Սևանա լիճը ծաղկում է, ձկնապաշարները նվազել են

Սևանա լիճը ծաղկում է, ձկնապաշարները նվազել են

ԷկոԼուր

Սևանա լճում նկատվում է ցիանոբակտերիաների (կապտականաչ ջրիմուռներ) աճ, լճի ծաղկման առաջնային փուլերն արդեն սկսվել են: Այս մասին հայտարարեց ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Իրինա Ղափլանյանը հունիսի 2-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ: Լճի ծաղկման համար նա նշեց երեք հիմնական պատճառ՝ լճի մակարդակի իջեցում, լճում օրգանական նյութերի կուտակում և գլոբալ տաքացում:

«Մենք փաստացի մտնում ենք լճի ճահճացման փուլ, որը վտանգավոր է: Եթե մենք չկարողանանք կանխել օրգանական զանգվածի ներհոսքը լիճ, մենք փաստացի կարող ենք լիճը կորցնել: Կուտակումները տասնամյակներով են եղել Սևանի ջրավազանում, և մենք արդեն ունենք բարձր կուտակում, որի ֆոնի վրա ծաղկում է լիճը»,- ասաց նա:

Իրինա Ղափլանանն ընդգծեց, որ ՀՀ կառավարությունն ընդունել է որոշում Սևանա լճում արդյունագործական որսի կարգի մասին: Ներկայումս էլ կառավարության քննարկմանն է ներկայացված այս տարվա որսի չափաքանակի կառավարության որոշման նախագիծը: Նախագծի համաձայն` թույլատրվելու է 500 գրամից ոչ պակաս սիգի արդյունագործական որս 200 տոննայի սահմանում, իսկ կարասի որս՝ անսահմանափակ: Որսը նախատեսվում է թույլատրել ««Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի մասնաճյուղերի 17 տեղամասերում 2020 թվականի մարտի 15-ից մինչև 2020 թվականի հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում:

Գիտնականների դիրքորոշում

ԷկոԼուրը դիմել է գիտնականներին` խնդրելով մեկնաբանել Սևանա լճում արդյունագործական որսի մասին որոշման նախագիծը:

ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանը նշեց, որ Սևանա լճում ձկնապաշարները նվազել են: Հաշվարկների համաձայն, եթե 2018թ-ին սիգի արդյունագործական պաշարը լճում գնահատվել է շուրջ 740 տոննա, ապա 2019թ-ին այն նվազել է 9.5% -ով՝ հասնելով 660 տոննայի: Իշխանի պաշարները 2017թ-ին գնահատվել են մոտ 17 տոննա Սևանա լճում գործող ցանցավանդակներից ձկների փախնելու արդյունքում, ապա 2018-2019թթ-ին իշխանի պաշարները կրկին 1-1,5 տոննայի սահմաններում են: Նվազել է նաև կարասի պաշարը: 2019թ-ին կտրուկ նվազել է արդյունագործական չափերի խեցգետինների կենսազանգվածը: Այն 11 անգամ պակաս էր 2018թ-ի ցուցանիշից։ Վերջինս մի շարք գործոնների համատեղ ազդեցության արդյունք է, դրանցից են խեցգետնի պաշարների վատ կառավարումը և պոպուլյացիայում ժանգախտ քրոնիկ սնկային հիվանդության առկայությունը: ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնը Շրջակա միջավայրի նախարարությանը ներկայացրել է առաջարկ 2020թ-ին Սևանա լճում խեցգետնի որսն արգելելու վերաբերյալ: Կենտրոնը Սևանա լճում ձկնապաշարների գնահատումն իրականացրել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության հետ կնքած պայմանագրի համաձայն:

Բարդուխ Գաբրիելյանը, նշեց, որ ըստ էության արդյունագործական որս չի կարելի անել Սևանում, քանի որ որսվում է մայրական կազմը, որը պետք սերունդ տար: Որսվում է նաև մանրաձուկը: «Ինչպես և նախկինում, ներկայումս շարունակվում է որսագողությունը Սևանա լճում: Նման պայմաններում արդյունագործական որսի պիլոտային ծրագրերը դառնում են անիմաստ»,- ասաց Բարդուխ Գաբրիելյանը:

Հունիս 02, 2020 at 11:35


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր