկայի ոլորտում համագործակցության զարգացմանն ուղղված երկկողմ քայլերի իրականացումը: Պատվիրակության անդամներն ընդգծել են, որ ամերիկյան կողմը շահագրգիռ է Հայաստանի հետ էներգետիկայի ոլորտում գործակցության խորացմամբ, ինչպես նաև միջուկային էներգետիկայի անվտանգ շահագործման հարցերով:
Զրուցակիցներն անդրադարձել են նաև ՀՀ վարչապետին կից ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդին վերաբերող կազմակերպչական հարցերի, մտքեր փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ծրագրերում համագործակցության զարգացման հնարավորությունների շուրջ:
Այս մասին տեղեկացնում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը:
Հոկտեմբեր 07, 2019 at 11:37