Վթար Արծվանիկի պոչամբարի խողովակաշարում. աղտոտված ջրերը լցվել են Ողջի գետ

Վթար Արծվանիկի պոչամբարի խողովակաշարում. աղտոտված ջրերը լցվել են Ողջի գետ

ԷկոԼուր

Հոկտեմբերի 17-ին վաղ առավոտյան «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերությանը պատկանող Արծվանիկի պոչամբարի մետաղյա խողովակաշարի 2-րդ դյուկերում տեղի ունեցած վթարի հետևանքով հոսքաջրերը լցվել են Ողջի գետ։ Ինչպես հայտնում է ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը, վթարն այս պահի դրությամբ վերացվել է։ Տեսչական մարմնի Սյունիքի մարզային կառույցի աշխատակիցները տարածքում իրականացրել են զննություն, արձանագրել փաստերը, կատարել աղտոտված ջրերի նմուշառումներ: Ընկերությանը հանձնարարվել է իրականացնել վթարից առաջացած հետևանքների վերացման աշխատանքներ։ Տեսչությունից նաև հայտնում են, որ ուսումնասիրվում են վթարի պատճառները, կիրականացվի շրջակա միջավայրին հասցված վնասի հաշվարկ:

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հոկտեմբերի 17-ին տեղի ունեցած կառավարության նիստի ժամանակ նշել է, որ վթարի առնչությամբ քննչական գործողություններ են իրականացվում: «Մասնագետների մասնակցությամբ դեպքի վայրի զննություն է իրականացվում: Դեպքի վայրի զննության և մասնագետների ներկայացրած տվյալների արդյունքում կքննարկվի քրեական գործ հարուցելու հարցը»,- նշել է նա:

Լուսանկարը՝ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ֆեյսբուքյան էջից

Տեսանյութը՝ Հասմիկ Թովմասյանի ֆեյսբուքյան էջից



11:50 Հոկտեմբեր 17, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news