Իրավապահ մարմինները հրաժարվում են բնապահպան Արթուր Գրիգորյանի դիմումին պատշաճ ընթացք տալ

Իրավապահ մարմինները հրաժարվում են բնապահպան Արթուր Գրիգորյանի դիմումին պատշաճ ընթացք տալ

Հյուման Ռայթս Հաուս Երևան

2017թ. հուլիսի 31-ին բնապահպան Արթուր Գրիգորյանը հաղորդում է ներկայացրել Հայաստանի գլխավոր դատախազություն Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի կողմից կատարված հնարավոր հանցագործության վերաբերյալ, որում կարող են նաև ներգրավված լինել որպես հասարակական միավորում գրանցված և քաղաքացիական հասարակության անունից հանդես եկող անհատներ և կազմակերպություններ:

Հանցագործության մասին հաղորդմամբ ներկայացվել են փաստեր, որոնք պարունակում են առանձնապես խոշոր չափերի հասնող կոռուպցիոն ռիսկեր: Հնարավոր կոռուպցիոն գործընթացներում պետական պաշտոնյաների հանցակից կարող են լինել նաև բիզնեսի ներկայացուցիչներ և հասարակական գործունեությամբ զբաղվելու հայտ ներկայացրած անձիք:

Հաղորդման մեջ Գրիգորյանը նշում է, որ 2016թ. նոյեմբերի 25-ին «ֆեյսբուք» սոցիալական ցանցի փակ խմբում, անհայտ անձանց կողմից «Փակագծերից դուրս» էջի միջոցով տեղադրված անիմացիոն հոլովակով փորձ է արվել վարկաբեկել «Էկոլուր» և «Էկոլոգիական իրավունք» հասարակական կազմակերպություններին, բնապահպան Ինգա Զառաֆյանին և իրեն: Նա ենթադրում է, որ դա կապված է Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ) շրջանակներում գործող բազաշահառու խմբում իր և Զառաֆյանի բնապահպանական գործունեության հետ: Նրանք այդ խմբում ընտրված անդամներ են իբրև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ: ԱՃԹՆ-ը միջազգային հակակոռուպցիոն նախաձեռնություն է, որտեղ հավասար ձայնի իրավունքով ներգրավված են կառավարության, հանքարդյունաբերական ընկերությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները՝ ոլորտին առնչվող խնդիրները համատեղ լուծելու նպատակով:Խմբի անդամ է նաև «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն, ում անունը շրջանառվում է ֆինանսական շահարկումների մասին հոլովակում:

Սյունիքի գործող մարզպետ Հակոբյանը մինչև մարզպետ նշանակվելը հանդիսացել է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության ադմինիստրատիվ տնօրեն և նույն ընկերության գլխավոր տնօրենի առաջին տեղակալ, մարզպետ նշանակվելուց հետո, իր պաշտոնեական լիազորություններն անցնելով, «Սյունիքի զարգացման և ներդրումների հիմնադրամի» հանրային միջոցները տրամադրել է մանավոր հանքարդյունաբերական ընկերությանը կից հիմնդրամին:
Ըստ այդմ, Գրիգորյանը գտնում է, որ ֆեյսբուքյան անանուն վարկաբեկման փորձը կարող է կազմկերպված և ֆինանսավորված լինել մարզպետ Հակոբյանի կողմից և իրականացված լինել վերջինիս հետ հնարավոր փոխկապակցված սուբյեկտների միջոցով: Հանցագործության մասին հաղորդման մեջ ներկայացված են փաստեր այս գործընթացի տարբեր բաղադրիչներին «Հասարակության ձայն» (Civil Vioce) և «Հանրային դիվանագիտություն» (Paradiplomacy) հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների առնչության վերաբերյալ:
Բնապահպաններ Արթուր Գրիգորյանը և Ինգա Զառաֆյանը ֆեյսբուքյան փակ խմբում անհայտ անձանց կողմից իրենց վարկաբեկող անիմացիոն հոլովակի հրապարակումից հետո մեկ անգամ արդեն դիմել են ոստիկանություն՝ խնդրելով բացահայտել հոլովակի ստեղծողներին և պատվիրատուներին, սակայն ոստիկանությունից ստացել են մերժում այնհիմնավորմամբ, թե դա ոստիկանության գործը չէ: Իսկ այժմ արդեն դատախազությունն է հրաժարվել գործի քննությունից՝ չնայած փաստական ծանրակշիռ փաթեթին և գործի հանրային նշանակությանը։

Հաշվի առնելով հաղորդման մեջ նկարագրված երևույթների հանրային կարևորությունը իրավապաշտպանների և հանրային գործունեությամբ զբաղվող քաղաքացիների պաշտպանության հարցում՝ Հյուման Ռայթս Հաուս Երևանը քննադատում է իրավապահ մարմինների ձեռնպահ վերաբերմունքը և փաստացի հրաժարումը ուսումնասիրել Գրիգորյանի հաղորդմամբ ներկայացված բոլոր փաստերը և դրվագները, իրականացնել գործի լիարժեք և օբյեկտիվ քննություն։
ՀՌՀ Երևանը գտնում է, որ իրավապահ մարմինները պարտավոր են գործի քննությունն իրականացնել պատշաճ կերպով, հանրությանը տեղյակ պահել բնապահպանների և հանրային շահերին առնչվող այս գործի բոլոր հնարավոր մանրամասները և ապահովել բնապահպանների աշխատանքի պաշտպանվածությունը պետական և բիզնես կառույցների հնարավոր ստվերիային միջամտություններից։

Օգոստոս 16, 2017 at 14:40


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր