

ԷկոԼուր
ՀՀ ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը այցելել է Լոռու մարզի Մարց գյուղ, որտեղ բնակիչները պայքարում են «Մարցիգետ-1» փոքր ՀԷԿ-ի կառուցման դեմ:
Հիշեցնենք, որ «Մարցիգետ-1» ՓՀԷԿ-ը ցանկանում է կառուցել «Մարցէներջի» ՍՊԸ-ն, այն թվով երրորդն է լինելու Մարց գետի վրա:
Ներկայացնում ենք ԷկոԼուրի հարցազրւյցը պատգամավոր Էդմոն Մարուքյանի հետ:
-Պարո'ն Մարուքյան, ի՞նչ նպատակով եք եղել Մարց գյուղում:
-Գիտեք, Մարց գյուղը իմ ընտրատարածքի մեջ չի մտնում, բայց, քանի որ այդ գյուղն ինձ համար հարազատ գյուղ է, երկար ժամանակ պլանավորում էի այցելել և ազատ ժամանակ գտնելով այցելել եմ՝ հանդիպելու գյուղացիների հետ և ծանոթանալու գյուղում առկա խնդիրներին: Հանդիպման ժամանակ, որպես հիմնական խնդիր գյուղացիները ներկայացրել են ՀԷԿ-ի կառուցման հետ կապված իրենց բացասական դիրքորոշումը և հավաստիացրել, որ պայքարելու են, որ այն չկառուցվի:
-Պատրաստվու՞մ եք միջամտել հարցին լուծում տալու համար: Եթե այո, ինչպե՞ս:
-Հարցի լուծումը կարող են տալ միայն Մարցի բնակիչները, քանի որ միայն իրենք կարող են որոշել թույլատրել ՀԷԿ-ի կառուցումը կամ էլ խոչընդոտել դրա կառուցմանը: Տեղական ինքնակառավարման մարմինը ունի օրենքով սահմանված բոլոր մեխանիզմները, որոնք օգտագործելով գյուղացիները կարող են արգելել ՀԷԿ-ի կառուցումը, իսկ ես՝ որպես ԱԺ պատգամավոր, բացի խորհրդատվությունից այլ բան չեմ կարող անել: Գյուղացիներին իմ կողմից ներկայացվել են իրավական բոլոր մեխանիզմները, որոնք օգտագործելով նրանք կարող են արգելել ՀԷԿ-ի կառուցումը:
-Արդյոք եկե՞լ եք որևէ պայմանավորվածության բնակիչների հետ:
-ՀԷԿ-ի կառուցման հետ կապված՝ ես ներկայացրել եմ պայքարի իրավական և հասարակական տարբերակները, և միակ պայմանավորվածությունը, որ բնակիչների հետ ձեռք է բերվել , փոխադարձ կապ պահելուն է վերաբերվում:
-Որո՞նք են այդ իրավական և հասարակական տարբերակները:
-Առաջինը՝ ավագանին կարող է չեղյալ անել շինթույլտվությունը, իսկ իրավական ճանապարհը՝ պետք է դիմեն վաչական դատարան պարտավորության հայցով:
-Իսկ արդյո՞ք Ձեր իրավասությունների մեջ չի մտնում պաշտպանել մարցեցիների շահերը և բարձրացնել այս հարցը համապատասխան իրավասու մարմիններում:
-Ինձ ընտրել են թիվ 30 ընտրատարածքի բնակիչները, որի մեջ չի մտնում Մարց գյուղը, բայց դա չէ էականը, այլ այն, որ իրենց գյուղի համար առաջինը կարող են և պետք է պայքարեն գյուղացիները իրենց ՏԻՄ-ի հետ միասին: Ես՝ որպես ԱԺ պատգամավոր, լիազորություն չունեմ ՀԷԿ-ի շինարարական թույլտվությունն անվավեր ճանաչելու, բայց գյուղապետը դրա իրավասությունն ունի, իսկ ավագանին ավելին կարող է անել: Տվյալ պարագայում իմ տպավորությունն այնպիսին էր, որ բոլորը, այդ թվում, գյուղապետը և ավագանու անդամները դեմ էին ՀԷԿ-ի կառուցմանը, հետևաբար, ինչն է նրանց խանգարում իրենց լիազորությունների շրջանակներում վերացնել այն իրավական հիմքերը, որոնք թույլ են տալիս ՀԷԿ-ի կառուցումը:
Մայիս 16, 2013 at 15:35
