

ԷկոԼուր
«2007 թվականի սեպտեմբերից մինչև 2011 թվականի հոկտեմբեր ամիսը «Սագամար» ՓԲԸ-ում մենք իրականացրել ենք մինչև 70 միլիոն ամերիկյան դոլարի ներդրում: 2011-2013 թվականներին նախատեսվում է ևս 23 միլիոն դոլարի ներդրում՝ ստորգետնյա հանքի կառուցման նպատակով»: «Նևա-Ռոս» ընկերության Հայաստանյան ծրագրի ղեկավար Կարեն Ղազարյանի այս հայտարարությունը նշված է «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի ձեռքբերումները 2007-2011 թվականներին» հաշվետվության մեջ: Փաստաթղթում նաեւ նշված է, որ 2011 թվականին «Սագամար» ընկերությունը գործարկել է Արմանիսի հարստացուցիչ կոմբինատը՝ ներդնելով ավելի քան 14.6 միլիոն ԱՄՆ դոլար: Կոմբինատի գործարկման նպատակով, ընկերությունը հիմնանորոգել է Ստեփանավան-Արմանիս ավտոճանապարհի 4 կիլոմետր երկարությամբ հատվածը: Ընկերությունում աշխատում է շուրջ 360 մարդ:
«Սագամար» ընկերությունը շահագործում է Արմանիսի ոսկու հանքավայրը, որը գտնվում է Ստեփանավանի հարեւանությամբ: «ԷկոԼուր»-ը բազմիցս ահազանգեր է ստացել, որ կոմինատի արդյունաբերական թափոնները լցվում են Ձորագետ գետը, իսկ հասարակայնության ներկայացուցիչներին թույլ չի տրվում մտնել կոմբինատի տարածք` տեսնելու ընկերության աշխատանքը եւ մոնիտորինգի ենթարկելու իրավիճակը, որպեսզի բարձրացվի «Սագամար» ընկերության գործունեության թափանցիկությունը: Նշենք, որ խնդրի առնչությամբ ՀՀ բնապահպանության նախարարությանն ուղղված «ԷկոԼուր»-ի ահազանգերին, նախարարությունից պատասխանել են, որ «Սագամար» ընկերությունը ընդգրկված է ՀՀ բնապահպանության նախարարության կողմից 2012թ. ստուգման ենթակա կազմակերպությունների ցանկի մեջ: Իդեպ, «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի ձեռքբերումները 2007-2011 թվականներին» հաշվետվության մեջ բնությանը պատճառված այս վնասի մասին ոչ մի խոսք չկա եւ ընդհանրապես Լոռու մարզի բնապահպանությանը նվիրված բաժինը բացակայում է:
Լուսանկարը` Ստեփանավանի Օրհուս կենտրոնի համակարգող Մանյա Մելիքջանյանի
Հունիս 13, 2012 at 17:27
