Նոր վարչապետ, նոր նախարարներ

Նոր վարչապետ, նոր նախարարներ

ԷկոԼուր

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 27-ին հրամանագրեր է ստորագրել 11 նախարարի նշանակման վերաբերյալ։ Իրենց պաշտոններում վերանշանակվել են՝ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, Կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը, որպես Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը:

ՀՀ բնապահպանության նախարար է նշանակվել Արծվիկ Մինասյանը, ով մինչ այդ Էկոնոմիկայի նախարարն էր:

Էկոնոմիկայի նախարար է նշանակվել Սուրեն Կարայանը, ով 2006-2008թթ. ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալն էր, 2008-2015թթ.՝ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալը, իսկ 2015-2016թթ.՝ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարի առաջին տեղակալ:

Առողջապահության նախարար է նշանակվել Լևոն Ալթունյանը, ով մինչ այդ «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերության գործադիր տնօրենն էր:

Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար է ընտրվել Հրաչյա Ռոստոմյանը, ով այս պաշտոնում փոխարինում է Գաբրիել Ղազարյանին: Հրաչյա Ռոստոմյանը 2013-2016թթ. Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղարն էր, իսկ մինչ այդ 2012-2013թթ. եղել է նույն՝ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության նախարարը:

Մշակույթի նախարար է նշանակվել Արմեն Ամիրյանը՝ փոխարինելով Հասմիկ Պողոսյանին: Արմեն Ամիրյանը երկար տարիներ ղեկավարել է «Հայաստանի ազգային ռադիո» ՊՈԱԿ-ը: 2015-2016թթ. նա Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ էր:

Նշենք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի սույն թվականի սեպտեմբերի 20-ի հրամանագրերով Վաչե Գաբրիելյանը վերանշանակվեց ՀՀ փոխվարչապետ և Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար, Դավիթ Հարությունյանը՝ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար:

Ֆինանսների նախարար նշանակվեց Վարդան Արամյանը, ով այս պաշտոնում փոխարինում է Գագիկ Խաչատրյանին: Վարդան Արամյանը 2008 – 2013թթ. ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալն էր, 2013 – 2016թթ.՝ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալը:

Տրանսպորտի և կապի նախարար նշանակվեց Վահան Մարտիրոսյանը, ով փոխարինում է Գագիկ Բեգլարյանին: Վահան Մարտիրոսյանը մինչ այդ «GNC-ալֆա» ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի նախագահն էր:

Գյուղատնտեսության նախարարի պաշտոնում նշանակվեց Իգնատի Առաքելյանը՝ փոխարինելով Սերգո կարապետյանին: Իգնատի Առաքելյանը մինչ այդ Երևանի կոնյակի գործարանի գործադիր տնօրենն էր:
էներգետիկայի և բնական պաշարների նախարար նշանակվեց Աշոտ Մանուկյանը, ով փոխարինում է Լևոն Յոլյանին: Աշոտ Մանուկյանը մինչ այդ «Էներգո Ինվեստ Հոլդինգ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենն էր:
Դեռևս թափուր են պաշտպանության և արտաքին գործերի նախարարների աթոռները:

Սեպտեմբեր 28, 2016 at 17:17


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր