ԷկոԼուր
ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը հայտնում է, որ Երևանի կենդանաբանական այգու մուֆլոններն ու կենգուրուներն անկել են կյանքի հետ անհամատեղելի վնասվածքների պատճառով:
«Օրերս Երևանի կենդանաբանական այգու տնօրինությունն ահազանգել էր, որ, այգու տարածք ներթափանցած շների ոհմակի ներգործության արդյունքում, անկել են 3 կենգուրու և 3 մուֆլոն:
ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ենթակայությամբ գործող «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն»-ի աշխատակիցներն անցկացրել են անկած կենդանիների լաբորատոր ախտաանատոմիական փորձաքննություն:
Պարզվել է, որ բոլոր 6 կենդանիներն էլ անկել են արտաքին ներգործությամբ առաջացած, կյանքի հետ անհամատեղելի վնասվածքների պատճառով (պարանոցի վրա սուր-ծակող առարկայի հետքեր, պարանոցային ողերի կոտրվածք, սրտամկանի վրա ինֆարկտային օջախներ, պատռված որովայնապատ և այլն):
Նմուշներ էին վերցվել նաև մանրէաբանական հետազոտության համար: Շեղումներ չեն հայտնաբերվել», - նշված է ՍԱՊԾ-ի տարածած հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ դեպքից հետո Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանի առաջարկով «Երևանի կենդանաբանական այգի» ՀՈԱԿ-ի տնօրեն Ռուբեն Խաչատրյանն ազատման դիմում է գրել:
Նոյեմբեր 07, 2019 at 15:42