ԷկոԼուր
ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը ամփոփեց նախարարության 2014 թ. ընթացքում կատարված աշխատանքների արդյունքները դեկտեմբերի 22-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ: Նախարարն իր ելույթում անդրադարձավ ոլորտի կարևոր խնդիրներին՝ իրավական ակտերի մշակմանը, Արարատյան դաշտի ջրային ռեսուրսներին, Սևանա լճի, փոքր ՀԷԿ-երի, Բնության հատուկ պահպանվող տարածքների, ընդերքօգտագործման խնդիրներին:
ԷկոԼուրը ներկայացնում է մամուլի ասուլիսի նյութերն ըստ թեմաների:
Հանքարդյունաբերություն.
Ըստ ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության՝ 2014 թ-ի ընթացքում շրջակա միջավայրի պահպանության դրամագլխին հատկացվել է 441.6 միլիոն դրամ, իսկ բնակչության անվտանգության ու առողջության ապահովման նպատակով մշտադիտարկումների կատարման համար հատկացվել է 39 միլիոն դրամ: 2004-2014 թթ. շրջակա միջավայրի պահպանության դրամագլխում կուտակված է եղել շուրջ 432 միլիոն դրամ գումար:
«Մենք փորձեցինք այս գումարներով պիլոտային ծրագրեր իրականացնել և տիրազուրկ տարածքներում, որտեղ արդեն ավարտվել է գործունեությունը, ռեկուլիտիվացիոն աշխատանքներ իրականացնենք: Մի քանի վայրերում հասկացանք, որ նախկինում չի իրականացվել խնդիրը, և այդ տարածքների հետ կապված գումարներ չեն փոխանցվել բյուջե, իսկ ամեն տարածքի գումարը պետք է այդ տարածքի վրա ծախսվի, և հասկացանք, որ մենք չենք կարողանում այս ծրագիրն իրականացնել: Ծանուցագրեր ուղարկեցինք բոլոր հանքարդյունաբերողներին և ներկայացրեցինք, որ պարտավորություններ ունեն: Հետագայում մենք կդիմենք կառավարությանը, որպեսզի այս գումարներից թույլ տան` որոշակի գումարներ օգտագործենք մյուս տարածքների հետ կապված ռեկուլտիվացիոն աշխատանքներ իրականացնելու համար», - ասաց Արամայիս Գրիգորյանը:
Լրագրողները, անդրադառնալով Ամուլսարի հանքավայրի շահագործման ծրագրին՝ հարց ուղղեցին նախարարին՝ հիմնավո՞ր է գնդեվազցիների բողոքը, ովքեր դեմ են հանքի շահագործմանը և պատրաստվում են դիմել դատարան:
Ի պատասխան նախարարն ասաց. «Յուրաքանչյուր ծրագիր իրականացնելիս` լինում են մարդիկ, ովքեր կողմ են, և մարդիկ, ովքեր դեմ են ծրագրի իրականացմանը, բայց կա իրականություն, որ երբ մենք հաշվի ենք նստում, հաշվի ենք նստում մեծամասնության կարծիքի հետ: Միևնույն ժամանակ մասնագիտական մոտեցումները ցույց տվեցին, որ հիմնականում մարդիկ, ովքեր դժգոհում են, դա ավելի շատ սարքովի է, և հստակ կարող եմ ասել, որ մենք ճիշտ ճանապարհով ենք շարժվում: Մենք պիտի հասկանանք, որ նաև մեր եղած ռեսուրսները պիտի կարողանանք օգտագործել: Հանքարդյունաբերության ոլորտի հետ կապված, ես, որպես բնապահպանության նախարար, հստակ մի քանի անգամ արդեն ասել եմ, որ մեր երկրին նույնպես պետք են հզորություններ, հնարավորություններ, մեր ժողովրդին պետք են աշխատատեղեր: Եթե մենք չօգտագործենք մեր հնարավորությունները, վաղը ո՞վ է մեզ բերելու, հենց այնպես ինչ-որ հնարավորություններ տրամադրելու, որպեսզի մենք զարգանանք կամ հզորանանք»:
ԷկոԼուրի հարցին՝ ի՞նչն էր սարքովի, նախարար Գրիգորյանը պատասխանեց. «Ես նորից եմ կրկնում, յուրաքանչյուր նախաձեռնության շուրջ լինում են կողմ մարդիկ և դեմ մարդիկ: Մենք հաշվի ենք առել կողմ մարդկանց քանակը, որ ավելի շատ է եղել և հաշվի ենք առել նաև այն հանգամանքը, որ կար այստեղ որոշակի սարքովի բան: Ես չեմ ուզում հիմա ամբողջությամբ ներկայացնել, եթե անհրաժեշտություն կլինի, ես նաև կասեմ Ձեզ՝ ինչ խնդիր է առաջացել: Այնուամենայնիվ, հաշվի ենք առել ամբողջական խնդիրը, մասնագիտական մոտեցումները լիարժեք տալուց հետո որոշում կայացրեցինք, որ փորձաքննությունը պետք է դրական տրվի»:
Հաջորդիվ ԷկոԼուրը անդրադարձավ Մեղրասարի հանքավայրի շահագործման ծրագրին. «Մեղրասարի հանքավայրն ակնհայտ օրենքի խախտումով ստացավ դրական եզրակացություն: Չէր պահպանվել հանրային լսումների իրականացման գործընթացը, 3 լսումների փոխարեն անցկացվել էր 2-ը: Ինչպե՞ս նախագիծը ստացավ դրական եզրակացություն»:
Արամայիս Գրիգորյան. «Խնդիրը հետևյալն է, որ Մեղրասարի հետ կապված որևէ խախտում տեղի չի ունեցել: Եթե Ձեզ պետք են փաստաթղթերը, մենք հստակ փաստաթղթերը կտրամադրենք Ձեզ լսումների հետ կապված, տեսաերիզների հետ կապված: Դուք կարող եք հստակ այդ ժամանակ պատկեր ունենալ, թե ինչքանով է խախտվել կամ չի խախտվել: Մենք խախտում չենք արձանագրել»:
ԷկոԼուր. «Նախարարության փորձագետը խոստովանեց, որ այո, 3 լսումների փոխարեն երկուսն ենք իրականացրել, որովհետև միշտ այդպես ենք արե»լ:
Արամայիս Գրիգորյան. «Ոչ, մասնագետը մի գուցե ներկայացրել է մասնագիտական եզրակացության կամ իրենց մասնակցության…Առաջին լսումը տեղի է ունենում նույն մարզում, տարածքում, համայնքում, և դրա պատասխանատուն համայքնի ղեկավարն է, դրա պատասխանատուն մասնավոր ձեռնարկատերն է, և մենք հիմնականում պատասխանատու ենք մասնագիտական եզրակացության ժամանակահատվածի համար»:
Լրագրողներն անդրադարձան նաև օրերս շահագործման հանձնված Թեղուտի հանքավայրին. «Օրհուսի համապատասխանության կոմիտեն մի քանի որոշում է ընդունել Հայաստանի դեմ, որ խախտվել են Օրհուսի կոնվենցիայի որոշ դրույթներ, այդ թվում նաև կապված Թեղուտի շահագործման հետ: Անկախ դրանից հանքը շահագործվեց: Արդյո՞ք ստացվում է, որ մենք մեր իսկ ընդունած, մեր իսկ վավերացրած կոնվենցիային դեմ գնացինք»:
Նախարարը պատասխանեց. «Ես Ձեր ասածի հետ այդքան համամիտ չեմ, որովհետև եթե Դուք եղել եք Թեղուտում, տեսել եք աշխատանքները, տեսել եք` ինչ ձևով է շահագործվում հանքը…բնականաբար, մենք նաև զրուցեցինք տեղի բնակիչների հետ, և հասկանալի դարձավ, որ այդ կառույցը այդ տարածքում անհրաժեշտություն էր, մարդիկ ներկայացրեցին, որ ընտանիքներում սկսել են երեխաներ ավելանալ, մարդիկ ներկայացրեցին, որ այլևս մութ տուն չկա, երեկոյան բոլորի տանը լույս է վառվում, որովհետև բոլորը տեղափոխվել են և բնակվում են տարածքներում, մարդիկ ներկայացրեցին, որ շատ-շատերը հեռուստացույց չեն