Տորոնտոյի ֆոնդային բորսան կասեցրել է «Լիդիան Ինթերնեյշնլի» սովորական բաժնետոմսերի առուվաճառքը

Տորոնտոյի ֆոնդային բորսան կասեցրել է «Լիդիան Ինթերնեյշնլի» սովորական բաժնետոմսերի առուվաճառքը

ԷկոԼուր

2019թ. դեկտեմբերի 23-ին  Տորոնտոյի ֆոնդային բորսան կասեցրել է «Լիդիան Ինթերնեյշնլի» սովորական բաժնետոմսերի առուվաճառքը, և ներկայումս դիտարկվում է «Լիդիանի» սովորական բաժնետոմսերը Տորոնտոյի ֆոնդային բորսայում ցուցակելու հնարավորությունը «Ընկերությունների պարտատերերի հետ հարաբերությունների կարգավորման ակտով» (Companies’ Creditors Arrangement Act (“CCAA”)) պաշտպանության շրջանակներում: Ապացուցակման վերաբերյալ լսումներն ակնկալվում են 2020թ․ հունվարի սկզբին։

Այս մասին նշված է «Լիդիան Արմենիա» ընկերության տարածած հաղորդագրության մեջ: 

«Լիդիանը» դիմել է կանադական դատարան պաշտպանության համար: Այս կապակցությամբ ընկերության հաղորդագրության մեջ նշված է.

«Դեկտեմբերի 20-ին լրացել է «Լիդիանի» վարկատուների հետ վարկի մարման ժամկետի հետաձգման պայմանագիրը և այն չի երկարաձգվել: Արդյունքում՝ «Լիդիանը» չունի գործող վարկային միջոցներից օգտվելու հնարավորոթյուն և վարկատուները կարող էին քայլեր ձեռնարկել իրենց վարկի մարման պահանջները տարբեր միջոցներով բավարարելու համար: Դատարանի պաշտպանությունն արգելում է Ընկերության նկատմամբ որևէ պահանջի ներկայացում և հնարավորություն է տալիս օգտվել նախկինում սահմանափակման տակ գտնվող ֆինանսական միջոցներից:

Դատարանի պաշտպանությունը նաև նպատակ ուներ հնարավորություն տալ Ընկերությանը վերանայելու կապիտալի կառուցվածքը և ֆինանասական միջոցները, քանի որ ավելի քան 18 ամիս տևած ապօրինի շրջափակման արդյունքում Ընկերությունը հայտնվել էր անկայուն ֆինանսական իրավիճակում:

«Լիդիան Ինթերնեյշնլը» ցուցակված է Տորոնտոյի ֆոնդային բորսայում (TSX) և ենթարկվում է այդ բորսայի կանոններին և Օնտարիո նահանգի արժեթղթերի շուկայի օրենքներին:

Կանադան ճկուն ռեստրուկտուրիզացիայի (ընկերության առողջացման) ռեժիմ ունի, որը հնարավորություն է ընձեռում ընկերության համար հնարավոր լավագույն արդյունքին հասնել` դատարանի կողմից վերահսկվող ռեստրուկտուրիզացիայի ընթացքում:

Կանադայի դատարանը հնարավորություն է ընձեռել պաշտպանելու «Լիդիան» ընկերությունը ամբողջությամբ, ներառյալ «Լիդիան Արմենիան», ինչպես նաև դիմել է մի քանի երկրների, ներառյալ՝ Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի և Հայաստանի դատարաններին այս գործընթացին մասնակցելու կոչով»:

Արդյո՞ք սա նշանակում է սնանկացում. «Լիդիանը» մեկնաբանում է.

«Ոչ, չի նշանակում: Մինչ Ընկերությունը դատարանի պաշտպանության տակ է, Ընկերությունը կարող է շարունակել բնականոն գործել, վճարել աշխատանքի և ծառայությունների դիմաց, նպատակ ունենալով այս պաշտպանության շրջանի ավարտին վերակառուցվել՝ որպես կենսունակ բիզնես միավոր: Ընկերությունը այս ընթացքում աշխատելու է բիզնեսի, վարկերի և այլ պարտավորություների ռեստրուկտուրիզացիայի (վերակառուցման/առողջացման) ուղղությամբ՝ մաքսիմալ հնարավորություն ընձեռելով «Լիդիան Արմենիայի» աշխատանքի շարունակման համար:

Կարճ տեխնիկական լսումներ տեղի կունենան հունվարի 2-ին, սակայն հաջորդ փուլի բովանդակային քննարկումները կանադական դատարանում տեղի կունենան 2020թ․ հունվարի 23-ին»:

Ընկերությունը հավաստիացնում է, որ այս գործընթացներից հետո աշխատելու է մի քանի ուղղությամբ, այդ թվում ծրագրի հնարավոր վաճառքի, ծրագրի վերաֆինանսավորման և/կամ Հայաստանի կառավարության դեմ արբիտրաժային գործընթացի:

«Ամենայն հավանականությամբ կընտրվի այն տարբերակը, որը ստեղծված իրավիճակում Ընկերության շահառուների համար լավագույն արդյունքը կապահովի», - նշված է հաղորդագրության մեջ:

Ըստ «Լիդիանի»՝ ստեղծված պայմաններում կանադական դատական պրոցեսի շրջանակներում ներկայացված կանխիկ միջոցների մոդելը բավարար լիկվիդայնություն է ապահովում Ընկերության բնականոն գործունեության համար առնվազն մի քանի ամիս, «Լիդիանը Արմենիան» բավարար միջոցներ ունի մինչև առնվազն գարուն գործելու համար, և այժմ ընթանում են բանակցություններ մի քանի ուղղություներով՝ միջոցների լրացուցիչ աղբյուրներ ապահովելու համար:

Նշվում է, որ այս ընթացքում «ինչպես և վարկային պարտավորությունների հետաձգման նախորդ շրջաններում, «Լիդիանը» շարունակելու է քննարկել ՀՀ կառավարության հետ ապօրինի շրջափակման վերացման խնդիրը, և շարունակելու է առկա խնդիրների շուրջ իր վարկատուների հետ քննարկումները:

«Լիդիանը» շարունակելու է աշխատել երեք հնարավոր լուծումների ուղղությամբ՝ վաճառք, ծրագրի վերաֆինանսավորում, և/կամ արբիտրաժային գործընթաց: Ընկերությունը աշխատելու է բոլոր շահառուների իրավունքների և շահերի հավասարակշռման ուղղությամբ»:

Ընկերությունը ապացուցակվելու է Տորոնտոյի ֆոնդային (TSX) բորսայից:

«TSX-ը հայտարարել է, որ սկսել է ապացուցակման գործընթացը: Սա ռեստրուկտուրիզացիայի բնականոն ընթացք է TSX-ում ցուցակված ընկերությունների համար: Այն ոչ մի ազդեցություն չի ունենա «Լիդիանը Արմենիայի» ամենօրյա գործունեության և Ընկերության ռեստրուկտուրիզացիայի գործընթացի վրա:

Ընկերության վարկատուների և բաժնետերերի մոտ Հայաստանի հանդեպ վստահության մեծ կորուստ կա: Ծրագրի վաճառքի կամ վերաֆինանսավորման համար անհրաժեշտ կլինի վստահության վերականգնմանն ուղղված մեծ ջանքեր գործադրել»:

Ըստ հաղորդագրության՝ ընկերությունը շարունակում է տնօրինել Ամուլսարի ծրագրի բոլոր իրավունքները:

«Ամուլսարը միջազգային կարգի ոսկու հանքավայր է և «Լիդիանը» ունի դրա շահագործման բոլոր իրավունքները, անկախ այն բանից TSX-ում ցուցակված է, թե՝ ոչ», - նշում է «Լիդիանը»:

14:40 Դեկտեմբեր 27, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news