ԷկոԼուր
Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ 1-ի շրջանակում Երևան-Արտաշատ, Երևան-Աշտարակ 31 կիլոմետրանոց վերակառուցվող ճանապարհի բետոնե ծածկն արդեն իրականացված է: Այս մասին զեկուցվել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին փետրվարի 25-ին տեղի ունեցած Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի և Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրերի կառավարման խորհրդի հերթական նիստի ժամանակ:
ՀՀ կառավարության պաշտոնական կայքի համաձայն` զեկուցվել է նաեւ, որ Տրանշ 2-ի՝ Աշտարակ-Թալին 42 կմ երկարությամբ հատվածում նախատեսվում է բետոնե ծածկի աշխատանքները սկսել 2015 թվականի տարեվերջին և ավարտին հասցնել մինչ 2017թ.: Նշվել է, որ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի 3-րդ Տրանշի (Թալին-Լանջիկ, Լանջիկ-Գյումրի) հատվածում այժմ իրականացվում են հողերի օտարման և տարաբնակեցման ծրագրերի մշակման աշխատանքները:
Նիստի ընթացքում Խորհուդը քննարկել և հաստատել է ճանապարհային միջանցքի Տրանշ 3-ի տեխնիկական հսկողության և Տրանշ 4-ի տեխնիկատնտեսական ուսումնասիրության, նախնական նախագծման և մոտ 60 կմ-ի մանրամասն նախագծման խորհրդատուի ընտրության մրցույթի արդյունքները և պայմանագիրը, «Հյուսիս-հարավ ճանապաարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի 2015թ. պահպանման ծախսերի նախահաշիվը:
Հիշեցնենք, որ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքը, հատելով Հայաստանի տարածքը հարավից հյուսիս, ընդգրկելու է Ագարակ-Կապան-Երևան-Գյումրի-Բավրա մայրուղիները և ճանապարհային ենթակառույցները՝ միանալով վրացական ճանապարհի ցանցին, որը տանում է դեպի Փոթի և Բաթումի նավահանգիստներ, կամ դեպի արևելք՝ Թբիլիսի: Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի երկարությունը կազմելու է 556 կմ, կառուցման ժամկետը` 2009-2017թթ: Վարկն ապահովում է Ասիական զարգացման բանկը: Վարկի ընդհանուր աժեքը 500 միլիոն դոլլար է: Կառավարության կողմից համաֆինանսավորումը պետք է կազմի 462 միլիոն դոլլար:
Փետրվար 26, 2015 at 12:18