ԷկոԼուր
«ՎուԴին» ՍՊ ընկերությունը ՀՀ բնապահպանության նախարարության «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ին է ներկայացրել «Կեչուտ-1» փոքր ՀԷԿ-ի կառուցման նախագիծը: Նախագծի հասարակական լսումները տեղի կունենան սույն թվականի մայիսի 13-ին` ժամը 12.00-ին, ՀՀ Վայոց ձորի մարզի Գնդեվազի գյուղապետարանում:
«Կեչուտ-1» ՓՀԷԿ-ը նախատեսվում է կառուցել Արփա գետի վրա: Դերիվացիայի երկարությունը 3.88 կմ է: Տարեկան կարտադրվի 5.47 միլիոն ԿՎտ/ժ էլէկտրաէներգիա: Աշխատանքները կտեւեն 24 ամիս:
Հիշեցնենք, որ Արփա գետի վրա կառուցված են «Արենի ՀԷԿ» ՓՀԷԿ-ը, «Ջերմուկ ՀԷԿ-2» ՓՀԷԿ-ը, «Արփա» ՓՀԷԿ-ը: Կառուցվում են` «Ջերմուկ-1» եւ «Արփա-3» ՓՀԷԿ-երը:
ՓՀԷԿ-ի կառուցման շինարարական աշխատանքների ընթացքում կհատվեն մի քանի թփեր, որը ըստ նախագծի, միջավայրի վրա էական ազդեցություն չի ունենա, ավելին` կտնկվի տեղանքում լավ աճող 30 ծառ:
Ըստ նախագծի` ՓՀԷԿ-ի ազդեցության տարածքում մշակութային եւ բնության հատուկ պահպանվող տարածքներ չկան: Չկա նաեւ բուսական եւ կենդանական աշխարհի վրա զգալի ազդեցություն: Սակայն նշված չէ ո՛չ կենդանական եւ ո՛չ բուսական աշխարհի էնդեմիկ տեսակների մասին: Նշված չէ նաեւ, թե որքան է կազմում գետի համար անհրաժեշտ էկոլոգիական թողքը:
«Կեչուտ-1» ՓՀԷԿ-ի շինարարության արդյունքում շրջակա միջավայրին հասցված վնասը կկազմի 388.259 դրամ/տարի: Բնապահպանական միջոցառումների իրականացման համար ծախսը կկազմի 2.300.000 դրամ:
ՓՀԷԿ-ի արտադրած ամբողջ էլեկտրաէներգիան նախատեսվում է վաճառել «Հայաստանի էլոկտրական ցանցեր» ՓԲԸ-ին:
Մայիս 12, 2014 at 15:21