

Մեդիամաքս
Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը հորդորել է կառուցապատող ընկերությանը վերանայել Թռչկանի ջրվեժի վրա փոքր ՀԷԿ-ի կառուցման նախագիծը:
Այս մասին Մեդիամաքս-ի հետ զրույցում ասել է «Պահպանենք Թռչկանի ջրվեժը» շարժման ակտիվիստ Ապրես Զոհրաբյանը, ով այսօր մասնակցել է բնապահպանության նախարարի կողմից հրավիրած աշխատանքային քննարկմանը:
Ապրես Զոհրաբյանի խոսքերով, նախարարը խորհուրդ է տվել կառուցապատող ընկերությանն իրականացնել նախագիծը ջրվեժից հեռու` Չիչխան գետի հունով ներքեւ:
«Ընկերությանը տրվել է 10 օր ժամանակ նախագիծը ճշգրտելու համար: 10 օր անց կկազմակերպվի նոր քննարկում»,- ասել է նա:
Շարժման ակտիվիստը նկատել է, որ կառուցապատող ընկերության ներկայացուցիչները խանդավառությամբ չեն ընդունել նախարարի խորհուրդները, քանի որ փոփոխված նախագիծը նոր ծախսեր է պահանջում:
Մեդիամաքս-ը հիշեցնում է, որ սեպտեմբերի 8-ին բնապահպանները ՀՀ կառավարության շենքի առջեւ կազմակերպել էին բողոքի ակցիա` պահանջելով դադարացնել Թռչկանի ջրվեժի վրա փոքր ՀԷԿ-ի կառուցումը:
Սեպտեմբեր 09, 2011 at 18:15
