ԷկոԼուր
Արմավիրի մարզում մեկնարկել են 112 խորքային հորերի վերգործարկման աշխատանքները, 80 խորքային հոր արդեն գործում է, մյուսների վերագործարկման աշխատանքները կավարտվեն մի քանի օրից:
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը 550 միլիոն դրամ հատկացրեց ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեին 112 խորքային հորերի վերագործարկման համար: Վերագործարկվող հորերից 70-ը գտնվում են Արմավիրի մարզի Արմավիր եւ Բաղրամյան շրջաններում գործող «Մերձափնյա», «Արաքս», «Արմավիր», «Շենիկ» ջրօգտագործման ընկերությունների (ՋՕԸ) սպասարկման տարածքում, իսկ 42-ը` գյուղապետարանների:
Ըստ վերոնշյալ ՋՕԸ-երի տնօրենների` խորքային հորերի վերագործարկումն անհարժեշտություն էր այս տարվա սակավաջրության պայմաններում: ԷկոLուրի հարցին, թե արդյոք չեն օգտվում Սեւանա լճի ջրից, որից այս տարի հավելյալ ջրառ իրականացվեց, բոլոր 4 ՋՕԸ-երի պատասխանատուները նշեցին, որ իրենք չեն օգտվում Սեւանի ջրից: Վերագործարկվող հորերը մատակարարելու են 44 միլիոն խմ ջուր` մեղմելու Ախուրյան-Արաքս ոռոգման համակարգի ջրաղբյուրներում ընթացիկ տարում ստեղծված շուրջ 74 միլիոն խմ ջրի դեֆիցիտը:
Ինչպես ԷկոԼուրին տեղեկացրեց ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեի ծրագրերի իրականացման գրասենյակի գլխավոր մասնագետ Մարզպետ Տոնոյանը, այդ խորքային հորերը Արարատյան արտեզյան ավազանի հետ կապ չունեն: «Ավազանը` ջրերը, կապված են: Մենք այնտեղ ունենք տակի կավի շերտ եւ վերեւի բազալտի շերտ, որպեսզի մենք ճնշում ունենանք, ճնշումային ավազան ունենանք, պետք է ջուրը լինի այդ երկուսի արանքում, որ վերեւից էլ սեղմած լինի, ներքեւից էլ սեղմած լինի, որ ճնշում գոյանա, որ հետո վերեւից երբ հորատում են, այդ ճնշումն ազատվում է եւ դուրս է գալիս հորատանցքերով դեպի վերեւ: Սա կոչվում է արտեզյան հոր: Այստեղ մենք նման բան չունենք: Մենք չունենք ներքեւի կավի հորիզոնը, չունենք վերեւի բազալտի հորիզոնը, մենք այստեղ մինչեւ 50-60 մետրի վրա ունենք ջրատար շերտ: Խորքային հորերը փորում են դրա մեջ, նասոս են իջեցնում եւ ջուրը հանում: Արարատյան արտեզյան ավազանը վերջանում է Էջմիածնից մի քիչ այս կողմ: Սա չի կարող ազդեցություն ունենալ այդ բասեինի վրա, որովհետեւ կապ չունի նրա հետ»,- ասաց Մարզպետ Տոնոյանը:
Տեղի համայնքներից Սարդարապատի, Մյասնիկյանի, Մրգաշենի բնակիչները նշեցին, որ իրենք վճարները ժամանակին կատարում են, բայց, միևնույն է, ջուրը չի հերիքում: Նրանց խոսքով՝ առանց լրացուցիչ հորերի իրենք կկորցնեն իրենց՝ տարիներ շարունակ մշակած հողատարածքները:
Մանրամասները` տեսանյութում:
Հուլիս 15, 2014 at 13:01