ԷկոԼուր
Ֆիոլետովո համայնքի ղեկավարը Ֆիոլետովոյի ոսկու հանքավայրի շահագործման նախագծի լեզվական խնդիրների մասին որեւէ առարկություն չի ներկայացրել ՀՀ բնապահպանության նախարարություն: Այս մասին ասված է ԷկոԼուրի-ին ուղարկված ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Խաժակ Աղաբեկյանի պատասխան նամակում: Հիշեցնենք, որ ԷկոԼուրը նամակով դիմել էր ՀՀ բնապահպանության նախարարություն` նշելով, որ ռուսախոս Ֆիոլետովոյի բնակիչների համար չի թարգմանվել նախագիծը եւ չի բացատրվել փորձաքննության կարգը: ԷկոԼուրը նախարարությանը խնդրելէր ապահովել բնակիչների բոլոր իրավունքները բնապահպանական փորձաքննության անցկացման գործընթացում: «Ի պատասխան ՀՀ բնապահպանության նախարարին ուղղված Ձեր 12.01.2014 թ. գրության՝ կապված «Գրեյդ Ռեդմետ» ՍՊԸ-ի կողմից փորձաքննության ներկայացված Ֆիոլետովոյի ոսկու արդյունահանման նախագծի հետ, հայտնում եմ, որ դրա վերաբերյալ ՀՀ Լոռու մարզի Ֆիոլետովո համայնքի ղեկավարը ծանուցվել է դեռևս 08.07.2014 թ. ՎՍ-33/301 գրությամբ: Վերջինիս առնչությամբ որևէ առարկություն՝ կապված լեզվական խնդիրների հետ, համայնքի ղեկավարի կողմից մինչև 25.11.2014 թ. հասարակական լսումների անցկացումը չի ստացվել:
Ինչ վերաբերում է 23.12.2014 թ. նախատեսված, սակայն տեխնիկական պատճառներով հետաձգված լիազորված անձի մասնագիտական եզրակացության, ազդակիր համայնքի և հասարակական կարծիքների հասարակական լսումներին, դրանց մասին ազդակիր համայնքի ղեկավարը «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածով սահմանված կարգով ծանուցվել է 15.12.2014 թ. ՎՍ-33/301 գրությամբ, իսկ հայտարարությունը տեղադրվել է ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում: Կայքում առաջին լսումներից առաջ տեղադրված է եղել նաև հանքավայրի նախագծային փաստաթղթերը:
Միաժամանակ հայտնում եմ, որ Ձեր գրությունում առկա առաջարկությունները հնարավորինս հաշվի կառնվեն հանքավայրի շարունակվող փորձաքննական գործընթացում», ասված է նախարարության պատասխան նամակում:
Հունվար 30, 2015 at 14:20