ԷկոԼուր
Նոյեմբերի 27-ին Սեւանա լիճ բաց թողնվեց 371 000 գեղարքունի և ամառային իշխանի մանրաձուկ նախատեսված 366 667-ի փոխարեն: Ինչպես հայտնում է ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը, մանրաձկան բացթողնման աշխատանքներին հետևել են ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը և ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամի» գործադիր տնօրեն Արշակ Աղաջանյանը, տարբեր գերատեսչությունների համապատասխան ստորաբաժանումների ներկայացուցիչներ, հարակից համայնքների բնակիչներ:
«Այսօր նախատեսված էր 366 700 մանրաձուկ բաց թողնել Սևանա լիճ, սակայն այս պահին լիճ է բաց թողնվելու 371 000 գեղարքունի և ամառային իշխան տեսակի մանրաձուկ: Բացի այդ՝ ս.թ. հունիս-հուլիս ամիսներին արտահերթ կարգով «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամի» կողմից լիճ էր բաց թողնվել մոտ 238 000 մանրաձուկ, այսինքն՝ 2015թ. կտրվածքով՝ մոտ 610 000 մանրաձուկ: ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի կողմից անցկացված մոնիթորինգի արդյունքները ցույց են տալիս, որ լճում ձկան պաշարներն ավելանում են, ինչը շատ ուրախալի և ոգևորիչ է մեզ համար: Սակայն մենք ունենք մի խնդիր՝ ապօրինի ձկնորսություն, հատկապես ձվադրման շրջանում իրականացվող ձկնագողություն, որի դեմ պետք է պայքարենք ազգովի, համատեղ ջանքերով: Ես կոչ եմ անում զե՛րծ մնալ ձկնորսություն իրականացնելուց, չխաթարե՛լ լճում ձկան բնական վերարտադրությունը, որպեսզի մոտ ապագայում մենք հասնենք ձկնապաշարի ցանկալի ծավալների և լճում արդյունագործական որսի հնարավորության հեռանկար ունենանք: Եթե մեզ հաջողվի ձվադրման շրջանում լիակատար կերպով կանխել ձկան ապօրինի որսը, ապա երկու տարի հետո մենք կկարողանանք խոսել արդյունագործական որսի հնարավորությունների մասին»,- ասել է ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը:
ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանն նշել է, որ իրականացվում են բոլոր անհրաժեշտ միջոցառումները՝ որսի արգելքի շրջանում խեցգետնի և ձկան որսն առհասարակ կանխելու նպատակով, անց են կացվում բացատրական աշխատանքներ հարակից համայնքների ղեկավարների, բնակիչների հետ, ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության, «Սևան» ազգային պարկի և ՀՀ ոստիկանության աշխատակիցների համատեղ ջանքերով իրականացվում է նախարարի հրամանը:
ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանի հրամանով Բնապահպանական պետական տեսչությանը հանձնարարվել է մանրաձկան բացթողնման աշխատանքներից հետո երեք օր ուժեղացնել հսկողությունը բացթողնման վայրի հարակից տարածքներում:
«Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին հանձնարարվել է մանրաձկան բացթողնման տարածքում երեք օր կազմակերպել շուրջօրյա հերթապահություն:
Նշենք, որ Սեւանա լճի էկոհամակարգերի վերականգնման, պահպանման, վերարտադրման, բնականոն զարգացման եվ օգտագործման 2015 թվականի միջոցառումների տարեկան ծրագրով Սեւանա լիճ մանրաձուկ բացթողնելու համար պետբյուջեով նախատեսված է 60 միլիոն դրամի հատկացում: Սակայն 2016թ. ծրագրով այլեւս Սեւանի ձկնապաշարների համալրման համար գումար չի նախատեսում:
Նոյեմբեր 27, 2015 at 18:14