ունեցել, այսօր արդեն հեռուստացույց ունեն, …Ես չեմ կիսում այն միտքը, որ մենք համաձայնագրին դեմ ենք գնացել: Մենք իրականացնում ենք մեր գործը, հանրապետության եղած ռեսուրսները օգտագործում ենք մեր չափով, մեր հնարավորություններն ավելացնելով և հնարավորինս չենք վնասում միջազգային մեր հարաբերությունները: Ես նույնպես համարում եմ, որ Թեղուտի հետ կապված խնդիրները, որ հաճախակի բարձրացվում էր շատ լրատվամիջոցների կողմից, մի գուցե նաև այն էր պատճառը, որ նրանք տեղում չէին եղել, ուսումնասիրություն չէին արել, չէին տեսել՝ ինչի մասին է խոսքը և դրա համար նաև ներկայացնում էին: Ես տեղեկացնեմ Ձեզ, որ տարածաշրջանի լավագույն ձեռնարկությունն է համարվում այսօր Թեղուտը, և հետագա աշխատանքերը ցույց կտան, որ նաև պետական բյուջեի մակարդակով մենք ինչքան մուտքեր կունենանք, աշխատատեղերի մակարդակով ինչքան խնդիրներ կլուծենք»:
Սրան հետևեց լրագրողի հաջորդ հարցը. «Թեղուտը շահագործվում է 2005 թ-ի ՇՄԱԳ-ով, թե՞ հետագայում փոխվել է, որովհետև բնապահպանական հանրությունը բազմիցս անդրադարձել է՝ նշելով, որ 2005 թ-ին ստացել են թույլտվություն, սակայն դրանից հետո փոփոխություն է կատարվել նախագծում, և կրկին ՇՄԱԳ չի ներակայցվել, այդպե՞ս է, թե ոչ»:
Նախարար. «Դուք դա ներակայացնում եք որոշ մարդկանց՝ ֆիզիկական կամ իրավաբանական անձանց ցանկությունները, կարծիքները, բայց ոչ իրականությունը: Իրականությունը հետևյալն է, որ նրանք ստացել են փորձաքննություն, բացի մեր տեղական կառույցի փորձաքննությունից նաև միջազգային կառույցի փորձաքննություն են իրականացրել, որը էլ ավելի է վստահեցնում, որ որևիցե խախտում չկա: Ինչ վերաբերում է ցանկություններին, որ մարդիկ ինչ-որ ձևով ցանկանում են սևացնել, ինչ-որ ձևով իրենց ընդունելի չէ, դա այլ խնդիր է, բայց իրականությունն այն է, ինչ-որ մենք այսօր ունենք, և շեղումներ մենք դեռևս չենք տեսել: Նաև հաճախակի հարց է բարձրացվում՝ ինչու բնապահպանութունը ստուգումներ չի իրականացնում: Առաջիկայում, արդեն իրենց աշխատանքները սկսեցին, մենք ստուգումները կիրականացնենք և բաց տեքստով բոլորին ցույց կտանք, և պարզ կլինի՝ ինչքանով են իրենք սխալվել, շեղվել կամ թե չեն շեղվել, որպեսզի բոլոր խնդիրները մենք կարողանանք այստեղ լուծել: Ներկայացվում է, որ իրենք անտառի հատման մեծ աշխատանքներ են կատարել: Բնական է, որ իրենց թույլտվություն է եղել անտառի հատում իրականացնելու, բայց այն թույլտվութոյւնը, որը եղել է, նրանք դրանից ավելի քիչ են արել: Երկրորդը՝ նրանք շատ ավելի մեծ քանակությամբ անտառի տնկման աշխատանքներ են իրականացրել և այսօր էլ են պատրաստ իրականացնելու, առավել ևս մրցույթներ են անցկացրել, որպեսզի ավելի հստակ պլանավորված, պարտավորված ձևով դա իրականացնեն; Հանքի բացմանը ես էլ էի այնտեղ, նույն տնօրենը, սեփականատերը ներկայացնում էր, որ ես պատրաստ եմ տարբեր տեղեր, որտեղ դուք առաջարկություն կանեք, անտառի տնկման աշխատանքներ կիրականացնեմ»:
Դեկտեմբեր 26, 2014 at 16:40