ԷկոԼուր
Ռուսաստանը մտավ կլիմայի փոփոխության գլոբալ գործընթացի քաղաքական հարթակ: Մինչև 2030 թվականը Ռուսաստանը պլանավորում է սահմանափակել ջերմոցային գազերի արտանետումները 70-75 տոկոսով 1990 թվականի մակարդակի համեմատ: Այս մասին հայտարարեց Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 28-ին` Նյու-Յորքում, ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 70-րդ նստաշրջանում ելույթի ժամանակ:
«Մարդկության ապագային սպառնացող մարտահրավերներից է նաև կլիմայի գլոբալ փոփոխությունը: Մենք շահագրգռված ենք ՄԱԿ-ի կլիմայական համաժողովի արդյունավետության հարցում, որը տեղի կունենա դեկտեմբերին Փարիզում: Մեր ազգային ներդրման շրջանակներում մինչև 2030 թվականը պլանավորում ենք սահմանափակել ջերմոցային գազերի արտանետումները 70-75 տոկոսով 1990 թվականի մակարդակի համեմատ: Սակայն առաջարկում եմ դիտարկել այս խնդիրը ավելի լայնորեն: Սահմանելով քվոտաներ վտանգավոր արտանետումների համար, օգտագործելով իրենց բնույթով այլ տակտիկական միջոցառումներ` մենք, մի գուցե, ինչ-որ մի ժամանակահատվածում կարողանանք նվազեցնել խնդրի վտանգները, բայց, իհարկե, արմատապես այն չենք լուծի», - ասաց ՌԴ նախագահը:
Նա նշեց, որ խնդիրն արմատապես լուծելու համար հարկավոր է ներդնել սկզբունքորեն նոր տեխնոլոգիաներ, որոնք թույլ կտան վերականգնել մարդու կողմից կենսոլորտի և ֆիզիոլորտի խախտված բալանսը: «Սա իսկապես մարտահրավեր է ողջ մոլորակի համար: Ես վստահ եմ, որ դրան լուծում տալու համար մարդկությունը ունի ինտելեկտուալ պոտենցիալ», - նշեց նախագահ Վլադիմիր Պուտինը:
Նա նաև հայտարարեց, որ Ռուսաստանը պատրաստ է հանդես գալ որպես կլիմայի փոփոխության խնդրի վերաբերյալ ֆորումի կազմակերպիչ ՄԱԿ-ի բարձր հովանու ներքո: «Առաջարկում ենք ՄԱԿ-ի բարձր հովանու ներքո ստեղծել հատուկ ֆորում, որտեղ համալիր կդիտարկենք խնդիրները՝ կապված բնական ռեսուրսների սպառման, շրջակա միջավայրի կործանման, կլիմայի փոփոխության հետ: Ռուսաստանը պատրաստ է հանդես գալ որպես նման ֆորումի կազմակեպիչ», - ասաց ՌԴ նախագահը:
Լուսանկարը վերցված է www.gazeta.ru կայքից:
Սեպտեմբեր 29, 2015 at 14:19