Սյունիքի պոչամբարների վնասակարության պատճառով մարզում նկատվում է արտագաղթ

Սյունիքի պոչամբարների վնասակարության պատճառով մարզում նկատվում է արտագաղթ

ԷկոԼուր

Սյունիքի մարզում շահագործվող պոչամբարների հատակները մեկուսացված չեն, շրջապատը ապականված է պոչանքով: Այս մասին ասվում է «Հարավային ջրավազանային տարածքի կառավարման 2016-2021թթ. միջոցառումների պլանում»:

 Մարզում այս պահին կա գործող 6 պոչամբար` Արծվանիկ, Գեղանուշ, Գեղի, Դարազամ, «Հովիտ 1» և «Հովիտ 2»:  

«Պոչամբարների անմիջապես տակը գտնվում են հողամասեր և այգիներ, որոնց ոռոգումը կատարվում է ծանր մետաղների բարձր պարունակություն ունեցող պոչամբարից զտված ջրերով: Պոչամբարի վնասակարության պատճառով, հողերը կորցնելու կամ դրանցից բավարար բերք չստանալու արդյունքում, նկատվում է շրջակա համայնքերից արտագաղթ: Բացի այդ, անասունները արածում են պոչամբարների շրջակայքում և խմում ծանր մետաղներով աղտոտված պոչամբարի ջուրը, ինչի հետևանքով ռիսկի է ենթարկվում մարդկանց առողջությունը»,- նշված է փաստաթղթում:

Շրջակա միջավայրը թունավորում են նաև մարզի ռեկուլտիվացված պոչամբարները: «Դաստակերտի  պղնձամոլիբդենային կոմբինատի ռեկուլտիվացված պոչամբարի մոտ 2,5 հա տարածքը տարիների ընթացքում վերածվել է ակոսների ու խոռոչների, իսկ կենտրոնում բացված և օր-օրի մեծացող հսկայական հորից ջրերը լցվում են Կիշկոշտ և Այրիգետ գետեր՝ հոսելով դեպի Տոլորսի ջրամբար: «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ին պատկանող Ողջիի գետավազանի Ողջիի, Փխրուտի և Դարազամի ռեկուլտիվացված պոչամբարները ժամանակի ընթացքում տեղումների հետևանքով ակոսացվել են, ինչպես նաև տարածքում խողովակաշարեր անցկացնելու արդյունքում պոչամբարների մակերևույթին առաջացել են առուներ ու փլվածքներ»,- նշված է փաստաթղթում:

Հաշվարկվել է, որ Ողջիի (3 հա) և Փխրուտի (18 հա) պոչամբարների քայքայված հատվածների կրկնակի ռեկուլտիվացման համար կպահանջվի համապատասխանաբար 8,4 և 50,4 միլիոն ՀՀ դրամ, Դաստակերտի պոչամբարի մոտ 2,5 հա տարածքի կրկնակի ռեկուլտիվացման համար՝ 11,75 միլիոն ՀՀ դրամ:

Հունիս 17, 2016 at 18:52


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր