ԷկոԼուր
Հայաստանը հրաժարվել է Հայկական ատոմային էլեկտրակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման ծրագրի իրականացման համար տրված ռուսական վարկի մնացած մասից: Այս մասին հունիսի 8-ին ՀՀ Ազգային ժողովում մշտական խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստում 2019 թ. պետական բյուջեի կատարողականի վերաբերյալ զեկույցի քննարկման ժամանակ ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը: «Ակնհայտ են ժամկետների ուշացումները: Վերջին տարում ակտիվորեն քննարկվում էր վարկի մարման ժամկետները երկարաձգելու և նոր արտոնյալ ժամկետներ տրամադրելու հարցը, սակայն դա տեղի չունեցավ: Այդպես, հայկական կողմը հրաժարվեց այս վարկից և կներգրավի իր սեփական ռեսուրսները: Մենք պայմանավորվածություններ ունենք «Ռոսատոմ»-ի հետ աշխատանքների շարունակման վերաբերյալ, որոնք կիրականացվեն արդեն Հայաստանի ներքին ընթացակարգերի համաձայն»,- ասել է Սուրեն Պապիկյանը: Նա նշել է, որ հայ մասնագետները հնարավորություն կստանան ներգրավվել ծրագրի իրականացման գործընթացում:
Նախարարը նաև նշել է, որ նոր իշխանությունները վարկային համաձայնագիր են ժառանգել, որից կամ պետք էր հրաժարվել, կամ երկարաձգել: Սակայն հրաժարվել անհնար է, քանի որ կան աշխատանքներ, որոնք սկսվել են, սակայն չեն իրագործվել, և պետության համար կարևոր է դրանք հասցնել իրենց տրամաբանական ավարտին:
Հիշեցնենք, որ Հայկական ատոմային էլեկտրակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման համար 2014թ-ի դեկտեմբերի 20-ին՝ Մոսկվայում, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը և «Ռոս Ատոմ» կորպորացիայի տնօրեն Սերգեյ Կիրիենկոն ստորագրեցին ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև համաձայնագիր Հայաստանին 270 միլիոն ԱՄՆ դոլարի վարկ և 30 միլիոն ԱՄՆ դոլարի դրամաշնորհ տրամադրելու վերաբերյալ:
Հունիս 09, 2020 at 15:24