ՀՀ Օմբուդսմենի զեկույց` 2014թ-ին ապօրինի ծառահատումներն ավելին էին, քան նախորդ երկու տարիներին

ՀՀ Օմբուդսմենի զեկույց` 2014թ-ին ապօրինի ծառահատումներն ավելին էին, քան նախորդ երկու տարիներին

ԷկոԼուր

2014թ-ին ապօրինի ծառահատումների ցուցանիշները գերազանցել են նախորդ երկու տարիների ցուցանիշները:

Որպես ՀՀ բնապահպանության նախարարության թերացում «2014 թվականի ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության և երկրում մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների խախտման մասին» զեկույցում այս կապակցությամբ գրված է. «2014 թվականին չի իրականացվել պատշաճ վերահսկողություն և չեն ձեռնարկվել արդյունավետ կանխարգելիչ միջոցներ ապօրինի անտառահատումների դեպքերի բացառման նպատակով, ինչի հետևանքով հատված ծառերի քանակը գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշները:

2014 թվականին բազմաթիվ ահազանգեր են ստացվել ապօրինի անտառահատումների վերաբերյալ: Մասնավորապես, անտառահատումներ են արձանագրվել Վայոց Ձորի Սարավան գյուղում, «Դիլիջան» ազգային պարկում, Իջևանի արգելավայրում, Լոռիում, Տավուշում, Սյունիքում, Արագածոտնում և այլ վայրերում: Թեև նշված դեպքերից շատերին Նախարարությունը տվել է համապատասխան արձագանք, այնուամենայնիվ, շատ դեպքերում ծառահատումները կրկնվել են վերոնշյալ նույն տարածքներում: Ավելին, 2014 թվականի ծատահատումների պաշտոնական ցուցանիշները չեն արձանագրում դրական զարգացում: Այսպես, դեռևս 2013 թվականին ապօրինի հատված ծառերի ընդհանուր քանակը կազմել էր 2031 հատ՝ 2012թ. տարվա 1860-ի դիմաց: Իսկ 2014 թվականին արձանագրվել է ապօրինի հատված 2114 ծառ: Նախարարության տվյալներով՝ ընդհանուր առմամբ ապօրինի ծառահատումների համար կազմվել է 480 վարչական տուգանքի որոշում` 35.300.000 ՀՀ դրամի և շրջակա միջավայրին պատճառված վնասի 405 ակտ` 177.860.000 ՀՀ դրամի: 2013 թվականի համեմատությամբ 2014 թվականին 141 դեպքով ավելացել են հայտնաբերված իրավախախտումները, իսկ հայտնաբերված իրավախախտումների հետևանքով շրջակա միջավայրին պատճառված վնասն աճել է 75.400.000 ՀՀ դրամով՝ ի համեմատություն 2013 թվականին արձանագրված 102.450.000 ՀՀ դրամի: Թեև ապօրինի ծառահատումները հետագայում կանխարգելելու համար 2015 թվականին Նախարարությունը նախատեսվում է ակտիվացնել ոլորտի վերահսկողությունը, այնումենայնիվ, 2012, 2013 և 2014 թվականներին արձանագրված ցուցանիշների վերլուծությունից պարզ է, որ խնդիրը դեռևս առկա է:

Առաջարկ. ձեռնարկել արդյունավետ կանխարգելիչ միջոցներ անօրինական ծառահատումների կանխման նպատակով, ինչպես նաև ուժեղացնել վերահսկողությունը հատկապես հատուկ պահպանվող տարածքներում անտառահատումների դեպքերը բացառելու նպատակով»:

Ապրիլ 15, 2015 at 15:11


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր