Շեկաղբյուրի հանքերևակման հայտը լրամշակման ուղարկելը հավասար է դրական եզրակացություն չունենալուն. ՀՀ բնապահպանության նախարար

Շեկաղբյուրի հանքերևակման հայտը լրամշակման ուղարկելը հավասար է դրական եզրակացություն չունենալուն. ՀՀ բնապահպանության նախարար

ԷկոԼուր

Շեկաղբյուրի ոսկի-բազմամետաղների հանքերևակման հայտը լրամշակման ուղարկելը հավասար է դրական եզրակացություն չունենալուն: Այս մասին ԷկոԼուր»-ին ասաց ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը 2017 թ-ի ամփոփիչ ասուլիսի ժամանակ: «Ուղարկել ենք լրամշակման, որը համազոր է այս պահին դրական եզրակացություն չունենալուն և չի լինելու այնքան ժամանակ, քանի դեռ օրենքով նախատեսված ամբողջ ընթացակարգի՝ հանրային լսումներ, հանրային լսումներում բարձրացված հարցեր, դրանց սպառիչ պատասխանները և այդ պատասխանների հիման վրա շրջակա միջավայրի վրա ազդեցության նվազագույնը ներկայացնելը չլինի: Մենք շարժվում ենք օրենքի տառին համապատասխան», - ասաց նախարարը:

Հիշեցնենք, որ Լոռու մարզի Շեկաղբյուրի հանքերևակման տարածքում բազմամետաղներ է ցանկանում որոնել «Միռամ» ՍՊԸ-ն: 2 անգամ ընկերության հայտի 2-րդ հանրային լսումները չեն կայացել տեղի բնակիչների բոյկոտի արդյունքում: ՀՀ բնապահպանության նախարարությունը ընկերության հայտը 2 անգամ վերադարձրել է լրամշակման:

Անդրադառնալով հարցին, թե արդյոք ազդակիր համայնքների բնակիչների կարծիքը բավարար հիմք չէ հայտը մերժելու համար, նախարարը պատասխանեց. ««Ոչ, ցավոք՝ ոչ, կամ բարեբախտաբար՝ ոչ: Ազդակիր համայնքի բնակիչների տեսակետը չափազանց կարևոր է, բայց շատ ավելի կարևոր են այդ բարձրացված հարցերի վերաբերյալ տրված պատասխանները կամ ներկայացված ծրագրերը, սցենարները: Եթե մասնագիտական եզրակացությամբ գալիս, հանգում ենք մի կարծիքի, որ նրանց բարձրացված հարցերը հիմնավոր են, այդ ժամանակ երկուսի կարծիքը համընկնում է և, բնականաբար, ենթակա է մերժման: Եթե բարձրացված հարցի պատասխանը լիարժեք չէ, պետք է պարտադրել այնքան, մինչև որ լիարժեք պատասխան ստանանք: Սա է ամբողջ հարցը, և եթե առաջին հայացքից բացասական արտահայտվող մարդկանց տեսակետը պետք է դնել հիմքում, այդ դեպքում պետք է չափման միավոր ունենալ: Իսկ ո՞րն է հանրային կարծիքը: Դա արդյո՞ք թվաբանական առումով տվյալ բնակավայրում բնակվող անձանց մեծամասնության կարծիքն է, թե՞ գործով շահագրգիռ կամ հետաքրքրված անձանց կամ մասնակցած անձանց մասնակիցների 50 պլյուս 1-ը: Ցավոք, այսօր չկա չափման միավոր: Հանրային կարծիք ասվածը պետք է չափման որոշակի ստանդարտ ունենա»:

Դեկտեմբեր 26, 2017 at 14:43


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր