ԷկոԼուր
Սեւանա լճի հիմնախնդիրն անապատացման դրսևորման ինքնատիպ դեպքերից է: Լճում ջրի 22-23 աստիճան ջերմաստիճանի պայմաններում կապտականաչ ջրիմուռները ինտենսիվ բազմանում են, որը ժամանակի ընթացքում կարող է հանգեցնել լճի ճահճացման: Այս մասին ԷկոԼուրի հետ զրույցում ասաց ՀՀ բնապահպանության նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի տեղակալ Սամվել Բալոյանը: Նա նշեց այն հետեւանքները, որոնք կարող են առաջանալ Սեւանա լճի ճահճացման դեպքում. «Առաջինը՝ մենք կարող ենք կորցնել Սևանը որպես ջրային մեծ պաշար: Եթե կորցնենք Սևանա լիճը, կկորցնենք ռազմավարական
նշանակության կարևորագույն օբյեկտ: Հայաստանը կունենա ինչպես խմելու, այնպես էլ ոռոգման ջրի լուրջ հիմնախնդիր, ինչպես նաև էներգետիկ խնդիր: Այդ տարածքների ճահճացումը կհանգեցնի մարդկանց ապրելու բնական պայմանների վատթարացմանը, դա էլ իր հերթին կնշանակի, որ մարդիկ պարզապես չեն կարողանա ապրել այդ տարածքներում, իսկ անապատացումը հենց դա է, որ մարդիկ իրենց ապրելու միջավայրը չեն ունենա, և դրա համար գոյություն ունի հետևյալ հասկացությունը՝ էկոլոգիական միգրացիա»:
Սեւանա լճի ջերմաստիճանը պայմանավորված է լճի մակարդակով, որքան մակարդակը ցածր է այնքան ջերմաստիճանը բարձր է: Հաշվարկները ցույց են տվել, որ լճի մակարդակը 6 մետրով բարձարացնելով` լճի հատակային սառը շերտը կվերականգնվի եւ այն կնպաստի հեռու պահել լիճը ճահճացումից: Անհրաժեշտ է, որ լճի ջերմաստիճանը հասնի 18 աստիճանի, որպեսզի ջրիմուռների բազմացումը դանդաղի և լիճը սկսի ինքնամաքրվել:
Հիշեցնենք, որ 2014 թ-ին Սեւանից կվերցվի օրենքով նախատեսված 170 միլիոն խմ առավելագույն չափաքանակից ավելի շատ ջուր`մինչեւ 270 միլիոն խմ` Արարատյան դաշտի ոռոգումն ապահովելու համար: ՀՀ ԳԱԱ Հիդրոէկոլոգիայի եւ ձկնաբանության ինստիտուտի տնօրեն Էվելինա Ղուկասյանի խոսքով` Սեւանա լիճ ջրի տարեկան մուտքը կազմում է 220 միլիոն խմ: Սա նշանակում է, որ 270 միլիոն խմ-ի դեպքում լիճը բացասական հաշվեկշիռ կունենա:
Հուլիս 23, 2014 at 11:21