Բնպահպանության նախարարություն` գայլերի, շնագայլերի, ագռավների եւ կաչաղակների թվաքանակի աճն առաջ է բերել բնապահպանական լուրջ խնդիրներ

Բնպահպանության նախարարություն` գայլերի, շնագայլերի,  ագռավների եւ կաչաղակների թվաքանակի աճն առաջ է բերել բնապահպանական լուրջ խնդիրներ

ԷկոԼուր

ՀՀ բնապահպանության նախարարությունը արձագանքել է ԷկոԼուրի հրապարակած  «Իսկ որտե՞ղ են մոխրագույն ագռավի, կաչաղակի, գայլի և շնագայլի որսի սահմանափակումները» նյութին եւ ուղարկել հետեւյալ պատասխանը.

«Հայաստանի Հանրապետության տարածքում վերջին տարիներին նկատվում է գայլերի, շնագայլերի, մոխրագույն ագռավների, ինչպես նաև կաչաղակների թվաքանակի զգալի աճ:

Նշված կենդանատեսակների թվաքանակի աճման հանգամանքը առաջ է բերել ոչ միայն սոցիալ-տնտեսական, այլ նաև բնապահպանական լուրջ խնդիրներ, ինչը, օրինակ, վերջին տարիներին արտահայտվում  է մի շարք կենդանատեսակների, այդ թվում` ՀՀ կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանատեսակներին հասցված վնասով:

 Հանրապետության տարբեր համայնքներում 2010-2012 թվականներին բազմիցս արձանագրվել են գայլերի հարձակումներ` ինչպես ընտանի կենդանիների, այնպես էլ մարդկանց վրա, որը զգալի տնտեսական վնաս էր հասցնում անասնապահությանը և առաջ էր բերել մի շարք խնդիրներ: Իրավիճակի կարգավորման նպատակով ՀՀ կառավարության 10.02.2011թ  «Գայլերի  թվաքանակի կարգավորման և միջոցառումների իրականացման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը գումար հատկացնելու մասին»  N 123-Ն և 16.02.2012թ. «ՀՀ կառավարության փետրվարի 10-ի N 123-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու ու ՀՀ բնապահպանության նախարարությանը գումար հատկացնելու մասին» N 146-Ն որոշումների  համաձայն, Հայաստանի Հանրապետության տարածքում 2011-2012 թվականների ընթացքում  իրականացվել են գայլերի  թվաքանակի կարգավորման միջոցառումներ:

Հարցումները ցույց են տվել, որ գայլերի գերակշռող մասը ոչնչացվել է բնակավայրերի տարածքներում` գյուղերի մեջ, դրանց անմիջական մոտակայքում և անասնագոմերի շրջակայքում:

2013 թվականի ընթացքում գայլերի թվաքանակի կարգավորման միջոցառումներ չեն իրականացվել, քանի որ հանրապետության գյուղական վայրերից և բնակչության կողմից գայլերի հարցակման վերաբերյալ ահազանգեըը եղել են շատ ավելի քիչ, քան  2011-2012 թվականների ընթացքում: 2014 թվականի առաջին կիսամյակում ընտանի կենդանիների վրա գայլերի հարձակման գրանցված դեպքերը թույլ են տալիս եզրակացնել, որ գայլերի  թվաքանակը մեծացել է, և անհրաժեշտություն է առաջացել շարունակել  գայլերի  թվաքանակի կարգավորման  միջոցառումները:

«Կենդանական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության 15-րդ հոդվածով սահմանված է, որ  բացառիկ դեպքերում (բնակչության, ընտանի և վայրի կենդանիների համաճարակային հիվանդություններ, անասնապահության զարգացմանը վտանգի սպառնում, էկոլոգիական հավասարակշռության խախտման վտանգ) անցկացվում են վայրի կենդանիների առանձին տեսակների քանակը կարգավորող միջոցառումներ:

Նշված միջոցառումների թվին  կարելի է դասել նաև ՀՀ բնապահպանության նախարարի 2014 թվականի օգոստոսի 21-ի N236-А հրամանով սահմանված այն դրույթը, համաձայն որի 2014-2015 թվականների որսաշրջանի ընթացքում որսի թույլտվություն ունեցող անձանց թույլատրվում է իրականացնել մոխրագույն ագռավի, կաչաղակի, գայլի և շնագայլի որս:

Նման միջոցառումների իրականացմամբ հնարավոր կլինի կարգավորել վերջիններիս թվաքանակը և  պոպուլյացիայի բնականոն մակարդակը, դրանով վերականգնել  բնության մեջ խախտված էկոլոգիական հավասարակշռությունը, ինչպես նաև հնարավոր կլինի կանխարգելել ընտանի կենդանիներին և մարդկանց հասցվող էական վնասը»:

Օգոստոս 28, 2014 at 14:12


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր