Փայտածուխի նախկին 26 արտադրամասից գործում է 1-ը, վտանգը չեզոքացված է. Տավուշի մարզպետ

Փայտածուխի նախկին 26 արտադրամասից գործում է 1-ը, վտանգը չեզոքացված է. Տավուշի մարզպետ

ԷկոԼուր

Տավուշի մարզում փայտածուխի` նախկինում գործող 26 արտադրամասերից ներկայում պարբերաբար գործում է միայն մեկը: Այս մասին ԷկոԼուրի հարցմանն ի պատասխան հայտնել է Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը: ԷկոԼուրը հարցում էր ուղարկել Տավուշի մարզպետին` տեղեկանալու փայտածուխի արտադրամասերի գործունեության հետևանքներն ուսումնասիրող հանձնաժողովի գործունեության արդյունքների, մարզպետի հանձնարականի հիման վրա մշակված առաջարկությունների փաթեթի և գործողությունների ծրագրի մասին:

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի պատասխան նամակում նշված է.

«ՀՀ Տավուշի մարզպետի 29.05.2019թ. թիվ 70-Ա որոշմամբ ստեղծվել է Ազատամուտ համայնքում փայտածուխի արտադրամասերի գործունեությունը և շրջակա միջավայրի վրա ազդեցությունն ուսումնասիրող հանձնաժողով, որը ուսումնասիրություններ է կատարել 26 տնտեսվարողներից 12-ի մոտ և նրանց հետ քննարկել արտադրամասերում կիրառվող տեխնոլոգիաներն ու դրանց պատճառած վնասները: Հանձնաժողովն արտադրողներին առաջարկել է արդիականացնել արտադրության պրոցեսը, օգտագործել կոնվեկցիոն վառարաններ, որի արդյունքում կբարձրանա արտադրության օգտակար գործողության գործակիցը, իսկ ծխի երկրորդական այրման արդյունքում արտանետումները կնվազեն (առաջարկվել է  կիրառել կոնվեկցիոն վառարաններ, որոնց մեկ հատի միջին արժեքը 150 հազար դրամ է): Ապօրինի անտառահատումները կանխելու նպատակով հանձնաժողովի անդամները ձեռներեցներին հորդորել են վառելափայտ գնելիս պահանջել դրա օրինականությունը հաստատող փաստաթղթեր։ Հանձնաժողովը ներկայացրել է իրականացված ուսումնասիրությունների արդյունքները:

Ազատամուտ համայնքի առողջապահության վիճակագրական տվյալների վերլուծությունը ցույց է տվել, որ համայնքի բնակիչների մոտ շնչառական հիվանդությունների ցուցանիշները մոտ 40 անգամ գերազանցում են հարևան այլ համայնքների ցուցանիշներին: Մասնավորապես, եթե 20000 բնակիչ ունեցող Իջևան քաղաքում ալերգիկ ռինիտ գրանցվել է 4 բնակչի, 2700 բնակիչ ունեցող Գետահովիտում՝ 1, ապա 2800 բնակիչ ունեցող Ազատամուտում՝ 50 բնակչի մոտ: Համեմատական կարգով՝ Ազատամուտում բարձր են նաեւ ասթմայի, թոքային այլ քրոնիկ խցանող հիվանդությունների մակարդակները:

03.09.2019թ. թիվ 01/05016-2019 գրությամբ դիմել ենք ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն՝ համապատասխան ուսումնասիրություններ կատարելու վերաբերյալ: Արդյունքում պարզվել է, որ կան նորմատիվների սահմանման, ինչպես նաև հսկողության տեխնիկական ապահովման խնդիրներ։ Միաժամանակ վարչական հսկողության գործիքների կիրառման արդյունքում արտադրամասերը հիմնականում փակված են (պարբերաբար գործում է 1 արտադրամաս՝ նախկին 26-ի փոխարեն) և այս պահին վտանգը չեզոքացված է։ Այդ է վկայում նաև այն, որ վերջին ամիսներին համայնքի բնակիչների վերին շնչառական ուղիների ոչ ինֆեկցիոն քրոնիկ հիվանդացության նոր դեպքեր չեն արձանագրվել»:

Հիշեցնենք, որ 2020 թ. փետրվարին ոստիկանության աշխատակիցները Տավուշի մարզի Իջևան քաղաքում և գյուղերից մեկում հայտնաբերել էին փայտածուխի երեք արտադրամաս, որոնցում բացակայել են արտադրված փայտածուխի վերաբերյալ համապատասխան փաստաթղթերը։ Արտադրամասերի գործունեությունը կասեցվել էր։  

 

 

16:15 Մարտ 06, 2020


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news