ԷկոԼուր
Գործադիրը սույն թվականի սեպտեմբերի 11-ին հաստատեց Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի Տրանշ-1 (Երևանի Շիրակի փողոց/Արտաշատի խճուղի և Արշակունյաց պողոտայի լայնացում) ճանապարհահատվածի համար Հողի օտարման և տարաբնակեցման N3 ծրագիրը, ավարտը 2016թ-ի հունիսի 30: Դրա համար ՀՀ կառավարությունը Ասիական զարգացման բանկից ստացել է 48 640 000 ԱՄՆ դոլար վարկ, որը տրամադրվել է 32 տարով: Այն իրականացնում են ՀՀ էկոնոմիկային նախարարությունը և Երևանի քաղաքապետարանը: Ծրագրի հիմնական նպատակն է լրացնել քաղաքային արևմտյան օղակի բացակայող ճանապարհային հանգույցները Երևան քաղաքում:
Տրանշ 1-ով բարելավվելու է Շիրակի փողոց և Արտաշատի խճուղի հատվածը և լայնացվելու է Արշակունյաց պողոտան:
Ծրագրի համաձայն` ազդեցության կենթարկվեն 85 հողակտորներ` ընդգրկելով 70 տնային տնտեսություն և 26,580.38 մ² մակերեսով տարածք: Ճանապարհաշինության արդյունքում տարբեր տեսակի բանջարեղենի տարեկան կորուստը կկազմի 588.648 կգ: Ազդեցության կենթարկվեն 3603 մրգատու ծառ և թուփ, 274 փայտանյութ տվող ծառ և 188 դեկորատիվ ծառ:
Մշակաբույսերի ընդհանուր փոխհատուցումը կկազմի 306,134 ՀՀ դրամ: Մրգատու ծառերն ու թփերի փոխհատուցումը կկազմի 108.901.882 ՀՀ դրամ:
Տրանշ-1-ում ոչ մի խոսք չկա շրջակա միջավայրին պատճառվելիք վնասի մասին: Փոխարենը 2014թ-ի փետրվարին ՀՀ բնապահպանության նախարարության «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ին ներկայացվեց «Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի` Ճանապարհային հանգույց 2. Նոր Շիրակի փողոց և Արտաշատի մայրուղի, Ճանապարհային հանգույց 3. Արգավանդի փոխհատում – Շիրակի փողոց» շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատականը (ՇՄԱԳ): ՇՄԱԳ-ում ազդեցության ենթակա ծառերի թիվը կտրուկ նվազեցված է: «Ճանապարհային հանգույց 2-ի ծրագծի երկայնքով ընդհանուր առմամբ հաշվվել է 127 ծառ: Ճանապարհի ծրագծի որոշ հատվածներում նկատվել են փոքր եւ մեծ ծառեր (10 սմ -80 սմ ԿԲՏ - ով): Նոր Շիրակի փողոցում գրանցվել է 38 ծառ:
Նույնքան ծառ է գրանցվել նաեւ Արտաշատի մայրուղու երկայնքով: … Օղակաձեւ փոխհատման տարածքում պոտենցիալ ազդեցության կենթարկվեն 51 ծառեր: Ծառահատումը նվազեցնելու նպատակով ԲԿՊ-ում ներառված մեղմացնող միջոցառումները պարունակում են հետեւյալ առաջարկը՝ հանել ծառերը եւ դրանք վերատնկել հարակից տարածքներում: Այն դեպքերում, որտեղ միակ տարբերակը ծառահատումն է, պետք է կիրառվի վերատնկման 1:6 սխեման՝ 6 տնկի յուրաքանչյուր հատված 1 ծառի դիմաց հարաբերակցությամբ»,- մասնավորապես նշված է ՇՄԱԳ-ում:
ՀՀ բնապահպանության նախարարության «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ի ուշադրությունն ենք հրավիրում ծառերի թվերի վերաբերյալ հակասության վրա:
Սեպտեմբեր 11, 2014 at 16:45