Շրջակա միջավայրի նախարարության 2020 թվականի բյուջեն 111 միլիոն դրամով ավելի կլինի 2019թ-ի բյուջեից

Շրջակա միջավայրի նախարարության 2020 թվականի բյուջեն 111 միլիոն դրամով ավելի կլինի 2019թ-ի բյուջեից

ԷկոԼուր

Շրջակա միջավայրի նախարարության 2020 թվականի բյուջեն 111 միլիոն դրամով ավելի կլինի 2019թ-ի բյուջեից:  Պետական բյուջեի նախագծով նախատեսվում է հատկացնել 6,842.3 մլն դրամ: «Մոտ 111 միլիոն դրամի գումարային տարբերություն կա ավելացման ուղղությամբ»,- Հոկտեմբերի 29-ին ԱԺ-ում պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը։ 

Ինչի վրա են ծախսվելու գումարները

1,842.9 մլն դրամ (առանց ապարատի ծախսերի) կհատկացվի «Անտառների կառավարում» ծրագրի համար

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է.

  • 1,302.6 մլն դրամ տրամադրել «Հայանտառ» ՊՈԱԿ-ի 342,400.0 հա անտառային տարածքների անտառպահպանական ծառայությունների համար
  • 413.8 մլն դրամ կհատկացվի  150 հա տարածքում անտառվերականգնման և անտառապատման աշխատանքների իրականացման համար: Բյուջեի քննարկման ժամանակ ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը նշել է, որ 2020թ-ին 10 մլն ծառի տնկումը այդ գումարով չի իրականացվելու: «Առանձին 10 միլիոն ծառ տնկելու որևէ հոդված, որևէ առանձին գործողություն նախատեսված չէ։ Այդ 10 միլիոն ծառերի ծրագիրն այլ ֆինանսավորման գործընթացներ է ենթադրում։ Մենք կապի մեջ ենք ՌԴ–ի, Բելառուսի, Ղազախստանի, Վրաստանի մեր գործընկերների հետ` նախնական պայմանավորվածություններ ունենք տնկիներ ձեռք բերելու, համատեղ ծրագիր իրականացնելու համար»,– ասել է նա: 
  • 125.7 մլն դրամ՝ 34925.9 հա տարածքի համար 3 անտառկառավարման պլանների կազմման աշխատանքների համար
  • 53.3 մլն դրամ՝ անտառային պետական մոնիտորինգի իրականացման համար
  • 43.7 մլն դրամ՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի մասնաճյուղերի անտառածածկ 5400 հա տարածքում վնասատուների և հիվանդությունների դեմ պայքարի համար:
  • 15.0 մլն դրամ կհատկացվի «Հայանտառի» 342,400.0 հա տարածքում անտառների հաշվառման և անտառային պետական կադաստրի վարման համար
  • 3.6 մլն դրամ կտրամադրվի անտառային կոմիտեի տեխնիկական կարողությունների ընդլայնման համար և 61.1 մլն դրամ՝ Անտառային կոմիտեի շենքային պայմանների բարելավման համար:

317.6 մլն դրամ՝ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում և մոնիթորինգ» ծրագրի համար

  • Այս գումարից 45.25 մլն դրամ կհատկացվի «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննություն» միջոցառման համար: Նշենք, որ ՀՀ կառավարության կողմից լիբանանյան ELARD ընկերությանը Ամուլսարի ծրագրի փորձաքննության համար պետբյուջեի պահուստային ֆոնդից հատկացվեց 396 հազար դոլլար ՝ 188,496,000 դրամ, որը 4 անգամ մեծ է բնապահպանական փորձաքննության համար պետության կողմից հատկացվող տարեկան ֆինանսական հատկացումից:
  • Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության ապահովման համար նախատեսվում է հատկացնել 272.34 մլն դրամ, ինչը  45,390.0 հազար դրամով ավելի է ՀՀ 2019թ. Ֆինանսական հատկացումից:

2,736.7 մլն դրամ՝ «Բնական պաշարների և բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարում և պահպանում» ծրագրի համար

  • Այս գումարից 1,321.2 մլն դրամի դրամաշնորհ հատկացնու մ է Գերմանիայի զարգացման վարկերի բանկը (KFW) «Կովկասի պահպանվող տարածքների աջակցության ծրագիր-Հայաստան» ծրագրի իրականացման համար: Հայաստանը համաֆինանսավորում է 264.2 մլն դրամի չափով: Ծրագրի իրականացումը պետք է նպաստի Սյունիքի մարզում կենսոլորտային տարածքի ստեղծմանը:
  • 117.06 մլն դրամ կհատկացվի Սևանա լճի շրջակայքի 85.0 հա ջրածածկ անտառտնկարկների մաքրման համար, 7.6 մլն դրա՝մ Սևանա լճում և նրա ջրհավաք ավազանում ձկան և խեցգետնի պաշարների հաշվառման համար:
  • 1,026.7 մլն դրամ (ՀՀ 2019 թվականի պետական բյուջեի համեմատ 168,507.9 հազ. դրամ ավելի) կհատկացվի  «Սևան», «Դիլիջան», «Արևիք» և «Արփի լիճ» ազգային պարկերում, «Խոսրովի անտառ» և «Շիկահող» պետական արգելոցներում, «Սոսու պուրակ», «Զանգեզուր» և «Զիկատար» արգելավայրերում, ինչպես նաև «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի տնօրինության ներքո գտնվող բնության հատուկ պահպանվող տարածքներում բնական էկոհամակարգերի, լանդշաֆտային ու կենսաբանական բազմազանության, գենոֆոնդի, բնության ժառանգության գիտական ուսումնասիրության, պահպանության, վերականգնման, վերարտադրության, հաշվառման, գույքագրման դիտանցի ապահովման, ինչպես նաև տնկարկների պահպանության և պաշտպանության իրականացման համար:

«Բնապահպանական նմուշների պահպանություն և ցուցադրություն» ծրագրի համար նախատեսվում է հատկացնել 350.7 մլն դրամ:

10:00 Նոյեմբեր 06, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news