Հայաստանը եւ Կանադան նախատեսում են իրականացնել համատեղ բնապահպանական ծրագրեր

Հայաստանը եւ Կանադան նախատեսում են իրականացնել համատեղ բնապահպանական ծրագրեր

ԷկոԼուր

ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն ընդունել է Կանադայի բնապահպանության և կայուն զարգացման մշտական հանձնաժողովի նախագահ Հարոլդ Ալբրեխտի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին ՀՀ-ում և ՌԴ-ում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Ռոնալդ Քյուրը, Կանադայի պատվավոր հյուպատոս Արտաշես Էմինը և Մոսկվայում Կանադայի դեսպանատան ներկայացուցիչ Քորին Պետրիսորը:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը, նախարար Արամայիս Գրիգորյանը նշել է. «Թեև բնապահպանության ոլորտում ՀՀ բնապահպանության նախարարության և կանադական կողմի միջև համագործակցության փորձ չկա, այնուամենայնիվ, այս հանդիպումն առիթ է փոխգործակցության հեռանկարներ և հնարավորություններ քննարկելու համար»:

Կողմերն անդրադարձել են ջրային ռեսուրսների, բնության հատուկ պահպանվող  տարածքների պահպանության, կենսաբազմազանության պահպանման, հանքարդյունաբերության, թափոնների կայուն կառավարման և այլընտրանքային էներգիայի /մասնավորապես քամու, արևի էներգիաների և կոշտ թափոնների վերամշակման միջոցով/  ստացման խնդիրներին, քննարկել երկու երկրների փորձն ու հնարավորությունները: Որոշվել է առաջիկայում զարգացնել երկու երկրների համապատասխան գերատեսչությունների կապերը և սերտ համագործակցություն սկսել վերոնշյալ ոլորտներում:

Նշենք, որ կանադական ընկերությունները ներդրումներ են կատարում Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտներում: «Դանդի փրիշս մեթալս» ՓԲԸ-ն  ի դեմս «Դանդի փրիշս մեթալս Կապան» ՓԲԸ-ի շահագործում է Հայաստանում Շահումյանի ոսկու բազմամետաղային հանքավայրը: Մեկ այլ կանադական ընկերություն` ի դեմս «Բլեքսթերզ Էներջի Արմենիա» ՍՊԸ-ի, զբաղվում է Հայաստանում նավթի եւ գազի որոնմամբ:

Ապրիլ 27, 2015 at 13:20


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր